«Իրա համարով թուրք էր զանգել, ասեցի՝ Արա՛, ասեց՝ Արադ էլ չկա, զոհվել ա»․ Անյուտա Հայրապետյանը մինչ այսօր չի համակերպվում ամուսնու մահվան հետ

«Իրա համարով թուրք էր զանգել։ Հայերեն էր խոսում, մտածեցի՝ Արան ա զանգել, ասեցի՝ Արա՛, ասեց՝ Արադ էլ չկա, զոհվել ա»,- հուզմունքով պատմում է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված Արա Խաչատրյանի կինը՝ 42-ամյա Անյուտա Հայրապետյանը։

Պատերազմը լիովին փոխել է Անյուտա Հայրապետյանի կյանքը։ Պատերազմի հետևանքով նախ թողել է տունն ու այգին Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում ու, ամեն ինչ կորցրած, վարձով երեխաների հետո ապաստան գտել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։

Սակայն ամենից շատ Անյուտան ցավում է, որ պատերազմը խլել է սիրելի ամուսնուն։

«Մեր կյանքը էն վախտ շատ լավ էր դասավորված։ Ոչ մի բանի պրոբլեմ չունեինք, համերաշխ ապրում էինք, սիրուն, ակուրատնի, ինքն աշխատում էր, մենք՝ տան գործերով։ Չեմ կարող նկարագրեմ զգացողություններս, թե ոնց փոխվեց կյանքս պատերազմից հետո… Շատ դաժան ա, շատ տխուր ա…»- ասում է կինը: 

Անյուտա Հայրապետյանի ամուսինը՝ Արա Խաչատրյանը, պայմանագրային զինծառայող է եղել, պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, հոկտեմբերի 8-ին տուն է եկել, գիշերը նորից մեկնել դիրքեր՝ Ֆիզուլի։ Ֆիզուլիում էլ զոհվել  հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից․ «Սրտի կողմից մտել ա, հետևից դուրս եկել»,- ասում է կինը։

Անյուտան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին, որից հետո Արա Խաչատրյանի հեռախոսը դառնում է անհասանելի։

«Ասում էր՝ լավ ա, արխային, դու լավ մնա, էդքան։ Հոկտեմբերի 16-ի առավոտ՝ ժամը 9-ին, արդեն իմացա»,- հուզմունքով հիշում է կինը։

Անյուտայի խոսքով՝ ամուսնու զոհվելու մասին հայտնել է հակառակորդը, որն Արայի հեռախոսահամարով զանգել է իրեն․ «Իրա խոսելաձևից հասկացա, որ թուրք ա, պարզ հայերեն չէր խոսում։ Որ ասեց՝ Արան չկա, ես անջատեցի, վազեցի գյուղամեջ, հետո Արայի հոպարի աղջիկը իմ համարով զանգեց էդ համարին ու հայերեն խոսեց, էդ թուրքն ասում էր՝ պա ռուսկի գավարի։ Արդեն հասկացանք եղելությունը»,- ցավով պատմում է կինը։

Ամուսինը թեպետ զոհվել է հոկտեմբերին, սակայն դին գտնվել է 3 ամիս անց՝ փետրվարին։

«Իրա դին, այսինքն՝ ոսկորները, գտել ենք փետրվարին ԴՆԹ-ի միջոցով, հուղարկավորել ենք մարտի 8-ին»,- պատմում է կինը։

Անյուտան ասում է՝ մինչ այսօր էլ ոչ հավատում է, որ պատահածը իրականություն է, ոչ էլ համակերպվում նոր ու դաժան իրավիճակի հետ։

«Ես մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, ոչ դին ենք տեսել, ոչ բան, փակ դագաղ են տվել»,- ասում է նա։

Անյուտան ասում է, որ ամուսինը շատ նվիրված էր ընտանիքին ու շատ բարեհոգի: 


«Շատ ընտիր մարդ էր, էնքան լավ էր, որ իմ երկու երեխուն նստած պահեց, իրան երեխա չուներ, շատ նվիրված էր»,- կարոտով հիշում է կինը:

Անյուտան նշում է, որ հիմա միայն ուժ են տալիս երեխաները։ Ասում է, որ եթե Արցախում տուն տրամադրեն, ապա կգնա, կապրի երեխաների հետ:

«Հույս եմ տալիս ինքս ինձ, որ լավ կլինի։ Եթե տուն լինի, կգնամ Արցախ, չեմ վախենում, էսքանից հետո ի՞նչ ունեմ վախենալու»,- ընդգծում է Անյուտան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am