«Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը կաճի, ավիացիոն ոլորտը կաշխուժանա». Նավիկ Խաչատրյան

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որոնց հետևանքով եվրոպական շատ երկրներ արգելել են թռիչքները դեպի Ռուսաստան, ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանի ներկայացմամբ` կարող են նոր հնարավորություններ բացել Հայաստանի ավիացիոն ոլորտի համար: 

«Ռուսական ավիաընկերությունները, բնական է, իրենց օդանավերը չեն կանգնեցնելու «Շերեմետևո» օդանավակայանում, այլ փորձելու են նոր տեղեր փնտրել, գտնել, որպեսզի կարողանան թռչել: Որպես ստրատեգիական երկիր՝ կնախընտրեն առաջինը թռչել դեպի Երևան, թռիչքների հաճախականությունը կաճի, ուղևորահոսքը կաճի, ուղղակի ամեն ինչ պետք է հաշվարկված լինի»,- «Մեդիալաբին» ասում է Նավիկ Խաչատրյանը՝ փորձելով կանխատեսել՝ ինչ փոփոխություններ կարող են բերել պատժամիջոցները Հայաստանի ավիացիոն ոլորտին:

Նրա ներկայացմամբ՝ 2020 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում իրականացվող ավիափոխադրումների 70 տոկոսը պատկանում է Ռուսաստանին, 15 տոկոսը՝ Միջին Արևելքին, 15 տոկոսը դեպի Եվրոպա չվերթերին է բաժին ընկել: Արևմտյան պատժամիջոցների շրջանակում դեպի Եվրոպա թռիչքների արգելքը, փորձագետի կանխատեսմամբ, կարող է ավելացնել Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը:

Խաչատրյանի խոսքով՝ կա տարբերակ, որ այն չվերթերը, որոնք կատարում էին Մոսկվայից Եվրոպայով դեպի երրորդ երկիր, նույնը իրականացվի Երևանով դեպի նույն երրորդ երկիր: Ավիացիոն տերմինաբանությամբ դա կոչվում է 5-րդ ազատություն, երբ ուրիշ երկրի ավիափոխադրողը իր երկրից գալիս է, օրինակ՝ Հայաստան և տեղի ուղևորին տանում է այլ՝ երրորդ երկիր: 

«Դրա թույլտվությունը պետք է տա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կամ ՀՀ Կառավարությունը: Կարծում եմ՝ ռուսական կողմը կդիմի, և կստանան այդ թույլտվությունը: Հայաստանը՝ որպես անկախ երկիր, իր օդային սահմանի տերն է, մեզ դիմում է մեր ստրատեգիական գործընկերը, այս դեպքում՝ Ռուսաստանը, և հարցնում՝ թույլ կտա՞ս ես քո օդանավակայան իջնեմ, քո պոտենցիալ ուղևորներին վերցնեմ, թռչեմ երրորդ երկիր»,- ներկայացնում է Խաչատրյանը: Հայաստանի պատասխանը, փորձագետի խոսքով, դրական կլինի, քանի որ հակառակը կարող է ենթադրել քաղաքական խնդիրներ դաշնակից երկրի հետ: 

Այդ դեպքում, նա ասում է՝ ռուսական ավիաընկերությունը կարող է խանգարել մյուս ավիաընկերությունների աշխատանքին: Սակայն, ըստ փորձագետի, այդ հարցում էլ լուծում կարող է լինել՝ ավիաընկերությունները կփոխեն իրենց թռիչքների ժամային առաջարկները: 

«Սա կբերի թռիչքների, ուղևորափոխադրումների հոսքի աճին, բայց ուղիղ Հայաստանի բյուջե ֆինանսական հոսքերը շատ չեն լինի: Դրանից կօգտվեն «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը՝ Արգենտինան և «Աերոֆլոտը»: Միակ ֆինանսական ներհոսքը, որ կունենա Հայաստանը, նավիգացիոն ծախսերն են, որոնք կավելանան շատ չնչին չափերով»,- ընդգծում է փորձագետը: 

Խաչատրյանն ասում է՝ ավիացիոն ոլորտում Հայաստանի կառավարությունների քաղաքականությունն է՝ վերջնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հետևաբար ՀՀ քաղաքացին կարող է այդ փոփոխություններից օգուտներ ստանալ, օրինակ՝ հնարավորություն կունենա ընտրելու՝ որ ժամին, ինչպես թռչել, բացի այդ, մրցակցությունը կնվազեցնի ավիատոմսերի գները:

«Ենթադրում եմ՝ ավիացիոն ոլորտում աշխույժ տարի կարող է լինել, վստահ չեմ կարող ասել, որովհետև քաղաքական խնդիրներ էլ կարող են առաջանալ»:

Նկատենք՝ հայկական ավիաընկերությունների օդանավերի համար ԵՄ օդային տարածքը 2020 թվականից փակ է, քանի որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չէր անցել թռիչքների անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու աուդիտը, ինչի հետևանքով Հայաստանն այժմ սև ցուցակում է: Այս հանգամանքը, ըստ փորձագետի, սահմանափակում է հայկական ավիաընկերությունների հնարավորությունները: Այդուհանդերձ, Նավիկ Խաչատրյանն ասում է, որ դա վերջը չէ, և այս տարվա նոյեմբերին ստուգման մյուս փուլն է: 

«Այս անգամ եթե մերոնք ցույց տան ու վստահեցնեն, որ պատրաստ են նոր աուդիտի, ապա կնշանակվի աուդիտի նոր փուլ: Մերոնք պատրաստ կլինեն, և դրական պատասխանի դեպքում մենք սև ցուցակից դուրս կգանք, ու Հայաստանում գրանցված ավիաընկերությունները իրենց օդանավերով կկարողանան թռչել դեպի Եվրոպա»,-ասում է Խաչատրյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am