Խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին. ՀՀ վարչապետ

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ավելացրեց, որ հայկական կողմի առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին:

«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին:

«Մենք նախագծի վրա աշխատում են հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:

Մեր տեսլականը հետևյալն է՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական ու կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար:

Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ, ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն:

Ես կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր Կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»»,- ասաց Փաշինյանը: