COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 4 մլն 827 հազարից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 827 հազարը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 317 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 868 հազար 532 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 528 հազար 179 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 988 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 290 հազար 678 հաստատված դեպք: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է 8 հազար 926 վարակի նոր դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 722:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիային շրջանցած Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 242 հազար 313 է: Վարակից մահացել է 16 հազար 192 մարդ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 435, մահերինը՝ 31 հազար 908: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 569 է, մահացածներինը՝ 28 հազար 108:

Գերմանիայում 176 հազար 807 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 054 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 122 հազար 492-ի: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 2 հազար 294 վարակի նոր դեպք: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 057 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Վարակվածության ընդհանուր ցուցանիշով Չինաստանն առանձնանում է 82 հազար 954 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 701-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 33 հազար 969, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 358 է, մահացածներինը՝ 220:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 15 հազար 691-ի, մահացածներինը՝ 118-ի: Եգիպտոսում 12 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 630 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 404 վարակվածության, 123 մահվան դեպքով: Լիբանանում կա 911 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին

Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը կհատկացնի 2 միլիարդ դոլար առաջիկա երկու տարիներին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսից տուժած երկրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը հատկապես զարգացող երկրներում»,-հայտնել է Չինաստանի առաջնորդն Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովին, որն ընթանում էր տեսակապի միջոցով:

Ֆրանսիայում կան վարակի բռնկման նոր օջախներ

Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում: Յուրաքանաչյուր գործարանում վարակակիրներ են եղել մի քանի տասնյակ աշխատողներ:

Իսպանիայում կայուն ձևով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը, հասարակությունը և իշխանությունները  հասկանում են, որ դա հնարավոր եղավ բժիշկների անմնացորդ ջանքերի շնորհիվ, որոնց ուղղված շնորհակալությունները չեն դադարում: Վարչապետ Պեդրո Սանչեսը նշել է, որ մտադիր է այս շաբաթ կրկին դիմել խորհրդարանին վերջին անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար:

Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մասին:

Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Տասը հոգուց բաղկացած խումբը ախտահանել է շուրջ 15 հազար քմ տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այն ներառում է ոչ միայն հատակը, այլև ցանկապատը, հուշարձանները:

Հաշվի առնելով, որ տաճարում պահվող քանդակներն ու կահույքը մարդկության ժառանգությունն են, ախտահանումը կատարվել է հատուկ նյութերով ու միջոցներով՝ վնասելուց խուսափելու համար:

Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 225 հազար 435, մահացել է 31 հազարից ավելի մարդ:

«Czech Airlines»-ը հայտարարել է միջազգային թռիչքների վերսկսման մասին

«Czech Airlines» ավիաընկերությունը մայիսի 18-ից վերսկսել է միջազգային ուղևորափոխադրումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիրա Դուֆկովան:

«Երկուշաբթի օրվանից վերսկսվում են կանոնավոր թռիչքները Պրահան Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի հետ կապող ուղղություններով: Մայիսի 21-ից մենք կրկին կթռչենք Ստոկհոլմ, մայիսի 24-ից՝ Կիև, մայիսի 25-ից՝ Օդեսա և Բուխարեստ»,-ասել է նա: Նշվում է, որ թռիչքի ընթացքում ուղևորները և օդանավի անձնակազմը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Ինքնաթիռ մտնելուց և դուրս գալուց պարտադիր պետք է պահեն սոցիալական հեռավորություն:  

Թե երբ ավիահաղորդակցությունը կվերականգնվի Պրահայից դեպի ռուսական քաղաքների ուղղությամբ, դեռ հայտնի չէ:

Մայիսի 18-ի տվյալներով Չեխիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 8 հազար 475: Ընդհանուր առմամբ, վարակից մահացել է 298 մարդ, ապաքինվել է 5 հազար 462-ը:

«Apple»-ը հայտարարել է շուրջ 100 խանութի բացման և աշխատանքային նոր կարգի մասին

Ամերիկյան «Apple» ընկերությունը որոշում է կայացրել մայիսի 18-ից վերսկսել իր աշխարհի շուրջ 100 խանութի աշխատանքը: Խանութները փակվել էին համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ընկերության ավագ փոխնախագահ Դեիդրե Օ’Բրայենը:

«Աշխարհում մեր շուրջ 100 խանութ բացվում է սպառողների համար»,- նշել  նա:

Օ’Բրայենը հստակեցրել է աշխատանքային նոր կարգն առևտրի կետերում՝ կապված համավարակով պայմանավորված անվտանգության հարցերի հետ: Խանութ այցելողները պետք է լինեն դիմակներով, իսկ դրանց բացակայության դեպքերում աշատողները դիմակներ կտրամադրեն: Դրանից բացի, այցելուները կջերմաչափվեն, խանութներում կլինեն այնքան թվով սպառողներ, որոնց կարող են անհատապես սպասարկելաշխատողները:

Համավարակով պայմանավորված՝ ընկերությունը սկզբում իր խանութները փակել է Չինաստանում: Մարտի 14-ից որոշում է կայացվել դրանք փակել ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում:

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում COVID-19-ի տարածման տեմպի լուրջ նվազման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի կտրուկ նվազման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ նազում է նկատվում Միացյալ նահանգների ամբողջ տարածքում՝ չհաշված որոշ բացառություններ: Իսկապես, շատ լավ նորություն է»,- այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Թրամփը:

ԱՄՆ-ն շարունակում է վարակվածների թվով աշխարհում մնալ առաջին երկիրը, այստեղ հաստատված դեպքերի թիվը 1,5 մլն է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 281 հազար 752 դեպքով:

Ավելի քան 110 երկիր սատարում է Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու կոչին

Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը: Նա նշել է, որ աշխարհը ցանկանում է ստանալ ճգնաժամի հետ կապված հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից:

«Մեզ անհրաժեշտ է անկախ գնահատական այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, աշխարհը կարող է դասեր քաղել և քայլեր ձեռնարկել համաշխարհային առողջապահական համակարգի պաշտպանության համար»,- ասել է նա:

Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները, ընդհանուրը 116 երկիր: