Ուորլիքի նախաձեռնությունը ԼՂ հիմնախնդրի արժանապատիվ կարգավորման վերջին հնարավորությունն է

Ուորլիքի նախաձեռնությունը ԼՂ հիմնախնդրի արժանապատիվ կարգավորման վերջին հնարավորությունն է
Ուորլիքի նախաձեռնությունը ԼՂ հիմնախնդրի արժանապատիվ կարգավորման վերջին հնարավորությունն է

Aravot.am-Հարցազրույց արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ.  ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ:

– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթից անմիջապես հետո Դուք հանդես եկաք առաջին գնահատականներով` դրական որակելով թե ելույթի փաստն ինքնին, թե փաստաթղթի բովանդակային մասը: Հայաստանից ու Ադրբեջանից արձագանքների պակաս չզգացվեց, ադեկվա՞տ էին դրանք:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթով մայիսի 7-ին ներկայացվել է ԱՄՆ պաշտոնական տեսակետը, իսկ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես եկան հայտարարությամբ եւ ճշգրիտ կրկնեցին համանախագահող երկրների նախագահների Լ՚Աքվիլայի հայտարարության դրույթները:

Դեսպան Ուորլիքի ներկայացրած հավասարակշռված սկզբունքները որոշ նոր՝ մեզ համար ձեռնտու տարրեր են պարունակում եւ ամբողջովին համապատասխանում են ՀՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարված ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին՝ պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի ԼՂ բնակչության եւ սահմանների անվտանգությունը, ԼՂ-ն պետք է ունենա ընդհանուր սահման Հայաստանի հետ: Հայաստանը պետք է նպաստի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացմանը եւ հայտարարի, որ պատրաստ է Ուորլիքի սկզբունքների հիման վրա սկսել մեծ համաձայնագրի, «ճանապարհային քարտեզի» վրա աշխատանքները:

Այսպիսի քաղաքականության որդեգրումն ու հետեւողական իրականացումը Հայաստանի եւ ԼՂ-ի համար նորից ռուսական կայսրության կազմում հայտնվելուց խուսափելու թերեւս վերջին հնարավորությունն է: Այլընտրանքը կլինի արդեն իսկ հայտարարված պուտին-դուգինյան ռուսական ծրագիրը, ըստ որի` Մոսկվան դառնում է ԼՂ հիմնախնդրի միակ կարգավորող` չեզոքացվում է ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը, եւ Հայաստանի փոխարեն ՌԴ-ն է բանակցում Ադրբեջանի հետ:

ՌԴ-ն Ադրբեջանին արդեն ներկայացրել է իր այդ առաջարկները՝ հրաժարվել Արեւմուտքի հետ քաղաքական, էներգետիկ սերտ համագործակցությունից, վերադառնալ ռուսական քաղաքական եւ տնտեսական վերահսկողության տարածք, համաձայնվել ռուսական ռազմական ներկայությանն Ադրբեջանում (սա ՌԴ-ի թիվ 1 նպատակն է), եւ դրա դիմաց Մոսկվան պատրաստ է Բաքվին հանձնել ԼՂ-ն ու ԼՂ-ի շուրջ բոլոր տարածքները: Կրեմլի այս պլանները Պուտինի նեոկայսերական քաղաքականության շրջանակներում են ԼՂ հակամարտությունում առաջացրել են նոր իրավիճակ եւ լուրջ սպառնալիք հակամարտության բոլոր կողմերի՝ ԼՂ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի շահերի դեմ:

Չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն դա գիտակցում է, եւ գուցե դրանով էր պայմանավորված ԱԳ նախարար Մամեդյարովի արձագանքը, որով նա ոչ միայն շեշտեց, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել դեսպան Ուորլիքի նշած սկզբունքների հիման վրա, այլեւ պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է միջազգային խաղաղապահ գործողություններին, ինչին մշտապես դեմ է եղել Իլհամ Ալիեւի իշխանությունը: Ադրբեջանն, ըստ էության, ընդունելով Ուորլիքի առաջարկները՝ փոխեց մինչ այս ունեցած իր դիրքորոշումը՝ վերականգնել Status quo ante bellum (մինչ պատերազմը գոյություն ունեցող իրավիճակ), որով Բաքուն համարում էր, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին վերադարձնի այն, ինչ կորցրել է Ադրբեջանը իր իսկ նախաձեռնած պատերազմում:

– Հնարավոր միջազգային խաղաղապահ գործողության մասին ի՞նչ կասեք: 

– Միջազգային խաղաղապահ գործողության իրականացմանը չպետք է մասնակցեն ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, ո՛չ հարեւան պետությունները, կամ պարզ ասած՝ պիտի բացառվեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Խաղաղապահ գործողությունում պետք է բացառվի նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի` որպես կազմակերպությունների մասնակցությունը: Չորս հիմնական հարցեր կան, որոնք բավական բարդ համաձայնեցման փուլ դեռ պետք է անցնեն համանախագահող երկրների միջեւ` ո՞ր երկրները պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնեն, ի՞նչ լիազորություններով, մանդատով է իրականացվելու խաղաղապահ առաքելությունը, ո՞ր երկիրն է ստանձնելու հրամանատարությունը, եւ երկրների զորքերն ինչպե՞ս են տեղաբաշխվելու: Ներկայիս ՌԴ-Արեւմուտք գերլարվածության պայմաններում շատ բարդ է այս խնդիրների շուրջ համաձայնության հասնել, բայց ոչ անհնարին, եթե հակամարտության կողմերի համար գերակայողը սեփական պետականության ու ժողովրդի շահերն են ու արժանապատիվ խաղաղությունը:

 – Ո՞րն է ավելի ձեռնտու մեզ՝ Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը: 

– Ուորլիքի նախաձեռնությունը եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները: Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր եւ համաձայնագիր, ինչպես նաեւ տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ «կարգավորման ուղիներ» եւ «զինված հակամարտության դադարեցում»: 1997-ին եռանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր» ամբողջական համաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում: Ուորլիքի նախաձեռնության եւ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել, երբ Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն` «ճանապարհային քարտեզ», որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձեւակերպումներ, ժամանակացույց: Դա լուրջ, բարդ ու շատ պատասխանատու բանակցություններ են, մանրակրկիտ ձեւակերպումներ, քանի որ «սատանան մանրուքների մեջ է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/16/460667/