Մեռնող գործիքներ. քամանաչայի, թառի և այլ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մարում է` «փող աշխատելու համար պիտանի չեն»

Մեռնող գործիքներ. քամանաչայի, թառի և այլ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մարում է` «փող աշխատելու համար պիտանի չեն»
Մեռնող գործիքներ. քամանաչայի, թառի և այլ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը մարում է` «փող աշխատելու համար պիտանի չեն»

16-ամյա Տիգրան Գալստյանը ձեռքն է վերցնում իր սիրելի երաժշտական գործիքը՝ թառը, նստում աթոռին, ոտքերը խաչում իրար ու, ժպիտը դեմքին, սկսում նվագել: Նրա բարակ մատների շարժումներից թառի լարերն արձակում են «Յաման յար» ժողովրդական երգի հնչյունները, այնուհետև հաճելի մեղեդայնությամբ տարածվում ողջ դահլիճով մեկ: Տիգրանը խոստովանում է, որ առաջ երբեք չի պատկերացրել իրեն թառ նվագելիս, բայց արդեն 7 տարի է, ինչ հաճախում է թառի դասընթացների Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և խոստովանում է, որ ուզում է թառահար դառնալ:
«Ես դաշնամուրի էի գնում ու սիրում էի դասական երաժշտություն, իսկ ժողովրդական ընդհանրապես չէի լսում: Դաշնամուրի դասատուս ինձ մի օր ասեց, որ լավ կլինի փոխեմ ժողովրդական գործիքի դասարան: Ես էլ փոխեցի թառի խումբ: Հենց սկզբից էլ հեշտ էր սովորելը: Հիմա շատ-շատ եմ սիրում թառ նվագել»,- ասում է Տիգրանը, ում համար թառը դարձել է անբաժանելի ու ամենասիրելի գործիքը:
Չնայած ՀՀ երաժշտական դպրոցներում ու մշակույթի նախարարությունում հավատացնում են, որ բոլորը ջանքերը գործի են դրվում ազգային նվագարանների հանդեպ երեխաների ու երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դիմողների թիվը այնքան էլ շատ չէ:
«Հիմնականում մենք ենք երեխաներին ուղղություն տալիս, որ դիմեն ազգային նվագարանների բաժին: Այսօր, եթե երեխաներին ավելի շատ բերում են կիթառի կամ դաշնամուրի, մենք ասում ենք, որ ազգային նվագարաններից, օրինակ՝ ուդը, մեզ շատ պետք է, քանի որ անսամբլը կա, բայց այդ գործիքը չկա: Ու երբ ծնողն ու երեխան համաձայնվում են, գալիս են, մեկ տարվա մեջ երեխան բավականին լավ արդյունքների է հասնում»,- ասում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ազգային նվագարանների համույթի ղեկավար և քանոնի ուսուցչուհի Նարինե Զաքարյանը:

Արդեն 5 տարի սանթուրի հաճախող 13-ամյա Վահե Հովհաննիսյանն ուրախ է, որ երաժշտական դպրոց ընդունվելիս մանկավարժների խորհրդով ընտրել է սանթուրի դասարանը:

Մինչդեռ խոստովանում է, որ ընդունվելիս չգիտեր անգամ, թե ի՞նչ տեսք ունի սանթուրը:

«Ես պետք ա դաշնամուրի գայի, բայց ինձ ասացին, որ սանթուր նվագողներ քիչ կան ու ավելի լավ ա` սանթուրի գնամ: Ես չգիտեի էլ` սանթուրն ինչ գործիք ա, ոչ տեսել էի, ոչ էլ: Սկզբից շատ դժվար էր ինձ համար սովորել, բայց հիմա հեշտ ա, ու շատ եմ սիրում էս գործիքը: Ամեն օր տանը մեկուկես ժամ ես ինքս պարապում եմ»,- ասում է Վահեն՝ ընկերների հետ զբաղեցնելով իր տեղը համույթի մյուս սաների կողքին և մեծ ոգևորությամբ սկսելով նվագել:

Քամանչայի, ուդի, սանթուրի, թառի, դուդուկի, քանոնի ու ազգային մյուս նվագարանների հնչյունները 7-16 տարեկան աշակերտների ձեռքերի հմտությամբ վերածվում են ազգային հայտնի մեղեդիների՝ «Ուրմեցիների պար», «Հունձ», որոնց հարազատ ելևէջները տարածվում են դահլիճով մեկ:

Երեխաներն ավելի են ոգևորվում իրենց կատարումներից՝ ջանք չխնայելով լավագույնս վարպետություն դրսևորելու համար, իսկ համույթի ղեկավարն ընթացքում դիտողություններ է անում ու գոհունակություն արտահայտող հայացքով սաներին նայում:

Համույթի ղեկավար Նարինե Զաքարյանը նշում է, որ սերը ազգային նվագարաների հանդեպ մեծ մասամբ երեխաներին է փոխանցվում նաև նրանց ընտանիքներից, ուր կամ սիրում են ազգային երաժշտությունը, կամ երաժշտական կրթություն ունենալով` բարձր են գնահատում այն:

Նա նշում է, որ այսօր դպրոցում ազգային նվագարանների բաժին է հաճախում շուրջ 70 երեխա:

«Ես երկու տարի է, ինչ քամանչայի եմ գալիս ու ինքս եմ ծնողներիս ասել, որ ինձ բերեն: Մեր գյուղում մի քանի անգամ տեսել եմ` ոնց ա տատիկիս քեռին քամանչա նվագում, ու շատ եմ հավանել: Ես ուզում եմ քամանչա նվագող դառնալ»,- ասում է 10-ամյա Էրիկ Հովհաննիսյանը:

Ազգային նվագարանների բաժնում սովորելուց հետո երեխաների մեծ մասը ցանկություն է հայտնում մասնագիտանալու այդ ուղղությամբ, սակայն մանկավարժները նշում են, որ ազգային նվագարաններից երեխաները նախապատվությունը մեծ մասամբ տալիս են դուդուկին, քանոնին ու շվիին:

«Շատ հազվադեպ է, որ իրենց ցանկությամբ գան թառի, ուդի, քամանչայի, բլուլի, իսկ դուդուկի ու քանոնի գալիս են, ընդունվում, որովհետև փող աշխատելու համար դուդուկն ավելի պիտանի գործիք է, դե, աղջիկների համար էլ` քանոնը»,- ասում է «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար, թառահար Հովիկ Սահակյանը:

Նա նշում է, որ ազգային նվագարանների նկատմամբ հետաքրքրության պակասը պայմանավորված է երաժիշտների, ուսուցիչների ու դասախոսների ցածր աշխատավարձով:

«Ծնողները տեսնում են, թե դասատուներն ինչ վիճակում են, և չեն ուզում իրենց երեխաներն էլ այդպես ապրեն»,- ասում է նա:

Հաշվի առնելով տարեցտարի ազգային նվագարանների հանդեպ մարող հետաքրքրությունը` դեռևս 2007-ից ՀՀ բոլոր մարզերի և Երևանի երաժշտական դպրոցներում մշակույթի նախարարությունը սկսել է իրականացնել «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը՝ անվճար ուսման հնարավորություն ընձեռելով երեխաներին:

2007-ին 134 երաժշտական դպրոցի հատկացվել է 1993 անվճար տեղ, իսկ 2009-ից մինչ օրս 144 դպրոցի տարեկան հատկացվում է 2443 տեղ, որից 2082-ը՝ ազգային, 100-ը՝ լարային և 261-ը՝ փողային նվագարաններին:

Մանկավարժները նշում են, որ սկզբնական շրջանում մշակույթի նախարարության կողմից այս ծրագրի իրականացումը որոշակի ակտիվություն մտցրեց դիմորդների շրջանում: Սակայն այսօր կրկին պասիվություն է նկատվում:

«Ծնողներ կան, որոնք գումար չունեն, և մենք նրանց երեխաներին ուղղորդում ենք ժողովրդական նվագարաններ, որտեղ պետպատվերով տեղեր կան, սակայն միևնույն է, այսօր ուդը, սանթուրը, քամանաչան, թառը, ցավոք, մեռնող գործիքներ են: Մենք անցյալ տարի բացել ենք, օրինակ՝ ուդի ու սանթուրի դասարան, որոնք պետպատվերով են, բայց ունենք ընդամենը 2 երեխա յուրաքանչյուր դասարանում»,- ասում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանը և հավելում, որ դուդուկի խմբում 20 աշակերտ ունեն:

Սարգսյանը մատնանշում է, որ ազգայինը պահելու համար պետք է փոխվի երաժշտին գնահատելու երևույթը և վճարման համակարգը:

«Որովհետև շատ է պատահում, որ երեխաները ոգևորվում են, գալիս են, հաջողակ են, լավ երաժիշտ պետք է դառնան ու կեսից թողնում են: Մեծ տարիքում գիտակցում են, որ սա չի կարող իրենց ապագան լինել»,- հավելում է Սահակյանը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am