«Խորհրդարանը որևէ սյուրպրիզ մեզ չի մատուցելու. քաղաքական մեծամասնությունը անելու է իր գործը»․ Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, վերջին շրջանում կարծեք թե ապատեղեկատվության հոսքը կտրուկ նվազել է: Արդյոք դուք արձանագրե՞լ եք այդպիսի փաստ, թե՞ ոչ, եթե այո, ապա դա ինչի՞ հետևանք է, և արդյոք հայհոյանքը քրեականացնելուն ուղղված փոփոխություններն ազդելո՞ւ են էլ ավելի դաշտը մաքրելու վրա:

-Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, որ արձանագրել եմ ապատեղեկատվության նվազման գործընթաց: Միգուցե քաղաքական իրավիճակը մի փոքր այլ է, քան նախընտրական փուլում, որը այլ քաղաքական օրակարգեր է թելադրում, իսկ քաղաքական օրակարգերը Հայաստանում անմիջապես արտացոլվում են նաև լրատվամիջոցների բովանդակության վրա:

Միգուցե այստեղ է տարբերությունը, բայց հստակ արձանագրել, որ ապատեղեկատվությունը նվազել է, ես չեմ կարող: Եթե համեմատում ենք նախընտրական շրջանի հետ, ապա, այո՛, փոխադարձ մեղադրանքները տարբեր քաղաքական ուժերի միջև նաև ուղղորդվում էին այնպիսի տեղեկություններով, որոնք վիճելի են կամ կասկած են հարուցում, կամ իրոք չեն համապատասխանում իրականությանը: Այսօր մի փոքր այլ իրավիճակ է:

Ինչ վերաբերում է հայհոյանքը քրեականացնող փոփոխությանը, ապա դա որևէ մեծ նշանակություն չի ունենալու այն բառամթերքի վրա, որն օգտագործվում է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և ընդհանրապես հանրային կյանքում, քանի որ այդ բառամթերքն ընտրվում է մարդկանց կողմից՝ ոչ թե հետևելով օրենքներին, այլ կոնկրետ իրավիճակին:

Հենց տարբեր ուժեր ներկայացնող քաղաքական գործիչներն են Հայաստանում, որ գեներացնում են ծայրահեղ, անպարկեշտ վիրավորանքը, և դա տարածվում է նաև հանրության մեջ: Այսինքն՝ եթե ուզում ենք, որ այդ անցանկալի բովանդակությունը չլինի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, ապա պետք է առաջին հերթին համապատասխան վարքագիծ դրսևորեն քաղաքական գործիչները և, ընդհանրապես, հանրային գործիչները: Նրանցից է կախված՝ որևէ բան փոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Բայց հաստատ ո՛չ օրենքներից:

– Այսինքն՝ ապատեղեկատվության առումով դեռևս որևէ շոշափելի արդյունք և փոփոխություն չի՞ նկատվում:

– Ես չեմ կարող որևէ հստակ բան ասել դրա վերաբերյալ, քանի որ ուսումնասիրություններ չենք իրականացրել, իսկ տպավորությունների առումով կարող եմ ասել, որ, այո՛, փոխվել է քաղաքական ընդհանուր միջավայրը Հայաստանում, որը պայմանավորված է նրանով, որ մենք ունեինք նախընտրական շրջան, հիմա ունենք հետընտրական շրջան:

Դրանք որակապես տարբեր ժամանակահատվածներ են, որոնք ենթադրում են նաև տեղեկատվական միջավայրի փոփոխություն:

– Նոր խորհրդարանն արդեն երեք օր է՝ սկսել է աշխատանքները, բայց կարծեք թե փոխադարձ վիրավորանքների և մեղադրանքների պակաս չկա: Ընդհանրապես, ի՞նչ սպասել այս խորհրդարանից այս առումով: Արդյոք հայհոյանքներից զերծ կլինի՞ նոր ԱԺ-ն:

– Կարծում եմ՝ խորհրդարանը որևէ սյուրպրիզ մեզ չի մատուցելու: Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունն անելու է իր գործը, այսինքն՝ ընդունելու այն որոշումները, որոնք պետք է ընդունի՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ վերաբերմունք կդրսևորի այդ որոշումների ու նախագծերի վերաբերյալ:

Ենթադրում եմ, որ ընդդիմությունը հարցերի մեծ մասի դեպքում համաձայն չի լինելու, քննադատելու է, բայց ոչ մի բան չի կարողանալու փոխել: Բնականաբար, այս մթնոլորտը, երբ մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև չկա իրական համատեղ աշխատանք, պարբերաբար բերելու է նաև առճակատումների և փոխադարձ մեղադրանքների: Այսինքն՝ պետք է սպասենք այն, ինչ ենթադրվում էր անմիջապես այն բանից հետո, երբ իմացանք ընտրությունների արդյունքները:

-Ընդհանրապես օրենսդրական կարգավորումներով հնարավո՞ր է քաղաքական հարաբերությունների մշակույթը կարգավորել, զերծ մնալ հայհոյանքից ու վիրավորանքից: Օրենսդրական խստացումները յուրահատուկ զսպաշապիկ կարո՞ղ են լինել, թե՞ յուրաքանչյուրը պետք է ինքն իր վրա աշխատի, փոխի իր հռետորաբանությունը:

– Օրենսդրությունը ընդամենը գործիքներից մեկն է, և միայն օրենսդրության փոփոխությամբ, բնականաբար, արդյունք չի կարող լինել: Պետք է լինի ընդհանուր քաղաքականություն, որն իր մեջ ներառում է և՛ օրենսդրությունը, և՛ քաղաքական գործունեության էթիկան, և՛ ինքնազսպվածությունը, ինքնավերահսկողությունը քաղաքական գործիչների կողմից, ինչը տարածվելու է անմիջապես ամբողջ հանրության վրա: Այսինքն՝ եթե լինի այդպիսի քաղաքականություն և այդ քաղաքականության շուրջ քաղաքական վերնախավի համաձայնություն, ապա արդյունք կունենանք:

Եթե այդ համաձայնությունը և հստակ մշակված քաղաքականությունը չլինեն, ընդամենը ընդունվեն օրենքներ, որոնք իմիջիայլոց, շատ դեպքերում իրենց հայեցակարգով հակասում են իրենց, ապա միամտություն կլինի հույս ունենալ, որ օրենքները ինչ-որ բան զսպելու են:

– Այսպիսի փոփոխություններով քաղաքական գործիչները փորձում են ինքնապաշտպանվե՞լ հայհոյանքից:

-Մտադրությունը, համենայնդեպս, այդպիսին է, քանի որ այդ նախաձեռնությունները գալիս են քաղաքական մեծամասնության կողմից: Այո՛, ես կարծում եմ, որ դրանով նրանք փորձում են ինքնապաշտպանվել և իրենց համար ավելի բարենպաստ տեղեկատվական միջավայր ձևավորել:

Մանե Հարությունյան

MediaLab.am