«Դատավորն ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան՝ Բաղրամյան 26». Սեդրակ Բաղդասարյան

«Դատավորն ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան՝ Բաղրամյան 26». Սեդրակ Բաղդասարյան
«Դատավորն ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան՝ Բաղրամյան 26». Սեդրակ Բաղդասարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

– Պարո՛ն Բաղդասարյան, իրացման գոտիների բնակիչներին իրենց տներից զրկելու գործով դուք փորձում եք արդարության հասնել: Գիտենք, որ վերջին շրջանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տարբեր գրություններ եք ուղարկում պետական մարմիններ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով արդարությունը վերականգնել, պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահին: Կմանրամասնե՞ք՝ ի՛նչ քայլեր եք իրականացնում:

– Մեր պահանջը մեկն է՝ արդարությունը պետք է վերականգնվի: Ես ուզում եմ հետադարձ հայացք ձգել այս գործընթացի վրա, որ այնպիսի տպավորություն չլինի, թե Երևանի կենտրոնի բնակիչները ագահ էին, որոշել էին հնարավորինս շատ գումար պոկել կառուցապատողներից:

Կոնկրետ ես ծնվել ու մեծացել եմ Երևանի կենտրոնում, և ում հետ ես շփվել եմ, Կենտրոնի բնակիչներից որևէ մեկը դեմ չէ, որ Երևանը զարգանա ու գեղեցկանա: Այն ժամանակ ծրագրերի իրականացման գրասենյակի պատճառաբանությունն այն էր, թե տները պետք է քանդվեն, քանի որ մարդիկ ապրում են կռիսանոցում, դա իբր սազական չէ պետությանը:

Եթե մեր տները քանդում էին, փոխարենը՝ բնակարաններ կառուցում, եթե դա իրոք գերակա հանրային շահ էր, ապա ինչո՞ւ բնակիչը չէր կարող նույն վայրում բնակարան ստանալ, ո՞րն էր նրա մեղքը:

– Այսինքն՝ կարող էին մարդկանց հետ պայմանագրեր կնքել և հետագայում նրանց, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի տարածքում տներ տայի՞ն:

– Այո՛: Ինձ համար շատ զարհուրելի է այն հանգամանքը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը: Եվ կրիմինալ անցյալ ունեցող, Սահմանադրությունը չհարգող, մարդու արժանապատվությունը ոտնահարող մարդուն պաշտոնավարման ավարտից հետո առանձնատուն են տալիս: Ես ապշած եմ. ի՞նչ լավ գործերի համար եք պալատներ տալիս հանցագործին, ինչո՞ւ եք խրախուսում: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժողովրդի մեջ սերմանեց կաշառակերությունը, ոտնահարում էր քաղաքացիների իրավունքները, այսօր կռիվ է տալիս, որ իրեն քառահարկ առանձնատուն տան:

Ես՝ Երևանում ծնված-մեծացած քաղաքացիս, ով ոչ մի խախտում չի արել, որոնք արել են այդ երկու նախագահները, զրկվել եմ Երևանի կենտրոնում ունեցած իմ տնից: Ես հարց եմ տալիս. Սերժ Սարգսյա՛ն, դու նամուս ունե՞ս: Երբ Սերժ Սարգսյանը դեռ վարչապետ էր, մեր ձեռքը սեղմեց և խոստացավ, որ նախագահ դառնալու դեպքում մեր հարցը կլուծի: Ես ուզում եմ հասկանալ՝ իմ երեխաներն ի՞նչ մեղք էին գործել, որ արդեն 14 տարի է՝ վարձով են ապրում:
Ես նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, այլ մարմիններ: Փաստեր եմ ներկայացրել, թե ինչ հանցագործություններ են կատարվել Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում: Ցավոք, առ այսօր վարչապետից արձագանք չեմ ստացել: Ես հասկանում եմ, որ ամեն ինչի համար ժամանակ է պետք, բայց ապշած եմ, որ երբ այդպիսի նյութ եմ ուղարկում վարչապետին, նրա մոտից այդ նամակը գնում է կադաստր:

Ես հասկանում եմ, որ պարոն վարչապետը ժամանակ չունի, որ կարդա, բայց գոնե տեսնեն, թե ո՛ւր են ուղարկում այդ նամակը: Վարչապետը հայտարարել է, որ արդարությունը պետք է վերականգնվի, բոլոր գողացված գումարները պետք է հետ բերվեն, ես էլ իմ նամակում առաջարկներ եմ արել նրան:

– Իսկ ինչպե՞ս պետք է լուծվի արդարության վերականգնման հարցը, և ձեր ո՞ր առաջարկություններն եք կարևորում:

– Քաղաքացիների նկատմամբ նախագահի հանցագործության հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով ՀՀ բյուջեից իրացման գոտիների բնակիչներին վճարվել է ավելի քան 700 հազար եվրո փոխհատուցում: Գուցե մեկն ասի՝ էդ ի՜նչ  փող է որ Սաշիկի 30 մլն դոլարի դիմաց: Բայց 700 հազար դոլարով մենք զինվորի համար փամփուշտ կարող էինք գնել: Ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը օտարեց կենտրոնի բնակիչների տները, որ քաղաքը սիրո՞ւն լիներ:

Նա մեր կողմից նկարված «Օտարում» ֆիլմում ասում էր՝ հզո՜ր է, հզո՜ր: Նրա պատկերացումը դա էր:

Երբ Ռոբերտ Քոչարյանը Երևան եկավ, նա չէր պատկերացնում, թե Երևանն ինչ քաղաք է, նա չէր պատկերացնում, որ այս քաղաքն ունի իր պատմությունը, մշակույթը: Չի կարելի պատմամշակութային հուշարձանը քանդել, փոխարենը բետոնե շենք կառուցել ու ասել՝ հզո՜ր է: Այն փաստը, որ ինքը կատարել է հանցագործություն, այլևս չի էլ քննարկվում: Այսօր խոսվում է նրա ահռելի ունեցվածքի մասին: Իմ առաջին առաջարկը հենց դրան է վերաբերում: Երևանի կենտրոնից տեղահանվել է շուրջ 5000 բնակիչ:

Պետք է ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել, չեմ ասում՝ դա բոլորին պետք է վերաբերի, բայց այն մարդիկ, ովքեր տուժել են, և դրա իրավական հիմքերը կան, պետք է փոխհատուցում ստանան: Պետք է հանձնաժողովին կից ստեղծվի հիմնադրամ՝ «Քոչարյանից տուժածներ» կամ «Պետական կարիքներից տուժածներ» անվանումով, որտեղ կբերվեն Քոչարյանի, նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջոցները:

Դավիթ Հարությունյանն էր ապահովում Քոչարյանի իրավական դաշտը, նա քաղաքացուն ասում էր՝ դու դիմիր ՄԻԵԴ, ես խնդիր չունեմ, բայց հաշվի առեք, որ ես կլինեմ ձեր հակառակորդը: Այդ մարդկանց՝ միլիոնների հասնող գույքը պետք է աճուրդով վաճառվի կամ բռնագանձվի, գումարները հավաքվեն հիմնադրամում, այդ գումարի մի մասը պետք է ուղղվի տուժած բնակիչների արդարացի իրավունքների վերականգնմանը, մի մասը՝ բյուջեին պատճառված վնասի վերականգնմանը: Խոսքն այն 700 հազար եվրոյի մասին է, որը հատուցվել է ՄԻԵԴ-ի վճիռների համար, իսկ մյուս մասը պետք է ուղղվի երկրի զարգացմանը:

– Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել., որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Երևանի կենտրոնի բնակիչների իրավունքները համատարած խախտվել են:

– Իհարկե, դա փաստ է: Հյուսիսային պողոտայի մասին դեռևս 2006 թվականին իր գնահատականը տվել է Սահմանադրական դատարանը, այդ գործողությունները ճանաչել է հակասահմանադրական: Բայց այդ որոշումից հետո բնակիչներից որևէ մեկի իրավունքը չի վերականգնվել:

Կառավարության հովանու ներքո Հայաստանում կատարվել է սև փողերի լվացում, կոռուպցիա: Ես մի օրինակ բերեմ. կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ առանց մրցույթի հողամասեր են տրամադրվել կառուցապատողներին: Ինչո՞ւ առանց մրցույթի, եթե ասում են՝ բացառիկ գերակա հանրային շահի համար է այդ գործը, ինչո՞ւ մրցույթ չէր հայտարարվում:

Յուրայիններին էին ներգրավում այդ աշխատանքներում, փողերը բերում էին ուրիշ տեղից, այստեղ լվանում էին: Ռոբերտ Քոչարյանը մի հանդիպման ժամանակ իմ տիկնոջն ասել էր՝ չէ՞ որ ձեզ ինչ-որ մի բան տվեցինք: Ես ծնվել եմ քաղաքի կենտրոնում, ունեի սեփական տուն՝ իր հողամասով, ինձ երկրի նախագահն ասում է՝ ձեզ ինչ-որ բան տվեցին:

– Հույս ունե՞ք, որ կառավարությունը կլսի ձեր առաջարկները, ընթացք կտա դրանց:

– Ես Եվրադատարանում իմ գործը շահել եմ, վճիռը կոչվում է՝ «Սեդրակ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»: Եվ ես հաղթել եմ: Եթե այն ժամանակ կարողացել եմ հաղթանակի հասնել, ապա այսօր նախադրյալ տեսնում եմ, որ պետք է այդ հարցը լուծվի:

Ի վերջո, ժամանակն է, որ այս խայտառակությանը վերջ տրվի: Ես գտնում եմ, որ մեր նոր կառավարությունը մի քանի ոլորտներում՝ մարդու իրավունքների, սեփականության ոտնահարման, պետք է որոշում կայացնի, տեղի ունեցածին քաղաքական գնահատական տա: Նույնը պետք է արվի Երևանի պատմամշակութային հուշարձանների քանդման հարցում: Պետք է այդ ամենին տալ քաղաքական գնահատական, ինչը ցույց կտա, որ արդեն գիծ ենք քաշել, նախորդ գործելաոճն այլևս չի լինի: Լուծման օրինակներից մեկը ես ցույց տվեցի:

Այսօր սխալ կլինի, եթե իրացման գոտիների բնակիչներն ասեն՝ պետական բյուջեից պետք է մեզ փոխհատուցեք մեր խախտված իրավունքների համար:

– ՄԻԵԴ-ի վճիռներից հետո նաև մասնագիտական շրջանակներում հարց էր առաջանում, որ պետք է պատժել դատավորներին, ովքեր ժամանակին սխալ վճիռներ են կայացրել: Նաև կային առաջարկներ դատավորների գրպանից փոխհատուցման գումարը գանձելու մասին: Սա կարո՞ղ էր արդյունավետ գործել:

– Դատավորները բոլորը վախենում էին: Դատավորն ինձ ասում էր՝ ես 60 հազար դոլար եմ տվել էս աթոռի համար, եթե հիմա քո օգտին վճիռ կայացնեմ, էս աթոռից կզրկվեմ: Մի դատավոր էլ ասաց՝ ինչե՜ր ես խոսում, քո օգտին վճիռ կայացնե՞մ, ինձ կկանչեն կզարան: Ես չհասկացա, հարցրեցի՝ որտե՞ղ է կզարանը, ասաց՝ Բաղրամյան 26-ում: Կզարան՝ դրանք դատավորի խոսքերն են: Դա խոսում է այն մասին, որ Քոչարյանի ժամանակ բոլորը կզած են եղել: Ոչ մի դատավոր իր մեջ ուժ չունեցավ իրացման գոտիների բնակիչների օգտին վճիռ կայացնելու, և գործերը գնացին Եվրոպական դատարան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am