«Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Իրանից չհնչեց մեր կողմից սպասելի հայտարարություն, որովհետև մեր դիվանագիտությունը կաղում է». իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, ՌԴ և Իրանի նախագահների հեռախոսազրույցում Հայաստանի համար կարևոր կետեր կայի՞ն, որոնք կողմերը քննարկման առարկա էին դարձրել:

-Թերևս ամենահետաքրքրող ու կարևոր հատվածն այն էր, որ Իրանը կրկին շեշտել էր տարածաշրջանի պետությունների սահմանների անփոփոխության խնդիրը, ինչն անմիջականորեն վերաբերում է նաև Հայաստանին: Խոսակցություն էր եղել նաև Հարավային Կովկասում համագործակցության մասին, սակայն դրա վերաբերյալ մանրամասներ չհաղորդվեցին:

Ճիշտ է, համագործակցության մասին խոսակցություն շատ կա, բայց իրականում լուրջ համագործակցություն նկատելի չէ. Ռուսաստանը փորձում է սեփական ուժերով լուծել բոլոր խնդիրները:

-Իրանական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքի հետ կապված:

– Ադրբեջանի սադրանքի ու ծավալապաշտական գործողությունների վերաբերյալ Իրանում եղավ արձագանք արտգործնախարարի մամուլի խոսնակի կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ երեկ հնչեցին հավասարակշռված հայտարարություն, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման կոչեր, այսինքն՝ չհնչեց այնպիսի հայտարարություն, որը մեր կողմից սպասելի էր: Պաշտոնական արձագանքները սրանով սահմանափակվեցին, իսկ մյուս արձագանքներն ավելի շատ սոցցանցային էին, որոնց անդրադառնալու հարկ, կարծում եմ՝ չկա:

– Պարո՛ն Միսակյան, երբ Իրանն անընդհատ խոսում է, թե գոյություն ունեցող սահմանների փոփոխությունն իր համար անընդունելի է, ապա ինչպե՞ս է վերաբերվում, օրինակ՝ Սյունիքի մարզում ստեղծված նոր իրավիճակին, ադրբեջանական անցակետեր կան տեղադրված: Սա ՀՀ սահմանների փոփոխություն չի՞ համարում:

– Եթե Գորիս-Կապան ճանապարհին անցակետեր տեղադրելու ու նման խնդիրների մասին եք ասում, ապա պետք է նկատել, որ մեր՝ հայկական կողմից, կարելի է ասել, չկա պահանջ այդ հատվածների վերաբերյալ, այսինքն՝ եթե մենք հայտարարում ենք, որ դա Ադրբեջանի տարածքն է, ապա Իրանի ցանկացած հայտարարություն կամ գործողություն անիմաստ է այս պարագայում: Հաշվի առնելով նաև այն, որ Իրանի ու Բաքվի միջև լարվածությունը կա՛մ սառեցված է, կա՛մ հաղթահարված, ինչպես նշում են Իրանի պաշտոնյաները, ապա Իրանը չի արձագանքելու ճանապարհի այդ հատվածի մասով:

Ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, եթե միջազգային հարթակներում համապատասխան աշխատանք տարվի, ապա կարելի է որոշակի պրոհայկական արձագանքներ սպասել, բայց դատելով նրանից, որ գրեթե բոլոր միջազգային խաղացողներն աղավաղված ու ոչ կողմնակալ հայտարարություններ արեցին, կարող ենք ասել, որ մեր դիվանագիտությունը կաղում է այս փուլում:

Իրանը, կարծես, Բաքվից որոշակի խոստումներ կամ համաձայնություն է ստացել ինչ-որ առումներով ու կենտրոնացել է Արևմուտքի հետ բանակցային գործընթացին ու այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Հարավային Կովկասին, եթե, իհարկե, ադրբեջանական կողմը չշարունակի երեկվա սադրանքները:

– Խոստումներ կամ համաձայնություն ասելով ի՞նչ նկատի ունեք:

– Իրան-Ադրբեջան օրակարգը մի քանի խնդիրներ է ներառում: Նախ՝ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Իրանին սահմանակից Արցախի բռնազավթված տարածքներում, մյուսը՝ Թուրքիայի ռազմական ներկայությունն է, հաջորդը՝ տարանցման հետ կապված խնդիրները:

Եթե տարանցման հետ կապված խնդիրների շուրջ ներկայումս Իրանի ու Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում, ու ինչ-որ առաջընթաց կա, ապա Իսրայելի ու Թուրքիայի հետ կապված, որքան էլ Ադրբեջանը խոստումներ տա, չի կարող այդ երկու պետության ազդեցությունը կամ դրանց հակաիրանական գործունեությունը չեղարկել, ինչը հետագայում նորից կհանգեցնի Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ երբ Իրանն ասում է, թե չի հանդուրժելու տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն, հիմնականում նկատի ունի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդքան քննարկվող Զանգեզուրի միջանցքը, այսինքն՝ իրանական կողմն ամեն գնով դեմ է միջանցքի տրամադրմանը:

– Երբ Իրանը խոսում է այդ մասին, ավելի շատ նկատի ունի հենց իրեն սահմանակից պետություններին: Այս առումով դա վերաբերում է հայ-իրանական սահմանին և հենց այդ Զանգեզուրի միջանցք կոչվող ծրագրին, այսինքն՝ եթե Գեղարքունիքի կամ Տավուշի մարզում սահմանային որոշակի փոփոխություններ լինեն, իրանական կողմն այդքան կտրուկ չի արձագանքի, որքան Սյունիքի պարագայում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am