«Ալիևի հայտարարությունն ամենևին չի նշանակում, թե իրենք կողմ են կառուցողական կարգավորմանը կամ խաղաղությանը»․ ադրբեջանագետ

Տարոն Հովհաննիսյան
Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կրկնում են նրա՝ ավելի վաղ արված հայտարարությունները, և որևէ տարբերություն չկա հռետորաբանության մեջ։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Իրենք փորձում են շարունակել բոլոր հնարավոր մակարդակներում ճնշում գործադրել Հայաստանի վրա, այդ թվում՝ ռազմագերիների, սահմանների, կոմունիկացիաների հարցում։ Եվ միևնույն ժամանակ փորձում են ներկայացնել, թե իրենք կողմ են տարածաշրջանային համագործակցությանը, խաղաղ գոյակցությանը, բայց՝ իրենց պայմաններով։ Իսկ իրենց պայմանները ոտնահարում են Հայաստանի և Արցախի շահերը»,- նշում է Տարոն Հովհաննիսյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն ու Երևանն սկսել են քննարկել տրանսպորտային հաղորդակցության վերսկսման հարցերը, ինչը շրջադարձային կետ կարող է դառնալ տարածաշրջանում իրավիճակի համար։

«Մենք արդեն բանակցային գործընթաց ենք սկսել Հայաստանի հետ հաղորդակցությունների բացման շուրջ։ Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբողջությամբ փակելու համար։ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունն ամենևին չի նշանակում, թե իրենք կողմ են կառուցողական կարգավորմանը կամ խաղաղությանը։ «Դա նշանակում է, որ իրենք իրենց ագրեսիային զուգահեռ փորձում են իրենց որպես այդպիսին ցույց տալ միջազգային խաղացողների մոտ»,- հավելում է Հովաննիսյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ Ադրբեջանի առաջնային նպատակն այս փուլում Սյունիքով ճանապարհն ստանալն է՝ իրենց համար ցանկալի պայմաններով։

«Հետևաբար, կարծում եմ՝ բոլոր մակարդակներում նաև հնարավոր բոլոր խաղաքարտերն օգտագործում են այդ հարցում զիջումներ կորզելու համար»,- նշում է նա։

Տարոն Հովհաննիսյանն ասում է, որ քանի դեռ կա շահերի բախում, դա նշանակում է, որ միշտ լինելու է կոնֆլիկտ։

«Իսկ այդ շահերի բախումն ակնհայտորեն կա, և ակնհայտորեն կա ոչ միայն մեր կողմից։ Պարտությունից հետո մեզ համար բավական աննպաստ պայմաններով համաձայնություններ են եղել։ Եվ հասկանալի է, որ ինչ-որ մի օր դա պետք է ինչ-որ կերպ դրսևորվի։

Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը ոչ միայն չի բավարարվում այդ ամենով, այլ նաև շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել։ Եվ այս ամենը ենթադրում է, որ շահերի բախումը կա, շարունակվում է, հետևաբար, հակամարտությունը կա։ Ինչ-որ իրավիճակներում այդ կոնֆլիկտը կարող է դարձյալ ունենալ ագրեսիվ դրսևորումներ»,- ընդգծում է նա։

Հավելենք, որ Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող։

Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս զորավարժությունները ևս փաստում են Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի մասին։

«Եվ սա ցույց է տալիս, որ իրենք չեն հրաժարվելու այդ պահվածքից։ Դա կլինի հայտարարությունների թե գործողությունների մակարդակով, նայած որ պահին ինչի հնարավորությունը կունենան՝ նաև հաշվի առնելով միջազգային խաղացողների դիրքորոշումը և ցանկությունները»,- ասում է Տարոն Հովհաննիսյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am