Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը ՌԴ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն: 

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում

Հրապարակման մեջ նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարարը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:

Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: