ՄԻՊ-ը՝ Նուբարաշենի միջադեպի մասին․ արձանագրվել են մարմնական վնասվածքներ և պնդումներ անհամաչափ ուժի մասին


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին ստացված ահազանգի հիման վրա արագ արձագանքման խումբ է այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու ազատությունից զրկված անձանց նկատմամբ բռնության պնդումների իսկությունը։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում», — նշվում է Պաշտպանի հայտարարության մեջ։

Պաշտպանի հանձնարարությամբ հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ, որը «տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով» հանդիպումներ է անցկացրել։

«Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ», — նշվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները արձանագրել են նաև ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքներ, և հաստատել են, որ ցուցաբերվում է բժշկական օգնություն։

«Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն։ Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են։ Դրանց կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից»,— ասվում է հայտարարությունում։