«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն ընտիր, դաստիարակված մարդ է, փորձ եւ վաստակ ունի, օժտված է բարձր ինտելեկտով եւ պրոֆեսիոնալիզմով: Դա ասում եմ ոչ միայն գործընկերոջս գովելու համար, այլեւ փաստելու, որ նա կոոպերատիվ բուհը նոր ավարտած աղջնակ կամ պատանի չէ, որոնց մասին երկուշաբթի օրը խոսում էր ՀՀ նախագահը: Հիշեցնեմ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց իմ դիտարկմանը, որ ԱԺ գործարար պատգամավորները մեծ մասամբ անկիրթ են եւ անգրագետ: Պարզապես, ըստ նախագահի, խորհրդարանում աշխատող լրագրողները բավականաչափ արհեստավարժ չեն ու չեն կարողանում բացահայտել այդ պատգամավորների իրական մտավոր ունակությունները, նրանց հետ լուրջ խոսակցություն ծավալել: Եվ ահա այդ ասուլիսին հաջորդած երկու օրերին Մհեր Արշակյանը ամենայն հարգանքով եւ նրբանկատությամբ փորձում է կյանքի կոչել գործարար պատգամավորների թաքնված տաղանդները ի հայտ բերելու ծրագիրը: «Ա1+»-ի կայքում դուք կարող եք դիտել, թե ինչով են ավարտվել այդ փորձերը: ՄԱՊ-ի Ալիկը եւ ՍԱՍ-ի Արտակը երկու օր շարունակ կոպտորեն մերժեցին գոնե երկու նախադասություն ասելու առաջարկը, Պլակատի Աներձագը դա արեց ավելի քաղաքավարի, Նավոն եւ Շմայսը ավելի բարի գտնվեցին եւ մտավոր մեծ ճիգերի շնորհիվ կարողացան 1-2 նախադասություն արտասանել, որոնք, սակայն, առանձնապես ամփոփ մտքեր չէին պարունակում: Կարո՞ղ ենք մենք այստեղից ենթադրել, որ այն մարդիկ, ովքեր հրաժարվել են տեսախցիկների առջեւ խոսել, նրանք Նավոյի եւ Շմայսի չափ էլ չկան: Բացառված չէ, իհարկե, որ նրանք հարցազրույց տան որեւէ թերթի կամ կայքի (առանց տեսագրության), բայց դա «հաշիվ չէ». փողը կտան որեւէ գրագետ մարդու, որն այնպիսի խորը մտքեր կվերագրի նրանց, որ Սոկրատեսն էլ կնախանձի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/21/217453/
22.03.2013