Գեղարքունիքի մարզի բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի 32-րդ առաջնությունում

Հունիսի 8-ից 18-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի բազկամարտի առաջնությանը Հայաստանի հանրապետության հավաքականի կազմում մասնակցել են նաեւ Գեղարքունիքի մարզի երկու ներկայացուցիչ եւ տուն վերադարձել ոսկե մեդալներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, առաջնությանը մասնակցել են  31 երկրի 900 մարզիկ։ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր է ներկայացել 40 մարզիկով։ Գեղարքունիքի մարզը ներկայացրել  են Արման Մրտեյանը եւ Ջանիբեկ Ղազարյանը։

Արման Մրտեյանը հանդիսանում է Եվրոպայի քառակի չեմպիոն եւ աշխարհի կրկնակի բրոնզե, կրկնակի արծաթե մեդալակիր։ Նա 60 կիլոգրամ  քաշային կարգում ձախ եւ աջ ձեռքով գրավել է 1-ին տեղը, իսկ Ջ. Ղազարյանը գերծանրքաշային կարգում ձախ ձեռքով՝ 3-րդ, աջ ձեռքով՝ 1-ին տեղը։

«Ջանիբեկ Ղազարյանը հանդիսանում է միջազգային մրցաշարերի հաղթող, աշխարհի փոխչեմպիոն, SUPERMATCH-ի կրկնակի չեմպիոն եւ արդեն՝ Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ։

Այս տարվա հունիսի 9-ին կայացան մրցավարական սեմինարները, որտեղ Ջանիբեկը ցուցադրեց գերազանց արդյունք եւ ստացավ միջազգային կարգի մրցավարի որակավորում։ Ջանիբեկը նաեւ Արմանի անձնական մարզիչն է։ Ի դեպ, Արմանի 18 տարին արդեն  լրացել է, ուստի  այժմ նախապատրաստվում է 23 տարեկանից բարձր տարիքի մարզիկների մրցապայքարին, որտեղ եւս ակնկալում ենք նոր հաղթանակներ»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։