Ի վերջո՝ դուրս գա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ

Հարցը վերջին օրերի հայ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի ամենաքննարկվողն է։ Եթե ընդամենը մի քանի օր առաջ գոնե ինձ համար հարցը չուներ հստակ պատասխան, ապա վերջին օրերին եղել են որոշակի քաղաքական բնույթի փոփոխություններ, որոնք չի կարելի չնկատել, բայց ամեն ինչի մասին հերթով։

ՀԱՊԿ-ը հայ իրականության մեջ նույնքան հեղինակազրկված կառույց է, որքան հեղինակազրկված է Ռուսաստանը՝ որպես վստահելի ու հավատարիմ դաշնակից։ ՀԱՊԿ-ի անիմաստությունը ու Հայաստանի պետական շահերին օգտակար չլինելը այդպիսով հիմնավորման կարիք չունեն, դրանք այլևս ինքնին հասկանալի փաստեր են, բայց դա, ինչպես հաճախ է լինում՝ ճշմարտության միայն կեսն է։ 

Մյուս կեսն իրականում ավելի կարևոր է ու ավելի վտանգավոր։ Երբ ես գրում եմ ՀԱՊԿ-ի մասին, դուք հասկացեք Ռուսաստան, պարզից էլ պարզ է, որ դա նույն միավորն է։ Հիմա Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը չէ, այլ նաև դրա հիմնական սպառնալիքն է։ 

Բացատրեմ՝ միջանցքային տրամաբանության ու միջանցքային խոսույթի ամենահզոր շահառուն հենց Ռուսաստանն է։

Ռուսաստանն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ներառել է կոմունիկացիաների բացման շրջանակում Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհի՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից վերահսկելու դրույթը։ 

Ռուսաստանն է, որ այնուհետև այդ կետը կոնկրետացնելով՝ դարձրել է այն Մեղրիով անցնող, երկու կողմից ցանկապատված, առանց թունելների ու էստակադների հնարավորության ու ռուսական լիակատար վերահսկողության տակ գտնվող «ճանապարհ», որն իրականում արդեն հենց միջանցք է։ 

Երբ Հայաստանը չի համաձայնվում այս ճանապարհը տրամադրելուն, Ռուսաստանի թեթև ձեռքով սկսում են ճնշումներ ու հարձակումներ Հայաստանի վրա, որոնք ունեն մեկ նպատակ՝ ստիպելու Հայաստանին դնել այդ ստորագրությունը։ 

Նախկինում իրավիճակն անելանելի էր, ու հարկավոր էր խոսույթը ձևավորել իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու տրամաբանության մեջ, դա էր հուշում սթափ բանականությունը և ռեալ պոլիտիկը, սակայն վերջին օրերի ընթացքում, ինչպես արդեն ասվեց, եղան որոշ փոփոխություններ։

Միացյալ Նահանգները հանդես է եկել Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն մեկնարկելու հստակ նախաձեռնությամբ։ Այո՛, խոսքն այս փուլում դեռևս միայն քաղաքական երկխոսության մասին է։ Չկա ոչ մի երաշխիք, որ այդ խոսակցությունը կդառնա քաղաքական պայմանավորվածություն, որն էլ իր հերթին կբերի անվտանգային երաշխիքներ։ Բայց կա՛ նման հնարավորություն։

Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ մնալու պարագայում կա երաշխիք, որ կամ Հայաստանը կստորագրի միջանցքային տրամաբանությունը, կամ կստանա աղետալի նոր պատերազմ։ Դա երաշխավորված է։ ԱՄՆ-ի պարագայում կա հնարավորություն (իրականում դեռ շատ մշուշոտ ու թույլ) խուսափելու այդ երաշխավորված ապագայից։ 

Փաստացի Հայաստանն արդեն իսկ հակադրվել է Ռուսաստանին միջանցքային տրամաբանության մեջ, ու ադրբեջանական վերջին հարձակումները Հայաստանի արևելյան սահմանների վրա, ուղեկցված ռուսական կրավորական կեցվածքով, դրա ապացույցն էին։ Խնդիր էր դրված Հայաստանին պատժելու կամ ստիպել ստորագրելու։ 

Հիշենք նաև, թե ինչպես կասեցվեցին այդ հարձակումները՝ մեր պետական այրերի պնդմամբ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Փաստացի վիճակն արդեն նետված է՝ Հայաստանն արդեն հակադրվել է ՀԱՊԿ-ի տիրոջը՝ Ռուսաստանին, ու ստացել էպիզոդիկ աջակցություն Նահանգներից։

Եվ ուրեմն հարցը հետևյալն է՝ Հայաստանը աշխատելու է միայնակ ու երաշխավորված կերպով տապալվելո՞ւ է, թե՞ գոնե փորձելու է դաշնակիցներ ձեռք բերել։

Տիկնայք և պարոնայք իշխանավորներ, ՀԱՊԿ-ում մեզ այլևս պահում են միայն ձեր վախերը, և չկա որևէ ողջամիտ բացատրություն կամ տրամաբանական հենարան ՀԱՊԿ-ում մնալու օգտին։ 

Սկսեք ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, այլապես պատմությունը ձեզ այլևս երբեք չի ների։

Արեգ Քոչինյան

MediaLab.am