ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ-ի մեկուսացված անձնակազմի մասին ներկայացնում ենք ստորեւ։
«Հարգելի քաղաքացիներ,
Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված Կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:
Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:
Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։
Խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաէրոնավիգացիայի աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և իհարկե բարձր պատասխանատվության համար»։