«Քովիդի տարածման աճ է նկատվում, բայց աճի տեմպերն ավելի նվազ են, քան նախկինում». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, Վրաստանում քովիդից նախորդ օրը 60 մարդ է մահացել։ Վրաստանում համաճարակային իրավիճակն ավելի ու ավելի է բարդացել։ Ինչքանո՞վ է ճիշտ Վրաստան տուրեր կազմակերպելը, սահմանը բաց թողնելն այս իրավիճակում։

– Վրաստանում օրական արձանագրվում է 2000-2500 դեպք, մեզ մոտ՝ օրական 250-300, բայց սա կապված է նրա հետ, թե քանի հետազոտություն ենք իրականացրել։ Այս թվերով խոսել աճի տեմպերի մասին, չի կարելի։ Ավելին՝ մենք տեսանք, թե Վրաստանում սահմանները բացվել-փակվելուց հետո ինչ տեղի ունեցավ։ Ես վաղուց էի ասում, որ Վրաստանում ոչ թե իրավիճակը վերահսկելի էր, այլ պարզապես փակել էին երկիրը, դրա համար վարակը չէր տարածվում։ Իսկ հիմա, երբ սահմանները բացել են, վարակն արագ տարածվում է։

Եվ եթե հիմա մենք սահմանները փակենք, մի՞թե հետո վարակը չի տարածվելու։ Եկեք Հայաստանի Հանրապետությունը պատնեշենք, և որևէ մեկին չթողնենք ո՛չ դուրս գալ, ո՛չ ներս մտնել։ Այս դեպքում, այո՛, իրավիճակը կկայունանա, բայց դրանից իրավիճակը չի փոխվի։ Որոշ ժամանակ անց նորից կբացենք, և իրավիճակը նորից նույնը կլինի։ Փառք Աստծո, այսօր մեր առողջապահության համակարգն ամբողջությամբ պատրաստ է իր վրա վերցնելու։

Այն ժամանակ օրական 50 տոկոս էին հետազոտությունների ժամանակ հայտնաբերված դրական դեպքերը, այսօր այդ տեմպը 5-6 տոկոսի միջակայքում է տատանվում։ Եվ հետազոտվածների կեսը վարակված է այս հիվանդությամբ, և առողջապահության համակարգը կարողացավ դիմակայել և պատվով դուրս գալ այդ իրավիճակից։

Բացի այդ, կան ցուցիչներ, ճիշտ է՝ աճ նկատվում է, բայց այդ աճը կտրուկ չէ։ Այսինքն՝ եթե համաճարակաբանական տեսանկյունից դիտարկում ենք ամբողջ հանրապետությունում իրավիճակը, վիրուսը փորձում է ճնշում գործադրել հանրային առողջության վրա և արագ չի տարածվում։ Աճի տեմպերը ավելի նվազ են, քան նախորդ ժամանակներում։ Վերջապես որոշակի անընկալության շերտ է առաջացել, քանի որ ամբողջ բնակչությունն արդեն մեկ անգամ հիվանդացել է։ Վերջին ամիսներին մեծ թվով վարակվածության աստիճան ունեինք, և հիմա այդ մարդիկ որոշ չափով անընկալություն են ձեռք բերել այս հարուցիչի նկատմամբ։

– Վիրուսը գնում է մուտացմա՞ն։

– Այո՛։ Բացում ենք գրականությունը և տեսնում, որ «Պֆայզեր» պատվաստանյութը 90 և ավելի տոկոսով նաև կանխարգելում է դելտա հարուցիչը, «Մոդեռնան»՝ 75 տոկոսով և այլն, և եթե պատվաստանյութերը փոխակերպվող շտամների նկատմամբ ստեղծում են որոշակի անընկալություն, հիվանդացած-լավացածն էլ է գրեթե նույն ճանապարհով անցնում։

– Հայաստանը տարածաշրջանում ամենացածր ցուցանիշն ունի պատվաստվածների թվով, միայն պետական համակարգում են պատվաստվածները 53 տոկոսի հասնում։

– Պատվաստվածները Հայաստանում մոտ 7 տոկոս են կազմում։ Եթե մենք Իսրայելից ավելի «բանիմաց և առաջադեմ» ազգ ենք, կարող ենք և չպատվաստվել։ Իսրայելն այսօր պատվաստվածների 80 տոկոս ծածկույթ է ապահովում, ԵՄ պետություններում պատվաստման ցուցանիշը մոտավորապես 70 տոկոսի է հասնում։

Ամբողջ աշխարհում պատվաստվում են, մենք ասում ենք՝ չենք պատվաստվում, դե մի՛ պատվաստվեք։ Պետք է ի վերջո հասկանալ՝ սա համաշխարհային խնդիր է, հայկական չէ, մեր սարը չի, մեր գինին չի, սա համաշխարհային աղետ է, որին պետք է դիմակայել տարբեր մեթոդներով։

– Դուք նշեցիք, որ պատվաստումն օգնում է դելտա շտամին, մինչդեռ կան մասնագետներ, որ հակառակն են պնդում։

– Դելտա շտամին օգնում է։ Տեսեք՝ ռիսկային խմբերը գրիպի սեզոնին ամեն տարի պատվաստվում են, սա էլ օդակաթիլային վիրուս է, որը գնալու է, գալու է, մինչև վերջանա։ Պետք է տեսնել՝ առաջադեմ աշխարհը ինչ է անում։ Շատ պարզ է, բոլորը պատվաստվում են, քանի որ մտահոգված են իրենց առողջությամբ։

Այլ երկրներում գումար են տալիս, գնում են պատվաստանյութ, մեզ մոտ անվճար է, բայց կա հակաքարոզչություն, որ չպատվաստվեն։

– Վարչապետը նշել է, որ մեկ շաբաթում նախորդ շաբաթվա համեմատ վարակվածների 35 տոկոս աճ ունենք։ Ինչի՞ կհանգեցնի վարակի տարածման նման տեմպը։

– Վարչապետի ասած թվերը չեմ մեկնաբանում։

Մանե Հարությունյան

MediaLab.am