Ի՞նչ սպասել Պողոս Պողոսյանի գործի վերաբացումից. «Ես շատ վատ եմ պատկերացնում, որ Քոչարյանը կգա կասի՝ ես եմ հրաման տվել»

Տարիներ առաջ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի հարվածներից մահացած Պողոս Պողոսյանի գործի վարույթը վերսկսելու համար առնվազն երկու հիմնավոր հիմքեր կա։ Այս մասին «Մեդիալաբին» ասաց Պողոս Պողոսյանի իրավահաջորդ, նրա եղբորորդի Սամվել Պողոսյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ 

«Այդ հիմքերից մեկը Սթիվեն Նյուտոնի ցուցմունքն է, որը նորություն է եղել, թեպետ Նյուտոնը նոր բան չի ասել։ Բայց քանի որ նա նախկինում հարցաքննված չի եղել, անկախ նրանից, ինքն ինչ է ասել, ամեն ասածը նորություն է։

Երկրորդ հիմքը փորձաքննության եզրակացությունն է, որն ի տարբերություն նախորդ փորձաքննության՝ տվել է եզրակացություն, որ հնարավոր չէր, որ անձն իր կանգնած դիրքից ընկնելու պայմաններում ստանար այդ մարմնական վնասվածքները, որ կյանքի ու առողջության հետ լինեին անհամատեղելի»,- «Մեդիալաբին» ասում է Հարություն Բաղդասարյանը։

Այսինքն՝ ըստ նրա՝ նոր ցուցմունքն ու նախկինում փորձագետի տված կեղծ եզրակացությունը հիմքեր են նոր երևան եկած հանգամանքներով գործի վարույթը վերսկսելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020 թ. հունվարի 17-ին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002 թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

Եվ ահա 2020 թ. հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրած որոշմամբ բավարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանի ներկայացրած բողոքը՝ բեկանել դատարանի 2002 թ. փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Միաժամանակ, դատարանի որոշմամբ այս գործով մեղադրյալ Աղամալ Հարությունյանի (մականունը՝ Կուկու) նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացի 43-ամյա Պողոս Պողոսյանը սպանվել էր 2001 թվականին ՝ «Առագաստ» սրճարանում, ըստ ականատեսների, այն բանից հետո, երբ այնտեղ գտնվող Ռոբերտ Քոչարյանին դիմել էր՝ «Պրիվետ, Ռոբ»։

Բրիտանացի Սթիվեն Նյուտոնը, ով այդ օրը եղել էր սրճարանում և կանխել ծեծկռտուքը, հեղափոխությունից հետո եկել էր Հայաստան ու կատարվածի մասին ցուցմունք տվել իրավապահներին։

Նյուտոնը տեսել էր, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին։

Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք վկայում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին:

Այսինքն՝ ըստ դատախազության, ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է, և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:

Այս գործով, հիշեցնենք, 2002 թվականին երկու տարի պայմանական ազատազրկման էր դատապարտվել Քոչարյանի թիկնազորի պետ Աղամալ Հարությունյանը։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ դատարանից իրենք դեռևս չեն ստացել գործի քննությունը վերսկսելու հիմքերը։ Բայց ենթադրվում է, որ դատարանը հաշվի է առել է վերոնշյալ երկու հիմքերը, որոնցից մեկը Նյուտոնի ցուցմունքն է։

Փաստաբանն անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ ապացույցներ կան, որ գործի վարույթը վերսկսելու դեպքում հնարավոր կլինի ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով են նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի ենթարկել Պողոս Պողոսյանին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան։

«Այդ մասին խոսելը բարդ է, որովհետև տվյալ դեպքում ամբաստանյալի հարցաքննություն չի իրականացվել։ Այդ ամբողջի պատասխանը կարող է տալ առաջին ատյանի դատարանը, երբ արդեն ամբաստանյալը կհարցաքննվի նոր մեղադրանքի շրջանակներում։ Եթե նախկինում առաջադրված մեղադրանքը եղել է անզգուշությամբ մահ պատճառելը, ապա այսօրվա Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով է արդեն վերաորակվում։ Թեև դատախազն ասում է՝ խուլիգանական դրդումներով կատարված հանցագործություն, այսինքն՝ 104-րդ հոդվածի 2-րդ մաս, 10-րդ կետ, բայց, իմ պատկերացմամբ՝ նաև մի խումբ անձանց կողմից կատարված հանցանքի հոդվածը պետք է կիրառվի։ Կոնկետ պետք է հաշվի առնել մեր բերած այն փաստարկը, որ Պողոս Պողոսյանի ստացած բազում մարմնական վնասվածքները հնարավոր չէր մեկ անձի կողմից հասցնել»,- ասում է Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ մեղադրանքի ծավալն այս առումով կփոխվի։

Ինչ վերաբերում է հարցին՝ հանցագործությունը կատարած անձինք ինքնագլո՞ւխ են դա արել, թե՞ հանձնարարություն կամ հրաման են կատարել, փաստաբանի խոսքով, դրա վերաբերյալ այսօր որևէ ապացույց չունեն։

«Իմ տեսակետն այն է, որ այդ մարդիկ ինչ-որ հանձնարարություն են կատարել, բայց դա ապացուցման կարիք ունի։ Եվ ասեմ՝ հեշտ ապացուցվող հարց չէ դա։ Ես շատ վատ եմ պատկերացնում, որ Քոչարյանը կգա կասի՝ ես եմ հրաման տվել, կամ էլ թիկնազորի անդամները նրա դեմ ցուցմունք կտան։ Ենթադրում եմ, որ դա ապացուցելը շատ դժվար է լինելու»,- նշում է Հարություն Բաղդասարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am