«Ամոթալի խայտառակություն». հասարակական գործիչներն` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման օրենքի

ԱԺ կողմից «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրինագծերի ընդունման վերաբերյալ մի խումբ հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ` որակելով տեղի ունեցածը որպես «ամոթալի խայտառակություն»:
Հիշեցնենք, որ օրենքն այսօր ԱԺ-ում ընդունվել է  69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ եւ ըստ այդ փոփոխությունների Հայաստանում կբացվեն օտարալեզու դպրոցներ:
«Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբևէ պայքարել են Հայաստանի ազատության և անկախության համար:

Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետևորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար: Սա տևական պայքար և մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար»,-նշել են հայտարարության հեղինակները, որի տակ ստորագրել են Լևոն Բարսեղյանը, Ավետիք Իշխանյանը, Սոնա Այվազյանը, Արթուր Սաքունցը եւ  Վարուժան Հոկտանյանը:

© Medialab.am