Ադրբեջանական լրատվամիջոցներին զայրացրել է Երևանում ԻԻՀ դեսպանի այցը ՀՀ Գեղարքունիքի մարզ․ Իրանցի փորձագետ

Օգոստոսի 3-ին Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղեյնի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: 

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ այցի ժամանակ Իրանի դեսպանը ևս մեկ անգամ կրկնել է միջազգային սահմանների վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հարգել միջազգային սահմանները և տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Վերին Շորժայի սահմանային հատվածում գտնվող բարձունքները Հայաստանի պետական սահմանի մասն են կազմում և վերջին ամիսներին հարձակման են ենթարկվել ադրբեջանական ուժերի կողմից:

Հայաստանում Իրանի դեսպանի այցը Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ զայրացրել է ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն անկախ քաղաքականություն չեն վարում, ուստի Իրանի և հատկապես իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ նրանց վարած ագրեսիվ քաղաքականությունը չի կարող լինել  առանց այդ երկրի ռազմական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգի:

Փորձագետների կարծիքով՝ Բաքվի պաշտոնյաները հակասական քաղաքականություն են վարում Իրանի նկատմամբ: Պաշտոնական դիրքորոշմամբ՝ նրանք Իրանը համարում են եղբայրական երկիր և հավատարմության ու բարեկամության խոստումներ են տալիս: Սակայն Ադրբեջանի իրական վարքագիծը հակասում է այդ վերաբերմունքին: Թեև Ադրբեջանը հայտարարում է, որ Իրանը համարում է բարեկամ երկիր, Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունի և նույնիսկ վերջերս փորձել է Իսրայելում դեսպանատուն բացել:

Ճիշտ է, Բաքուն պաշտոնապես չի հայտարարում, թե ինչ քանակությամբ զենք է գնում Իսրայելից, այդուհանդերձ, պետք է ասել, որ առանց հաշվի առնելու սպառազինության բաժինը, Իսրայելի հետ Ադրբեջանի առևտրաշրջանառության ծավալն Իրանի համեմատությամբ ավելի մեծ է: Եվ դա այն դեպքում, երբ Բաքուն փորձում է ցույց տալ, թե տնտեսական սերտ կապեր ունի Իրանի հետ:

Մյուս կողմից՝ Իսրայելի և Ադրբեջանի անվտանգության կառույցների հակաիրանական համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Տնտեսության ոլորտում նույնպես Ադրբեջանը փորձում է արգելք հանդիսանալ Իրանի ու մյուս երկրների տնտեսական հարաբերությունների ճանապարհին, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:

Ադրբեջանը շարունակում է ԶԼՄ-ների միջոցով հակաիրանական քարոզչություն իրականացնել: Բաքվի ԶԼՄ-ներն այդ երկրի պաշտոնյաների հրամանով, շարունակաբար մեդիահարձակման են ենթարկում Իրանին:

Ադրբեջանի նման բռնատիրական երկրում բողոքի ցույցեր են անցկացվում Բաքվում Իրանի դեսպանատան առջև: Հարց է ծագում, թե արդյո՞ք այս ցույցերն առանց Ալիևի համաձայնության են անցկացվում: Իհարկե ո՛չ, քանի որ նման հարձակումներով Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են մշտապես պահանջատիրոջ դիրքերից հանդես գալ Իրանի նկատմամբ և համոզված են, որ իրենց կողմնակիցներն այս քաղաքականությունը առաջ կտանեն:

Երկրորդ՝ Բաքվի նպատակն է խոչընդոտել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը: Հետևաբար, ադրբեջանական ԶԼՄ-ները թիրախավորում են յուրաքանչյուր պաշտոնյայի, ով փորձում է առաջ տանել հարևան երկրների հետ հավասարակշիռ հարաբերությունների Իրանի քաղաքականությունը:

Իսկ արդյոք Բաքուն ընդհանրապես իրավունք ունի՞ բողոքելու ԻԻՀ դեսպանի այցի դեմ: Իհարկե ո՛չ: 

Միջազգային փաստաթղթերն ու օրենքները ոչ միայն հաստատում են այս այցը, այլև հորդորում են իրականացնել նման այցեր: 

Որպես օրինակ 1961 թ. ընդունված Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի 3-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դեսպան պարտավորություն ունի օրինական կերպով ձեռք բերել ինֆորմացիա այն երկրում տիրող իրավիճակի մասին, որտեղ իրականացնում է իր դիվանագիտական առաքելությունը, և այն ներկայացնել իր երկրի պատկան մարմիններին: 

Նույնն արել է Հայաստանում Իրանի դեսպանը, որը փորձ է արել երկու հարևան երկրների միջև առկա տարաձայնությունների մասին ճշգրիտ տեղեկություն փոխանցել Իրանին:

Պետք է ասել, որ Իրանի դեսպանի դիրքորոշումը չի հակասում ԻԻՀ պաշտոնական դիրքորոշմանը: 

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ ԻԻՀ գերագույն առաջնորդը կարևորեց միջազգային սահմանների պահպանման անհրաժեշտությունը: Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևան կատարած այցի շրջանակում հստակ հայտարարեց, որ Հայաստանի սահմաններն Իրանի կարմիր գիծն են: Ուստի Բաքուն իրավասություն չունի բողոքելու իրանցի պաշտոնյաների այցերի դեմ, քանի որ Հայաստանում Իրանի դեսպանը կատարել է միջազգային օրենքով սահմանված իր պարտականությունը: Չնայած պետք է ասել, որ Բաքուն քննադատում է ցանկացած քայլ, որն այդ երկրի պաշտոնյաների տեսանկյունից չի համապատասխանում Բաքվի սադրիչ քաղաքականությանը:

Իրանցի փորձագետ Բահրամ Յազդանը՝ հատուկ «ՄեդիաԼաբի» համար

www.MediaLab.am