Ուրանային սկանդալ. մասնագետները պնդմամբ` մաքսանենգության դեպքը չբացահայտվելու դեպքում հարվածի տակ կդնի Հայաստանի վարկանիշը

Մինչ հատուկ ծառայությունները փորձում են ճշտել մեծ աղմուկ բարձրացրած գերհարստացված ուրանի` Հայաստանի քաղաքացիների միջոցով մաքսանենգ ճանապարհով Վրաստան մտնելու աղբյուրները, Հայաստանում մասնագետները հավատացնում են, որ տեղում գերհարստացված ուրան ձեռք բերելն ուղղակի անհնար է` հավանական համարելով արդեն իսկ հնչած այն տեսակետը, թե ծագման ճանապարհները տանում են դեպի Ռուսաստան:
Վրաստանի ՆԳՆ մամլո քարտուղար Շոթա Ուտիաշվիլին արդեն իսկ հայտարարել էր, որ տեղյակ են, թե ո՞վ է ուրանը փոխանցել մաքսանենգներին, սակայն սկզբնաղբյուրը դեռևս ճշտվում է: Լրատվամիջոցների հաղորդմամբ` մաքսանենգները համաձայնել են բարձրաձայնել ուրան արտադրողի անունը` իրենց պատիժը թեթևացնելու դիմաց:
Սակայն փորձագետները վստահեցնում են, որ վերջին տարիներին երկրում ուրանի հետախուզական աշխատանքներ սկսած Հայաստանի անունն այս պատմության հետ չի կարելի տրամաբանորեն կապել:

«Հայաստանում մենք գերհարստացված ուրան չունենք, և այս պատմությունը Հայաստանի հետ կապելը ես սադրանք եմ համարում»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հայտնի գեոքիմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որը Սյունիքում ղեկավարում է ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքները:

Գրիգորյանը, որն աշխարհում ուրանի թաքնված հանքավայրերի որոնման և կիրառման երկու հայտնագործությունների հեղինակ է, ասում է, որ ուրանի հարստացման տեխնոլոգիա և հնարավորություն Հայաստանում գոյություն չունեն, և Մեծամորում տեղակայված ատոմակայանի համար գերհարստացված ուրան հանրապետություն ներմուծվում է Ռուսաստանից:

«Չեմ կարծում, թե հնարավոր է ատոմակայանի պահեստներից գերհարստացված ուրան ձեռք բերել, դա գրեթե անհնար է, բացառվում է և երկրի անվտանգության համար վտանգավոր»,- ասում է նա:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամլո խոսնակ Լուսինե Հարությունյանը ևս հավատացնում է, որ բացառվում է Մեծամորի ատոմակայանից ուրան դուրս բերելը:

«Դա անհնար է,- «Մեդիալաբին» ասում է մամլո քարտուղարը,- օձն իր պորտով, հավքն իր թևքով չի կարող այնտեղից որևէ բան դուրս հանել»:

Վրաստանում արդեն իսկ սկսվել է գարնանը գերհարստացված ուրանի մաքսանենգության համար վրացի իրավապահների կողմից ձերբակալված ՀՀ քաղաքացիներ 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանի և 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանի դռնփակ աղմկահարույց դատավարությունը: Այս տարվա մարտ ամսին նրանք փորձել են Վրաստանում ուրան իրացնել «գնորդին», որը, պարզվել է, հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակից է:

Ռուսական «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ` Օհանյանն ու Տոնոյանը Վրաստան են հասել Երևան-Թբիլիսի գնացքով` սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված սիգարետի տուփում իրենց հետ տանելով 18 գ մինչև 89,4 տոկոս հարստացված ուրան, «որը բավարար է միջուկային զենք արտադրելու համար»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ Հայաստանում այս գործին առնչություն ունենալու կասկածանքով ազգային անվտանգության մարմինների կողմից այս տարվա ապրիլին ձերբակալվել է երրորդ անձը` ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով:

Մաքսանենգներն արդեն իսկ խոստովանել են, որ ուրանը ստացել են նախկինում` 2003-ին ևս ձերբակալված և 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Դադայանից:

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` ենթադրվում է, որ տարիներ առաջ Դադայանը գերհարստացված ուրանը Վրաստան է փոխադրել միջուկային վառելիքի վերամշակման գործարանից, որը գտնվում է Նովոսիբիրսկում:

Սակայն, վրացի իրավապահները վրաց-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հստակորեն չեն կարողացել մինչև վերջ տանել տարիներ առաջ սկսված հետաքննությունը և ճշտել` արդյոք գերհարստացված ուրանը Վրաստան է հասել Նովոսիբիրսկի՞ց, թե՞ մեկ այլ վայրից:

«Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների միջև իրականացվել է սերտ համագործակցություն»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ մամլո քարտուղար Արծվին Բաղրամյանը «Մեդիալաբին» ասել է, թե այս պահին որևէ հավելյալ տեղեկություն, քան հաղորդագրությունն է, հրապարակել չի կարող:

«Քննություն է ընթանում, և մենք ոչինչ հրապարակելու իրավունք չունենք»,- ասել է ԱԱԾ մամլո քարտուղարը:

Էներգետիկների համահայկական ասոցիացիայի նախագահ Սլավիկ Սարգսյանը տեղի ունեցածի կապակցությամբ իր մտահոգություններն է արտահայտել` նշելով, որ տեղի ունեցածը լուրջ անհանգստության տեղիք է տալիս:

Նրա խոսքով` մինչ հանցագործության բացահայտման շուրջ աշխատանքներ են ընթանում, առաջ է գալիս Մեծամորի ատոմակայանի պահեստների անվտանգության հարցը, քանի որ այս հարցի բացահայտումը երկրի վարկանիշի հարց է:

«Այս հարցը պետք է լիովին բացահայտվի, քանի որ գերհարստացված ուրանի մաքսանենգությունը թմրանյութի մաքսանենգություն չէ… Եթե արդեն զենքի հասնեն, պատկերացնո՞ւմ եք` ինչի´ մասին է խոսքը: Այստեղ երկրի անվտանգության հարց կա,- «Մեդիալաբին» ասում է Սլավիկ Սարգսյանը: – Այս հարցը պետք է լիովին բացահայտվի, որպեսզի բիծ չթողնի երկրի հեղինակության վրա»:

Մարի Ներսեսյան

© Medialab.am