Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել է 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կրկին մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված պատանու վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տուժածի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա։ Պարզվեց, որ նա վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ. ոստիկանություն ներկայացած երիտասարդն էր ոտքերով խփել ու մարմնական վնասվածք պատճառել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ոստիկանությունը: