Քննչական կոմիտեն պարզում է Գյումրու 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր` Գյումրի քաղաքի 32-ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նրա մահվան վերաբերյալ ահազանգը ստացվել է 2021թ. նոյեմբերի 10-ի ժամը 08:10-ին «Գյումրու շտապբուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից. տեղեկացվել է, որ «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշումով Գյումրիու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ, ով գիտակցության չգալով՝ նշված բժշկական կենտրոնում մահացել է:         

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքներն  ստացել է իր բնակարանի ննջասենյակի պատուհանից վայր ընկնելու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ: