Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղվել է 240 մլրդ դրամ

Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար միջոցառումների շրջանակում մոբիլիզացվել է 240 միլիարդ դրամ, որից 20 միլիարդը՝ պետբյուջեից:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե կորոնավիրուսի հետևանքների մեղմմանը որքա՞ն գումար է ուղղվել:

«Մոտ 240 մլրդ դրամ մոբիլիզացվել է միջոցառումներով, որը պարունակում է վարկային միջոցները: Մի մեծ մասը սուբսիդավորված վարկային պորտֆելն է»,- ասաց Գրիգորյանը:

Նա սուբսիդավորվող վարկերը շատ լավ գործիք համարեց: «Բյուջեից տրամադրված փոխառությունները կազմում են ընդամենը մոտ 20 մլրդ դրամ»,- ասաց փոխվարչապետը:

Մոտ 19 մլրդ դրամ ծախսվել է տնտեսական ուղղվածության միջոցառումների վրա: Իսկ սոցիալական միջոցառումների հանրագումարը կազմել է մոտ 25 մլրդ դրամ: