Էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանման մասին.  «Հարյուր տոկոսով պատահականություններ չեն լինում»

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանման մասին.  «Հարյուր տոկոսով պատահականություններ չեն լինում»
Էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանման մասին.  «Հարյուր տոկոսով պատահականություններ չեն լինում»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Պարո՛ն Բոստանջյան, նախօրեին էներգետիկ համակարգում լուրջ խափանում տեղի ունեցավ, որի շուրջ տարբեր մեկնաբանություններ արվեցին։ Մասնավորապես, նշվում է, որ մինչ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրանում գազի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերում, Տուսկը Հայաստանում հայտարարում է, որ կաջակցի Հայաստանում, ու հանկարծ վթար է տեղի ունենում ռուսական ձեռնարկություններում։ Դուք այս ամենի միջև կապ տեսնո՞ւմ եք։ 

– Բոլոր դեպքերում մենք պետք է Իրանի և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կտրվածքով շատ ճկուն քաղաքականություն իրականացնենք։ Անշուշտ հնարավոր չէ այդ երկու հզոր երկրների կտրվածքով մեր նպատակն առաջ տանել։

Ամեն դեպքում Մհեր Գրիգորյանի բանակցությունները, թե որքանով դրանք բարձրաձայնվող կամ ոչ բարձրաձայնվող կլինեն, ես ողջունում եմ, որովհետև հասկանալի է, որ մենք ռուսական գազից կախված լինելով, բավականաչափ խոցելի վիճակում ենք։ Ցանկացած պարագայում Իրանի հետ բանակցությունների արդյունքում հեռանկարը, որ իրենք կարող են ավելի մատչելի սակագնով մեզ գազ մատակարարել, անշուշտ Ռուսաստանի քաղաքականության առումով բալանսավորման հարց է։

Անկախ նրանից՝ դա կլինի, թե՞ չի լինի, Ռուսաստանը համապատասխան վարքագիծ կդրսևորի։ Դիվանագիտության ճկունությունը հենց դա է ։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ ողջունել այդ բանակցությունները։ Նման ազդակները որոշակի զսպաշապիկ կարող են հանդիսանալ մեզ ավելի ծանր վիճակի մեջ գցելու առումով։ 

– Փաստորեն Իրանի հետ բանակցությունները դրակա՞ն եք գնահատում, իսկ դրանք ի՞նչ հեռանկար կարող են ունենալ։

– Իրանն ինքնաբավ երկիր է, այդքան հակվածություն չունի մեծ կապեր ունենալ, և եթե այդ կտրվածքով մեզ հաջողվի ոչ միայն գազի, այլև ընդհանրապես, տնտեսական հարաբերությունների կտրվածքով մենք ունենանք լավ, հեռանկարային հարաբերություններ, դա մեզ համար դառնում է այլընտրանքային տարբերակ, որը մեզ անկլավային, փակուղային վիճակից դուրս է բերում։ 

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ նախօրեին էներգետիկ համակարգում տեղի ունեցած խափանումը պատահականության արդյունք չլինի։

– Հարյուր տոկոսով պատահականություններ չեն լինում։ Խոշոր առումով պատահականություն կարող են որակել միայն մակերեսային ընկալողները։ Այն էլ երկրների մակարդակով նման պատահականություններ չեն կարող լինել։ Իրանը, գտնվելով խիստ պատժամիջոցների տակ և տարածաշրջանում բարդ իրավիճակի պայմաններում, նաև պատմականորեն վատ չի տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Իրանը նաև շատ դրական է վերաբերվել բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք դարերով ապրել ու գործել են իր տարածքում։ Այդ կապերն ամրապնդելը մեզ համար շատ կարևոր կլինի։ 

– Իրանի հետ գազի ոլորտում հարաբերությունների սերտացումը չի՞ շարժի Ռուսաստանի խանդը։

– Իհարկե կշարժի, բայց խոշոր առումով, Ռուսաստանն ինքն էլ որոշակի ճկունություն է դրսևորում։ Երբ Հայաստանի համար դժվար հարցերում Իրանն ընդառաջ է գնում, արդեն Ռուսաստանն իր այսպես ասած ազդեցիկ լծակները ավելի կզսպի։ Ես դա եմ ասում, դա է ճկուն հարաբերությունը։ Խոշոր առումով մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում այլընտրանք չենք ունենում այն դեպքում, երբ կարևորագույն ապրանքատեսակի՝ գազի կտրվածքով կախված ենք լինում միայն Ռուսաստանից, ինչպես այսօր է։

Ռուսաստան էլ իր հերթին երբ տեսնում է, որ կա այլընտրանքային ու մատչելի գազ, ինքը մեզ համար ոչ ցանկալի իր ազդակները այլևս նույն ձևով չի գործադրի, ինչպես գործադրում էր մինչև այսօր։ Երբ մենք նայում ենք գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարմանն ու դրանց կառուցվածքին, ես հասկանում եմ, որ այդ հարաբերակցությունները այդ կառուցվածքի մեջ շատ կասկածելի են։ Դա պայմանավորված է նրանով, թե ինչպիսի կարգավիճակ է տիրում մեր հարաբերություններում, այսինքն՝ այդ ողջ ռեսուրսներին տիրապետում է միայն Ռուսաստանը, իսկ Իրանի առկայության պարագայում կփոխվի նաև սակագնի կառուցվածքը։ 

– Մհեր Գրիգորյանի ձեռք բերած պայմանավորվածությունը կարո՞ղ է կյանքի կոչվել, ըստ որի մենք կարող ենք մեր ներքին սպառման համար գազ ձեռք բերել և փոխարենը վճարել էլեկտրաէներգիա։

– Իհարկե կարող է։ Մեզնից յուրաքանչյուրն ընդհանրապես կցանկանա, որ մեր բանակցողները, որոշում կայացնողները ինչ-որ մակարդակ ունենան։ Մհեր Գրիգորյանն այն քիչ անձանցից է, որը լուրջ մարդու տպավորություն է թողնում։ Ես նրա հետ մտերիմ չեմ, բայց նրա խոսքից, միմիկայից երևում է, որ հաստատ լուրջ անձնավորություն է։ Նման լուրջ անձնավորությունը չի կարող լիրիկական քայլեր անել։ Աստված տա, որ այդ բանակցությունները հաջողեն, դա կլինի բոլորիս հաջողությունը։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am