«Խաղաղությունը» Հայաստանում այսօր ամենաշատ օգտագործվող բառն է: Իշխանությունները պաշտոնապես հայտարարում են խաղաղության մեկնարկի մասին, ընդդիմությունը՝ խոսում հաջորդ տարի Արցախում լինելու մասին, երկուսն էլ, մեղմ ասած, ճիշտ չեն ասում:
Նախ՝ խաղաղություն չի կնքվել։ Ավելին, համաձայնեցված և նախաստորագրված տարբերակը ոչ թե իրական բանակցությունների ու փոխզիջումների արդյունք է, որը կերաշխավորեր Արցախի հայ բնակչության արժանապատիվ ու անվտանգ համակեցությունը սեփական հողում, այլ պարտադրված բովանդակություն՝ հաղթողի կողմից։ Ինչպես ընդգծեց Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, «Ադրբեջանը հաղթել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը»։
Պատերազմում կրած ծանր պարտության հետևանքով, որը ռուսական շահերի պատճառով ընդամենը մի քանի տարով հետաձգվեց, տեղի է ունեցել տոտալ կապիտուլյացիա, և Արցախի ամբողջ հայ բնակչությունը տեղահանվել է, էթնիկ զտման է ենթարկվել, որն էլ, չգիտես ինչպես, բայց Հայաստանի իշխանությունները բացառիկ համառությամբ փորձում են փաթեթավորել և վաճառել «պատմական խաղաղություն» անվան տակ, հընթացա էլ կրճատում բանակի ֆինանսավորման ծավալները։
Զավեշտալի է, որ Հայաստանի իշխանությունների գովերգած խաղաղության գլխավոր երաշխավորը՝ Դոնալդ Թրամփը, մշտապես խառնում է հակամարտող կողմերի անունները՝ մեկ Հայաստանին կոչելով Ալբանիա, մեկ Ադրբեջանին՝ Կամբոջա կամ Աբերբաջան։ Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում նա անգամ չէր կարողանում հիշել, թե ովքեր են Ալիևն ու Փաշինյանը։ Սա ցույց է տալիս, որ այս հակամարտությունը նրա համար կարևոր է միայն այնքանով, որքանով կարող է դառնալ ևս մեկ աղյուս իր Նոբելյան մրցանակի երազանքի պատի մեջ։
Ինչևիցե, եկեք վերջապես անկեղծ լինենք․ 1990-ականներին երկու համադրելի երկրներ պատերազմեցին, և նրանցից տարածքով և բնակչությամբ ավելի փոքր Հայաստանը տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հաղթանակ տոնեց, հաստատվեց ստատուս քվո, որը պահպանվեց ավելի քան քառորդ դար:
Հետագայում այդ երկրներից մեկի քաշային կատեգորիան կտրուկ փոխվեց․ եթե 1994-ին Հայաստանի ՀՆԱ-ն նույնիսկ փոքր-ինչ մեծ էր Ադրբեջանից (մոտ 1.3 մլրդ դոլար ընդդեմ 1.19 մլրդ դոլարի), ապա 2020-ին պատկերն արդեն հակառակ էր․ Ադրբեջանն ուներ ավելի քան երեք անգամ մեծ տնտեսություն (42.7 մլրդ դոլար ընդդեմ 12.6 մլրդ դոլարի), ռազմական ծախսերը անգամներով գերազանցում էր Հայաստանին, իսկ բնակչության տարբերությունը, որը 1994-ին մոտ երկու անգամ էր, արդեն հասել էր երեքուկես անգամի՝ Ադրբեջանի ավելի քան 10 միլիոնի դիմաց Հայաստանի մոտ 3 միլիոն։
Այս պայմաններում նույնիսկ եթե Ռուսաստանին և այլ միջազգային խաղացողների համար ընդունելի էր ունենալ Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավերժ վերահսկողությունը պահպանելու առումով, այդ նույն միջազգային հանրությունը եկավ իր շահերի տեսանկյունից ընդունելի նոր ստատուս քվոյի՝ միևնույն ժամանակ բավարարելով տնտեսապես և ռազմականապես այլ տրամաչափի հասած Ադրբեջանի պահանջները:
Մադրիդյան սկզբունքների կամ Լավրովյան պլանի էությունը պարզ էր․ Հայաստանը, որը արդեն բոլոր չափորոշիչներով զիջում էր Ադրբեջանին, հանձնում էր հինգ ազատագրված տարածքները՝ պահելով միայն Լաչինն ու Քելբաջարը։ Խոսվում էր նաև անորոշ հանրաքվեի մասին, որը կարող էր երբեք էլ չկայանալ։ Իսկ եթե մինչ այդ հաստատվեին առևտրային ու բարիդրացիական հարաբերություններ, հանրաքվեն ըստ էության կորցնելու էր իմաստը։
Հենց այդ հինգ շրջանների վերադարձը օդուջրի պես պետք էր ամբողջ կյանքը հայր Ալիևի ստվերում և արդեն 17 տարի նախագահի պաշտոնը ժառանգած Իլհամ Ալևին: Շատերը արդեն չեն հիշում, բայց երբ 1993 թվականի հունիսին Հեյդար Ալիևը իշխանության եկավ, հայկական ուժերը հայր Ալիևին շնորհավորեցին՝ վերահսկողության տակ վերցնելով Աղդամը (հուլիս 1993), Ջաբրայիլը, Ֆիզուլին, Ղուբաթլուն (օգոստոս 1993) և Զանգելանը (հոկտեմբեր 1993)։ Այսպիսով, տարածքների հիմնական կորուստների պատասխանատվությունը ընկնում է ոչ թե Մութալիբովի կամ Էլչիբեյի, այլ հենց հայր Ալիևի իշխանության վրա:
Իլհամ Ալիևը, այդ տարածքները վերադարձնելով, վերջապես կձևավորեր ուժեղ առաջնորդի մի կերպար, որը ոչ միայն հաղթահարեց հոր կորցրած հողերի բեռը, այլև դուրս եկավ «պարզապես Հեյդարի որդի» լինելու դերից։
Իր հերթին, Սերժ Սարգսյանը, տիրապետելով այս ամբողջ իրականությունը և լավ հասկանալով, որ պատերազմի դեպքում Հայաստանը բավարար ռեսուրսներ չունի Արցախը պաշտպանելու համար, չունեցավ իսկական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը գնալու համարձակություն, քանի որ իր և իր շրջապատի կողմից իրեն տրված «Արցախի հերոսի» կերպարը կվերածեր «հողատուի»։ Արդյունքում՝ կանխորոշված հողերի հանձնման էստաֆետը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին՝ անկախ նրանից, այդ պահին Փաշինյանը այդ մասին գիտե՞ր, թե՞ ոչ։
Այլևս էական չէ, դա պայմանավորվա՞ծ էր, թե՞ ոչ, արդյոք Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը միմյանց հետ քննարկե՞լ էին հնարավոր զարգացումները, կամ արդյոք բացի Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, ԱՄՆ-ից ու Միացյալ Թագավորությունից այլ ուժեր և՞ս ներգրավված էին հողերի վերադարձի գործընթացում։ Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը, հնարավորություն ունենալով ստորագրել Լավրովյան պլանը, հանձնել հինգ շրջան և տարածաշրջան բերել առնվազն տասնամյակների խաղաղություն՝ նպատակահարմար գտավ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությամբ նորանկախ Հայաստանի պատմության ամենադժվար և պարտադրված որոշումը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, այն հույսով, որ երբ վերջինս կստորագրեր այն և կպիտակավորվեր որպես հողեր հանձնող, Սերժ Սարգսյանը՝ «սպիտակ կոստյումով» կվերադառնար քաղաքական ասպարեզ։
Սակայն իշխանության գալով՝ Փաշինյանը որոշեց, որ ինքը շատ ավելի «ոչմիթիզական» է, քան իրենից առաջ եղած ղեկավարները։ Նա հայտարարեց, թե բանակցությունները սկսում է «իր կետից», Տավուշյան «փսևդոհաղթանակներով», Շուշիում պարերով և «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտություններով։ Այս ամենով նա, ըստ էության, Ադրբեջանին տվեց հարձակվելու անհրաժեշտ բոլոր լեգիտիմ հիմքերը և արդեն ռազմական ճանապարհով ստանալու այն, ինչի հետ համերաշխ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և բոլոր գլոբալ խաղացողները։
Հիշենք, որ հենց 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մերժեց բոլոր այն տարբերակները, որոնք գոնե մասամբ կարող էին ընդունելի լինել Հայաստանի համար։ Վերջում նա ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ թողնելով հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, խեղված ընտանիքներ, բզկտված Արցախ՝ առանց Հադրութի ու Շուշիի։ Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց։
2021-ին Փաշինյանը քարոզարշավ գնաց «Հադրութը և Շուշին վերադարձնելու» լոզունգով և իր սիրելի մուրճով, հաղթեց ընտրություններում և …. Պրահայում ամբողջությամբ հրաժարվեց Արցախից։
Հետագա տարիներին Բաքուն աստիճանաբար վերահսկողություն հաստատեց Արցախի մնացած մասի նկատմամբ․ սկզբում՝ «բնապահպանական անցակետով» ու ձևական ստուգումներով, հետո՝ շրջափակմամբ։ Որպես հետևանք՝ Արցախը կտրվեց Հայաստանից, վերածվեց հումանիտար ճգնաժամի օջախի, իսկ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակմամբ ամբողջությամբ տեղահանման ենթարկվելով։
Զուգահեռաբար, սկսած 2021 թվականից, Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ գրավելով Սյունիքի, Գեղարքունիքի և Ջերմուկի բարձունքները, որտեղ էլ գտնվում են մինչ այժմ։
Հայաստանը պարտվել է, չունի ռազմական ուժ, չունի քաղաքական կամ դիվանագիտական կշիռ, չունի կոմպետենտ կառավարիչներ և չունի բարեկամներ։ Հայաստանցիների սիրելի Մակրոնն անգամ երբեք որևէ առարկայական աջակցություն չի բերել, իսկ տնտեսությունը ամբողջությամբ կախված է Ռուսաստանից և նրա իշխանությունների քմահաճույքներից:
Միգուցե ա՞յդ պատճառով են առաջարկում այս Հայաստանը ապամոնտաժել և նոր՝ չորրորդ հանրապետություն ստեղծել։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















