Հուսամ՝ որևէ տեսանելի արդյունք Ռուսաստան այցից չի լինի, որովհետև Հայաստանի համար կլինի միայն ու միայն բացասական. Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել Բաքվում ադրբեջանական կողմի հետ իրավիճակի դրական փոփոխության հասնել և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել։ Նման արդյունքը սպասելի՞ էր։

– Առաջին օրվանից, երբ հայտարարվեց, որ ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը մեկնելու է Բաքու բանակցություններ վարելու, ես ասացի, որ այդ բանակցությունները որևէ արդյունք չեն կարող ունենալ ապրիորի, որովհետև ընդհանուր առմամբ գոյություն չունեն առարկայական բանակցություններ Ռուսաստանի միջնորդությամբ ու, մասնավորապես, Լենցովի միջնորդությամբ, քանի որ գոյություն ունի բանակցությունների իմիտացիա։ Բաքվի ու Մոսկվայի միջև բոլոր իրական պայմանավորվածությունները կայանում են այլ մակարդակում ու տեսանելի չեն։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով Մոսկվայում է: Ի՞նչ արդյունքներ սպասենք այս հրավերի ավարտից հետո։

– Հաշվի առնելով, որ վերջին տարիներին, ցավոք սրտի, Հայաստանը չի կարող որևէ դրական բան սպասել Մոսկվայից, հաշվի առնելով, որ մեր հարաբերությունները մնում են գործընկերային, դաշնակցային միայն թղթի վրա, հույս ունեմ, որ որևէ տեսանելի արդյունք այդ այցից չի լինի, որովհետև արդյունքը Հայաստանի համար լինելու է միայն ու միայն բացասական։ 

Ռուսաստանը չունի լուրջ առաջարկություններ Հայաստանին և՛ Արցախի, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով։ Ռուսաստանը, ցավոք սրտի, չի կատարում իր երկկողմ պարտավորությունները, որոնք նշված են 1997-ի մեծ պայմանագրով: Այդ առումով մենք չենք կարող ասել, որ գոնե այս փուլում Ռուսաստանը կարող է որևէ դրական առաջարկություն անել ու, ընդհանրապես, որևէ դրական դերակատարում ունենալ։ 

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչո՛ւ է գնում Մոսկվա՝ այս իրողությունները շատ լավ հասկանալով ու գիտակցելով: Ընդամենը կարող եմ մտածել, որ, հնարավոր է՝ փորձելու է մեղմել Ռուսաստանի ապակառուցողական դերակատարումը, ինչ-որ կերպ փորձելու է պայմանավորվել ռուսների հետ, որպեսզի այդ ապակառուցողական ազդեցությունն այս գործընթացների վրա գոնե մի փոքր մեղմվի։

– Մոսկվայում կայանալիք քննարկումները կամ արվող առաջարկությունները լինելու են վաշինգտոնյան քննարկումների ու առաջարկների շարունակությո՞ւնը, թե՞ բոլորովին այլ, պարո՛ն Ստեփանյան։

– Ռուսաստանի օրակարգը, եթե կարելի է այսպես անվանել, որևէ ընդհանրություն չունի վաշինգտոնյան օրակարգի հետ, առաջին հերթին այն պարզ պատճառով, որ ռուսաստանյան օրակարգն իր մեջ ներառում է «Զանգեզուրի միջանցքը», որն ամերիկյան օրակարգում գոյություն չունի՝ հենց միջանցքի կարգավիճակով։ 

Վաշինգտոնյան օրակարգը չի ներառում ութ գյուղի՝ այսպես կոչված անկլավների հարցը: Այս մասին պարզ նշվել է, երբ Բոնոն այցելել է Բաքու ու Երևան, նույնիսկ քարտեզ գոյություն ունի, 75 թվականի քարտեզն է՝ Հայկական ԽՍՀ ու Ադրբեջանական ԽՍՀ այն ժամանակվա վարչական սահմանի մասով, այն դեպքում, երբ Ռուսաստանը պատրաստ է այդ հարցը քննարկելու և այդ հարցում գնում է Ադրբեջանին ընդառաջ։ 

Այնպես որ, այս երկու ամենասկզբունքային հարցերում, որ վերաբերում են միայն հայ-ադրբեջանական հարաբերություններին, նրանք ունեն շատ լուրջ տարաձայնություններ ու չեն կարող իրար հետ ընդհանուր եզրեր ունենալ։ 

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, որն ամենակարևորն ու ցավոտն է այս ամենում, շատ կարևոր է նշել, որ մեծ հաշվով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերը համապատասխանում են, որովհետև ոչ մեկն այսօր, բացի Ադրբեջանից, Թուրքիայից և Պակիստանից, շահագրգռված չէ, որպեսզի Արցախի խնդիրը վերջնականապես փակվի այնպես, ինչպես պատկերացնում է Իլհամ Ալիևը, այսինքն՝ էթնիկական զտում։ Շատ կարևոր է ֆիքսել, որ այստեղ Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի միջև կան ընդհանուր շահեր։ 

– Մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Ի՞նչ կտա այս հանդիպումը, եթե նկատի ունենանք, որ Բայրամովը հայտարարել է, թե վաշինգտոնյան բանակցությունները չեն արդարացրել Ադրբեջանի սպասելիքները։

– Բայրամովի հայտարարությունն ինձ չի զարմացնում, որովհետև ԱՄՆ-ի բանակցություններն իրոք չեն բխում Ադրբեջանի շահերից։ ԱՄՆ-ում հստակ ասվել է, որ Արցախի հարցը չի կարող փակվել այնպես, ինչպես պատկերացնում են Ադրբեջանում, որ Արցախի հարցը շարունակում է լինել բանակցությունների առարկա, որ Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը, որ այս ամենը չի կարելի դնել երկրորդ կամ երրորդ պլան, ու թիվ մեկ հակասությունը, հենց կոնֆլիկտի սկզբնաղբյուրը հայ-ադրբեջանական հարաբերություններում Արցախի հարցն է։ 

Սա չի կարող բխել Ադրբեջանի շահերից, ու նրանք իհարկե դժգոհ են դրանից։ Այնուամենայնիվ, ես չեմ սպասում, որ Բրյուսելում լինելու են նոր առաջարկներ, նրանք մոտավորապես կրկնելու են այն, ինչ ասվել է Վաշինգտոնում, այնպես որ, Բաքվի սպասելիքները Բրյուսելից էլ չեն կարող մեծ լինել, որովհետև Եվրամիությունն էլ այնքան էլ շահագրգռված չէ, որ այս հարցը փակվի այնպես, ինչպես ուզում է Ալիևը: Ադրբեջանը չի կարող գին վճարել, նա չունի այդ գինը, եթե կարողանար վճարել, միգուցե նրանք ընդունեին այդ օրակարգը, բայց Ադրբեջանն առաջարկելու ոչինչ չունի։

– Ասացիք, որ Արցախի մասով Ռուսաստանի ու հավաքական Արևմուտքի տեսակետը համընկնում է, կկարողանա՞ն ճնշումների կամ այլնի միջոցով ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ու արդյոք կապամոնտաժվի՞ ադրբեջանական ապօրինի անցակետը այդ միջանցքից։

– Անկեղծ ասած, չեմ սպասում, որ անցակետն ապամոնտաժվելու է, գոնե տեսանելի ապագայում դա չեմ տեսնում։ Դրանում շատ մեծ դերակատարում ունի ոչ թե միջազգային ճնշումը, այլ հենց մեր գործողությունները, որոնք չգիտես ինչու չեն արվում։ Այդ քայլերը պետք է լինեն երկկողմանի, գետնի վրա, և՛ Արցախի, և՛ Հայաստանի կողմից։ 

Մարդիկ ուղղակի պետք է դուրս գան, կանգնեն այդ հսկիչ անցագրային կետի մոտ՝ տեսախցիկներով, ԶԼՄ ներկայացուցիչներով՝ հիմնականում դրսի, հնարավորինս բոլորին պետք է հրավիրել այնտեղ։ Հավաքվեն այնտեղ՝ առանց զենքի, հիստերիայի, բերեն ԼՂ-ի մասով գոյություն ունեցող բոլոր միջազգային փաստաթղթերը՝ սկսած 91 թվականից վերջացրած նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թղթի կտորով, ու պահանջեն, որ ճանապարհը բացվի, որովհետև այդ անցակետն անօրինական է։ 

Այս գործընթացը պետք է լուսաբանվի, անընդհատ պետք է իրականացվի այսպիսի խաղաղ ակցիա, ու վստահեցնում եմ, որ դրանից հետո միջանցքը բացվելու է, այսինքն՝ Ալիևին պետք է կանգնեցնել երկընտրանքի առաջ․ կա՛մ նա սկսում է կրակել անզեն մարդկանց վրա, կա՛մ անձամբ գալիս ու ասում է, որ սխալմունք է տեղի ունեցել, ու այն ուղղում է։ Սա պետք է արվի մեր կողմից, ոչ ոք մեր փոխարեն սա չի անի, մենք պետք է դա անենք, ու ամբողջ աշխարհը մեզ հետ կհամաձայնի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am