Պետքարտուղար Բլինքենը հորդորել է նախագահ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ պետքարտուղարությունը նշում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ մեր խորը մտահոգությունը փոխանցելու համար հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Պետքարտուղարն ընդգծել է ռազմական ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը և վստահեցրել վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները կպայքարի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խաղաղ կարգավորման համար»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցի մասին:

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱՄՆ արտաքին գերատեսչությունը նշում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի հրթիռակոծման կապակցությամբ: Պետքարտուղար Բլինքենը նախագահ Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները հետամուտ է լինելու ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և խաղաղ կարգավորմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»