Նավթային կախվածության գինը․ Ադրբեջանի տնտեսությունը մտնում է անկման փուլ, մինչ Հայաստանը և Վրաստանը պահպանում են աճը

Իրեն Հարավային Կովկասի գլխավոր տնտեսական և քաղաքական ուժը ներկայացնող Ադրբեջանը 2026 թվականի առաջին եռամսյակում մտել է անկման փուլ։ 

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-մարտին Ադրբեջանի տնտեսությունը վերջին ամիսների ցածր աճից հետո արդեն մտել է ռեցեսիոն փուլ՝ կրճատվելով 0,3 տոկոսով։ 

Նույն ժամանակահատվածում Վրաստանում հունվար-փետրվարի միջին տնտեսական աճը կազմել է 8,4 տոկոս, իսկ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույն ամիսներին աճել է 7,4 տոկոսով։ 

Ադրբեջանի անկման գլխավոր պատճառը շարունակում է մնալ նույնը՝ տնտեսության կառուցվածքը։ Առաջին եռամսյակում նավթագազային հատվածի ավելացված արժեքը նվազել է 1,2 տոկոսով, մինչդեռ ոչ նավթագազային հատվածի աճը կազմել է ընդամենը 0,2 տոկոս։ 

Սա նշանակում է, որ ոչ նավթային տնտեսությունը այլևս չի կարողանում հավասարակշռել հումքային հատվածի թուլացումը։ Արտաքին առևտրի ցուցանիշներն էլ նույն ուղղությամբ են շարժվում․ հունվար-փետրվարին արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 23,5 տոկոսով, արտահանումը՝ 9,6 տոկոսով, ներմուծումը՝ 37,1 տոկոսով։ 

Բայց իրական խնդիրը մեկ վատ եռամսյակը չէ, այլ վերջին տարիների միտումը, ըստ որի երկրի ընդհանուր նավթի արդյունահանումը նվազել է 50.8 միլիոն տոննայից 2010 թվականին մինչև 27.7 միլիոն տոննա 2025 թվականին։ Սա մոտ 45,5 տոկոս անկում է։ 

Իսկ Ադրբեջանի հիմնական նավթային ակտիվում անկումն ավելի խորն է՝ 40.5 միլիոն տոննայից մինչև 16.2 միլիոն տոննա, այսինքն՝ մոտ 60 տոկոս, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների արտադրական պոտենցիալը աստիճանաբար սպառվում է։ 

Այս ֆոնի վրա Հայաստանի և Վրաստանի աճը ունի այլ կառուցվածք։ 

Վրաստանում աճը ձևավորվում է ավելի դիվերսիֆիկացված հիմքով՝ տեղեկատվություն և կապ, տրանսպորտ, ծառայություններ, ֆինանսներ։ Հայաստանում ևս աճը ավելի լայն ճյուղային հիմք ունի․ արդյունաբերությունը, շինարարությունը, ծառայությունները և առևտուրը՝ բոլորը պահպանել են դրական դինամիկա։ Սա իհարկե չի նշանակում, թե այդ աճը զերծ է ռիսկերից, բայց նշանակում է, որ այն այս պահին կախված չէ մեկ հումքային ռեսուրսից այնպես, ինչպես Ադրբեջանում։ 

Միաժամանակ պետք է արձանագրել նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Վերջին տարիներին և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի տնտեսությունների համար զգալի խթան է եղել Ռուսաստանի հետ կապված առևտրային հոսքերի վերաուղղումն ու վերաարտահանումը։ 

Այդ գործոնը հատկապես 2022-ից հետո դարձել է աճի կարևոր աղբյուր՝ թե՛ առևտրի, թե՛ ծառայությունների, թե՛ լոգիստիկ ակտիվության տեսանկյունից։ Այսինքն՝ Հայաստանի և Վրաստանի բարձր աճը մասամբ սնուցվել է նաև ռուսական ուղղությամբ վերակազմավորված տնտեսական կապերից, մինչդեռ Ադրբեջանը, իր նավթային կշռով հանդերձ, այդ նույն շրջանում չի կարողացել պահպանել համադրելի աճի դինամիկա։ 

Ադրբեջանի պարագայում այս ամենն ունի նաև քաղաքական հետևանք։ 

Այդպիսի երկրներում իշխանությանը սպառնացող հիմնական ռիսկը հաճախ գալիս է ոչ թե ընտրական մրցակցությունից, այլ տնտեսության վատթարացումից և դրա սոցիալական հետևանքներից։ Այդ իմաստով Ադրբեջանի տնտեսության ներկայիս բացասական ուղղությունը լավ լուր չէ Ալիևի համար, հատկապես այն պայմաններում, երբ նա տարիներ շարունակ իր իշխանությունը ներկայացրել է որպես ուժի, կայունության և տարածաշրջանային գերակայության մարմնավորում։ 

Ամփոփելով՝ տարածաշրջանային պատկերը բավական հստակ է։ Հայաստանը և Վրաստանը շարունակում են աճել, մասամբ ավելի դիվերսիֆիկացված տնտեսական կառուցվածքի, մասամբ էլ Ռուսաստանի հետ վերակազմավորված առևտրային ու ծառայությունների հոսքերի հաշվին։ 

Ադրբեջանը մտել է անկման փուլ, և այդ անկումը ցույց է տալիս, որ երկրի նավթային արտադրությունը 2010-ի համեմատ գրեթե կիսով չափ նվազել է:

Մարի Ներսեսյան

MediaLab.am