Կրթությունը նորաձև չէ․ Հաշվեքննիչ պալատի պատասխանը կառավարության կրթական լոլոներին

Երբ կառավարությունն իր ուժերն ու ուշադրությունը ծախսում էր երկրորդական օրակարգերի վրա՝ դպրոցական ծրագրերում անհասկանալի փոփոխություններ կատարելով, պատմության դասագրքերի անվանումները փոխելով և ՔՊ-ին գովերգելով, տասնյակ միլիոնավոր դոլարների վարկային միջոցներով հսկայական թերբեռնված դպրոցներ կառուցելով և տարբեր ամբիոններից կրթության ոլորտի աննախադեպ հաջողությունների մասին հայտարարություններ տարածելով՝ կրթության իրական վիճակը միայն վատթարանում է:

Թվում է, թե որակումը մեր խիզախ ընդիմությանն է, սակայն վերջիններիս համար կրթությունը երբեք առաջնայնություն չի եղել, իսկ եթե եղել է, ապա այնքանով, որքանով դպրոցների տնօրենները և ուսուցիչները առավելագույնս ներգրավված լինեն ընտրակեղծիքների սխեմաների մեջ և ապահովեն իրենց անխափան վերարտադրությունը: 

Կրթության իրական վիճակը արձանագրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը, որի ղեկավարը Փաշինյանի կառավարության նախկին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։

Այսպես, ըստ ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվետվության՝ վերջին տարիներին մի քանի կարևորագույն ուղղություններով թիրախները ոչ միայն չեն կատարվել, այլև հետընթաց են գրանցել. օրինակ՝ կառավարությունը խոստացել էր մինչև 2030 թվականը ապահովել պարտադիր կրթության 99%-անոց ընդգրկվածություն, սակայն Հաշվեքննիչ պալատի տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ոչ թե մոտեցել ենք այդ թիրախին, այլ հակառակը՝ պարտադիր կրթության ընդգրկվածությունը իջել է և դարձել ավելի ցածր, քան 2018-ին էր։ Այսինքն՝ Փաշինյանի իշխանության տարիներին գրանցվել է ակնհայտ հետընթաց։

Վիճակագրությունը ճնշող է․ 19.605 երեխա դուրս է մնացել կրթության համակարգից, որոնցից 64%-ը երբեք դպրոց չի հաճախել։ Միևնույն ժամանակ, շուրջ 111.000 երեխա առհասարակ բացակայում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգից․ պետությունն անգամ չգիտի՝ այդ երեխաները որտեղ են և ինչով են զբաղված։ Սա իրականում ոչ թե պարզապես թերացում է, այլ պետական քաղաքականության ամբողջական ձախողում։

Թեև կառավարությունը 2024-ին գործարկել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման ենթահամակարգը, սակայն դրա արդյունքները չնչին են․ Հաշվեքննիչ պալատի տվյալներով՝ կրթությունից դուրս մնացած 19.605 երեխայից հայտնաբերվել են ընդամենը 695-ը, իսկ վերադարձվել՝ միայն 202-ը, այսինքն՝ մոտ 1%, դառնալով կառավարության հերթական ցուցադրական և ձախողված քայլը։

0–5 տարեկան երեխաների միայն 34%-ն է ընդգրկված մանկապարտեզներում, իսկ Հայաստանի 229 համայնքում նախադպրոցական հաստատություն ընդհանրապես չկա։ Սա նշանակում է, որ հազարավոր երեխաներ դպրոց են մտնում առանց նախապատրաստական հմտությունների։

Ավագ դպրոցում պատկերը նույնքան մտահոգիչ է․ համապատասխան տարիքի պատանիների միայն 54%-ն է շարունակում ուսումը։ Փաստացի՝ յուրաքանչյուր երկրորդ պատանի դուրս է մնում կրթության համակարգից հենց այն փուլում, երբ պետք է ստանա մասնագիտություն ընտրելու հիմքեր։

Սակայն խնդիրը միայն ընդգրկվածությունը չէ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ տարրական դպրոցն ավարտող երեխաների 35%-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստ, որն ավելի քան եռակի բարձր է տարածաշրջանի ցուցանիշից (11%): Սա կոչվում է «ֆունկցիոնալ անգրագիտություն», այսինքն՝ դպրոցում անցկացրած տարիները չեն վերածվում նվազագույն հմտությունների, և ի հետևանք՝ անգրագիտության մակարդակը ոչ թե նվազում է, այլ աճում։ 

Եթե դպրոցում խնդիրները չափվում են ընդգրկվածությամբ ու որակով, ապա բուհերում դրանք դրսևորվում են սոցիալական անհավասարությամբ։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 82.8%-ը ոչ աղքատ ընտանիքներից է, աղքատների բաժինը կազմում է ընդամենը 17.2%, իսկ ծայրահեղ աղքատների բաժինը՝ զրո։ Այսինքն՝ ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար բարձրագույն կրթությունը միգուցեև նորաձև է, բայց լիովին փակ է։

Այս վիճակը նշանակում է, որ կրթությունը Հայաստանում ոչ թե հավասար հնարավորությունների գործիք է, այլ սոցիալական խտրականությունը խորացնող։ Աղքատ ընտանիքներում ծնված երեխաները հնարավորություն չունեն բարձրանալու, քանի որ համակարգը նրանց պարզապես դուրս է թողնում։

Վարչապետ Փաշինյանը գրեթե ամեն ելույթում հայտարարում է, թե կրթությունն է պետության ապագան, իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հասարակական հարթակներում խոսում է «նորաձև կրթության» մասին։ Բայց հենց Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը վկայում է, որ Փաշինյանի իշխանության տարիներին կրթության համակարգը ոչ միայն չի զարգացել, այլև հետ է ընկել։ Թիրախները ձախողվել են, ցուցանիշները՝ վատթարացել, անգրագիտությունն աճել է, իսկ սոցիալական արդարությունը՝ խաթարվել։

Մարի Ներսեսյան

MediaLab.am