Այսօր ՔՊ-ն իր 7-րդ համաժողովում ընդունեց հռչակագիր, որտեղ հայտարարում է Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին:
Հռչակագրի անվանումը և կետերը տպավորություն են ստեղծում, որ այն ինչ-որ տեղ արդեն հրապարակված է եղել և պարզվում է, որ այն արդեն հանդիպում է նախկին նախագահ Արմեն Սարգսյանի 2021-ին հրապարակված «Դեպի Չորրորդ Հանրապետություն» հոդվածում, որտեղ նշվում էր, որ Երրորդ Հանրապետությունը փակված էջ է և պետք է սկսվի նոր փուլ։
ՔՊ հռչակագրի հիմնական շեշտը և թեզերը նույնն են՝ Երրորդ Հանրապետությունը ավարտված է, պետք է կառուցել Չորրորդը։ Նույնն են նաև կառուցվածքային ուղղությունները՝ նոր Սահմանադրություն, ինստիտուցիոնալ պետություն, ժողովրդավարական բարեփոխումներ, խաղաղություն հարևանների հետ և օրենքի գերակայություն։
Թերևս միակ էական տարբերությունը այն է, որ եթե նախկին նախագահի տարբերակում այդ ճանապարհը անցնում էր իր գլխավորությամբ համաձայնության կառավարության ձևավորման և արտահերթ ընտրությունների անցկացման տեսքով, ապա ՔՊ-ի հռչակագրի նախագծով Չորրորդ Հանրապետությունը գալիս է Փաշինյանի ու ՔՊ մանդատը ևս 5 տարով երկարաձգելու տեսքով։
Ըստ էության ՔՊ-ն ուղղակի վերցրել է Արմեն Սարգսյանի թեզերը, փաթեթավորել իր կուսակցական և օրակարգային կետերով՝ ԵՄ անդամակցություն, «Խաղաղության խաչմերուկ», ապօրինի գույքի վերադարձ և այլն և դարձրել կուսակցական հայցի հիմնական գաղափարը։
Իհարկե սյուռ է, երբ որևէ կուսակցություն իր համաժողովի ժամանակ հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին։ Դա նույնն է, որ կոմունիստները իրենց համաժողովում հռչակեին Հայաստանի «Ստալինյան Հանրապետություն», կամ Դաշնակները հայտարարեին «Հեղափոխական Հանրապետություն» ստեղծելու մասին, կամ էլ ՔՊ-ն մյուս ընտրություններին հայտարարի «Հայաստանի Խաղաղասեր Հանրապետության» ստեղծման մասին։
Ակնհայտ է, որ այս հայտարարությունները նախընտրական բնույթ ունեն։ Բնականաբար Հայաստանի պաշտոնական անվանումը չի դառնալու «Հայաստանի Չորրորդ Հանրապետություն», ոչ էլ Վահագն Խաչատուրյանը Շահրամանյանի օրինակով ստորագրելու է Երրորդ Հանրապետության լուծարման հրամանագիր։ Սակայն կարևոր է, որ բոլոր մեծ ու փոքր կուսակցությունները հասկանան՝ չկա երրորդ, չորրորդ կամ որևէ այլ Հանրապետություն․ կա միայն Հայաստանի Հանրապետություն, և այս անվան հետ կուսակցական մանիպուլացիաները անթույլատրելի են։
Իսկ ՔՊ-ն լավ կաներ հաշվի առներ նաև այն, որ վաղը Արմեն Սարգսյանը կարող է հեղինակային իրավունքի հիմքով հարց բարձրացնել և ընդհանրապես արգելել «Չորրորդ Հանրապետություն» տերմինի օգտագործումը։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















