Նորից նույն կոտրած տաշտակի առջև

Հայաստանի Հանրապետության ներկայիս ծանր անվտանգային վիճակ ստեղծած գործոններից և ոչ մեկը չի վերացել. հակառակորդի ստորաբաժանումները շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, Արցախի անվտանգությունը շարունակում է կախված լինել երրորդ ծայրահեղ անկանխատեսելի ուժից, դեռ շարունակում է պահպանվել որոշակի տրանսֆորմացիա ապրած միջանցքային տրամաբանությունը, Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են հիբրիդային հարվածներ հասցնել Հայաստանին, Հայաստանը շարունակում է մնալ իր համար այլևս թշնամական դարձած անվտանգային ճարտարապետության (ՀԱՊԿ, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցություն և այլն) մեջ։

Բայց այս գործոններից և ոչ մեկն այնքան վտանգավոր ու վնասակար չէ, որքան ՀՀ իշխանությունների անհաղորդ, ծույլ, առաջնահերթությունները չընկալող ու քաղաքական գործընթացները ինքնահոսի մատնած և վախվորած աշխատելաոճը։

Երբ բոլոր նախաձեռնությունները թողնվում են կիսատ, երբ իրավիճակին ադեկվատ ու իրավիճակից բխող գործողություններ չեն իրականացվում, երբ արտաքին քաղաքականությունը սպասարկող ներքին տնային աշխատանքներ չեն կատարվում, օրինակ՝ էներգառեսուրսների պաշարի ստեղծում, գյուղմթերքի շուկաների դիվերսիֆիկացում, հինգերորդ շարասյան մեկուսացում և այլն, այլ հակառակը՝ արտաքին քաղաքականությունը գործիքայնացվում է ներքին քաղաքականության սպասարկման գործում, հաջողությունների կամ վճռական գործողությունների հնարավորության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Դեռ երբևիցե Հայաստանի պետական կառավարման համակարգը իր ողջ մերկությամբ ու կոտրվածությամբ այս աստիճան տապալված ու անգործունակ չի եղել։

Բարեփոխումները ու փոփոխությունները կանգնած են, պատերազմից անցել է արդեն երկու տարի, բայց մենք չենք տեսել ո՛չ զինված ուժերի բարեփոխումների գործնական մեկնարկ, ո՛չ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, ո՛չ զինատեսակների մատակարարումների շղթաների թարմացում, և, որ ամենակարևորն է, ո՛չ էլ Հայաստանի անվտանգային ճարտարապետության վերանայման աշխատանքների կամ գոնե դրա նախապատրաստական աշխատանքների մեկնարկ։

Երկիրը չի պատրաստվում փոփոխությունների և երկիրը չի առաջնորդվում դեպի փոփոխություններ, ընդունված է կրավորական, սպասողական կեցվածք, ամեն բան մատնված է ինքնահոսի։

Այս պարագայում հարկավոր է արձանագրել, որ ապագա պատերազմի կամ որևէ այլ սրացման ու այդ սցենարում Հայաստանի կրած բոլոր կորուստների համար առաջնահերթ պատասխանատու է լինելու հենց Հայաստանի քաղաքական ընտրանին։

Ընտրանի, որը նորից գերադասեց ոչ թե լուծել խնդիրները՝ գնալով ցավոտ զիջումների ու բարեփոխումների, իսկ այնուհետև նաև՝ արտաքին քաղաքական կուրսի շեշտակի փոփոխության, այլ թողնել գործընթացներն ինքնահոսի և խուսափել պատասխանատվությունից։

Ոչինչ, որ պատերազմի պարագայում Հայաստանը կկորցնի շատ ավելին, քան բանակցությունների ու զիջումների տարբերակով, ոչինչ, որ արտաքին քաղաքական կուրսը չփոխելու պարագայում Հայաստանը կկորցնի նաև այն, ինչն անգամ այս պահին եղած ներքին ռեսուրսներով հնարավոր է չկորցնել, կարևորը, որ հետո, հայտնի ձևակերպման պես, ոչ մեկը չկարողանա իշխանություններին դավաճան ասել, կամ նորից կօգտագործվի «պատասխանատու, բայց ոչ մեղավոր» ձևակերպումը։

Հայաստանի պետականության հակառակորդ(ներ)ը և աջակիցները չեն թաքցնում իրենց մտադրությունները և առաջարկությունները, ակնհայտ է նաև ուժերի հարաբերակցությունը, բայց ո՛վ կարող է բացատրել ինձ Հայաստանի կառավարության մտադրություններն ու առաջարկությունները։

Արեգ Քոչինյան 

MediaLab.am