Բոլոր այս հայտարարությունների տակը գոնե մի բան կա՞

Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի ընթացքում տեղ գտան մի քանի աղմկահարույց հայտարարություններ՝ հիմնականում կապված Ռուսաստանի հետ։ 

Ընդհանրապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում հասարակությունը պարբերաբար ցնցվում է բարձրաստիճան պաշտոնյաների համարձակ հայտարարություններից, որոնք հստակ ցուցադրում են առկա խնդիրները, դրանց արտաքին, հիմնականում՝ ռուսաստանցի մեղավորներին և տալիս են այդ ամենին բավական վճռական քաղաքական գնահատականներ, և այս առումով Նիկոլ Փաշինյանի հունվար 10-յան հայտարարությունները ոչ առաջինն էին, ոչ էլ, թերևս, ամենաշոկայինը։ 

Ամեն հաջորդ նմանատիպ հայտարարությունը ուրախացնում ու ոգևորում է հասարակական լայն շերտերին, ինչն էլ իր հերթին ամբոխահաճո բնույթ ունեցող քաղաքական գործիչներին դրդում է է՛լ ավելի վճռական, երբեմն էլ ծայրահեղական հայտարարություններով հանդես գալ։ Սա կարծես արդեն վերածվում է ինքնուրույն գլորվող փակ շրջապտույտում գտնվող անիվի տարատեսակի։

Իհարկե հաճելի է լսել սեփական իշխանությունների կշտամբանքն ու քննադատությունը Ռուսաստանին, հատկապես վերջին մի քանի տարիների իրադարձություններից հետո, բայց, անկեղծ ասած, իմ մոտ առաջացել է երեք հարց։

Կա՞ արդյոք ռազմավարություն

Հայտարարությունները, բացահայտումները, մեղադրանքները, որոնց ականատեսն ենք դառնում օրեցօր, ունե՞ն ինչ-որ կապ միմյանց հետ, հանդիսանո՞ւմ են մեկ միասնական ծրագրի՝ նպատակի սպասարկող օղակները, միջոցառումները։

Արդյոք դրանք քայլե՞ր են ռազմավարական նպատակին հասնելու ճանապարհին։ Ընդհանրապես, կա՞ արդյոք հստակորեն ձևակերպված նման ռազմավարություն, թե՞ այս ամենը պարզապես պատեհապաշտ ելույթներ ու էմոցիոնալ պոռթկումներ են։ Եթե կա նման ռազմավարական նպատակ, ապա ո՞րն է այն։

Լինենք լավատես և ենթադրենք, որ նման ռազմավարական նպատակ, այն էլ՝ հստակ ձևակերպված, այնուամենայնիվ կա (ինչը բացարձակապես փաստ չէ), ու բարձրացնենք երկրորդ հարցը. կլինե՞ն արդյոք այդ ռազմավարական նպատակին ծառայող ու դրանից բխող ծրագրված ու շատ կոնկրետ գործողություններ (որոնք ենթադրաբար պետք է նվազեցնեն Հայաստանի կախվածության մակարդակը Ռուսաստանից այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, գյուղատնտեսությունը, ֆինանսները, անվտանգությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, առևտուրը և այլն)։ Թե՞ այդ ռազմավարական նպատակը պետք է սպասարկվի միայն խոսքերով և, հետևաբար, լինի գոլորշին բաց թողնելու, բայց ռուսական գաղութ մնալու նորաոճ գործիք։

Եվ վերջապես՝ երրորդ հարցը. կա՞ արդյոք ստեղծված իրավիճակում սեփական մեղքի ու սխալների ընկալում, և եթե կա, կա՞ն արդյոք ցանկություն ու կարողություն փոխվելու։ Թե՞ այս շոկային հայտարարությունների շարանը պետք է օգտագործվի սեփական սխալներն ու մեղքերը քողարկելու կամ ուրիշի գրպանը նետելու և ապագայում էլ վերարտադրելու համար։ 

Այս երեք հարցերի պատասխաններից պետք է կախված լինի մեր վերաբերմունքը իշխանության վերջին շրջանի հայտարարությունների հանդեպ, թե չէ ասել-խոսել բոլորս էլ կարող ենք, բայց սայլը տեղից կարծես թե չի շարժվում։

Արեգ Քոչինյան

MediaLab.am