«Երբ Ռուսաստանը 100 մլն դոլարի զենք է տալիս Ադրբեջանին, ապա Հայաստանը հենց 100 մլն-ով պետք է բարձրացնի Գյումրիի ռազմաբազայի վարձը». Վերլուծաբան

«Երբ Ռուսաստանը 100 մլն դոլարի զենք է տալիս Ադրբեջանին, ապա Հայաստանը հենց 100 մլն-ով պետք է բարձրացնի Գյումրիի ռազմաբազայի վարձը». Վերլուծաբան
«Երբ Ռուսաստանը 100 մլն դոլարի զենք է տալիս Ադրբեջանին, ապա Հայաստանը հենց 100 մլն-ով պետք է բարձրացնի Գյումրիի ռազմաբազայի վարձը». Վերլուծաբան

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծածավալ զենքի վաճառքի դեմ Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի, քանի որ այն մտահոգիչ չափերի է հասնում: Այս մասին «Մեդիալաբին» ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով զենքի վաճառքի շուրջ Ստեփանակերտից հնչող գնահատականներին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը բացասական են գնահատում, բայց դա բիզնես է: «Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը մեր կարծիքով ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ լինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Բաբայանը: Նա նաև նշել էր, թե չի կարծում, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումն ուղղված է հայերի դեմ:

«Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է բացատրեն, թե ինչո´ւ են այսքան ոչ ադեկվատ արձագանքում այս արդեն չափազանց վտանգավոր դարձած երևույթին: Որևէ քննադատության չի դիմանում նման պահվածքը, մանավանդ այն արտահայտությունը, որը նույնպես Դավիթ Բաբայանն է արել, թե գիտեն, որ այդ զենքը հայերի դեմ ուղղած չէ: Բա էլ ի՞նչն է ուղղված հայի դեմ, կամ էլ ի՞նչ անեն, որ ուղղված լինի հայության դեմ, մի հատ էլ «Կոլցո» օպերացիա՞ անեն»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ սահմանին ամեն օր զոհեր ունենք, այդ զոհերը ոչ թե զուտ ռազմական միջադեպերի հետևանք են, այլ Ադրբեջանի վարած քաղաքականության: Իսկ Ադրբեջանը նման քայլի է դիմում, որովհետև արհամարհում է բոլոր արձագանքները, որովհետև զենքի մատակարարման հարցում ու ընդհանրապես քաղաքականապես այդ երկրին թև ու թիկունք է կանգնում Ռուսաստանը: Եթե ՌԴ-ն երկակի խաղ չվարեր, Ադրբեջանը մենակ մնար, չէր համարձակվի մեն-մենակ դուրս գալ միջազգային հանրության դեմ:

Նա չի կարծում, թե վերջին շրջանում Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվել են: «Ռուսական զենքով նավերը գնում ու Բաքվում բեռնաթափվում են: Ավելին, Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության պրովայդերը, Ռուսաստանի գործունեության հիմնական գործոնը` լինելով պուտինյան ռեժիմին ամենանման ռեժիմը»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանը մանրամասնում է, թե ի´նչ կտրուկ քայլերի պետք է դիմի Հայաստանը՝ կանխելու համար ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: Ըստ նրա՝ պետք է Ռուսաստանին հասկացնել, որ հայ-ռուսական հարաբերություններն առկախվելու են հենց այդ զինամատակարարումների շարունակականության պատճառով: «Եվ եթե Ռուսաստանը դա ներկայացնում է որպես բիզնես, իսկ հայկական կողմից էլ այդ մոտեցմանը ձայնակցողներ են հանդես գալիս, ապա հայկական կողմն էլ պետք է իր բիզնես նախագիծն առաջարկի: Երբ Ռուսաստանը 100 մլն դոլարի զենք է տալիս Ադրբեջանին, ապա Հայաստանը հենց 100 մլն-ով պետք է բարձրացնի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարեկան վարձը: Եվ Ռուսաստանը պետք է վճարի դրա դիմաց, մեզ մոտ էլ է բիզնես, ո՞վ ասաց, որ միայն իրենց է տրված բիզնես անելը»,- նշեց Մեհրաբյանը: Մասնագետի խոսքով՝ կտրուկ քայլերից մյուսը կարող է լինել Հայաստանում գործող ռուսական ընկերությունների մենաշնորհները «կոտրելը»: «Պուտինի ընկերների մոնոպոլիաները պետք է ուղղակի ջարդուփշուր անել»,- ասում է Մեհրաբյանը:

Ռուսաստանի և Ադրբեջանի այս հարաբերությունները չափազանց բացասական ազդեցություն են ունենում Հայաստանի ու ղարաբաղյան հիմնախնդրի վրա: Ավելին, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հայկական երկու պետությունների թիվ մեկ սպառնալիքն է: Եվ այդ սպառնալի գործունեությունը ՌԴ-ն ծավալում է Ադրբեջանի ոճով:

«Եվ պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի պարտքն է ուղղակի կասեցնել այս արատավոր ընթացքը»,- հավելում է նա: Հարցին, թե Հայաստանն ի զորո՞ւ է դիմագրավելու ռուս-ադրբեջանական տանդեմին, Մեհրաբյանը պատասխանում է, որ ամեն ինչ էլ ի զորու է անել:

«Համենայնդեպս, այդ խնդիրը պետք է դրվի, դրա համար պետք է Հայաստանի շահերին համընկնող շահերով սուբյեկտների հետ հարաբերությունների ստեղծում: Երկրորդ` Հայաստանը ոչ մի պարտավորությամբ չպետք է կապված լինի Ռուսաստանի հետ: Այդ պարտավորությունները սահմանափակում են Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ: Հայաստանն ուղղակի պետք է առաջնորդվի իր պետական, ազգային անվտանգության ու կենսական շահերով և ձեռնարկի քայլեր, որոնք կչեզոքացնեն Ռուսաստանի ստեղծած սպառնալիքները»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը: Բայց նախևառաջ, ըստ նրա, հայկական կողմը պետք է դադարի ինքնախաբեությամբ զբաղվելուց:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am