Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար. մաս 2

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրացավ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրավունք երկարաձգել։

Նման «հանքամետ» օրենք անգամ նախկին վարչակազմերի օրոք դժվար է գտնել, որն իր հերթին Հայաստանի ներկա և ապագա սերունդների համար առնվազն Ամուլսարի հանքի դեպքով կարող է վերածվել բառի բուն իմաստով ամենաթանկ նախագծի՝ միլիոնավոր դոլարներ արժենալով ՀՀ հարկատուների համար, դրան զուգահեռ՝ Հայաստանի պետական մարմինների համար հանրային շահը պաշտպանելու առումով ստեղծելով պարտվողի դերում հայտնվելու մշտական ռիսկ։ 

1-ին մասը՝ ստորև:

Այն դեպքում, երբ այս օրենքի հիման վրա «Լիդիանը» դիմում ներկայացնի, և գործադիրն այն բավարարի, ՀՀ շահերի պաշտպանությունը խոցելի է դառնում, քանի որ հանքարդյունահանողի կողմից միլիոնավոր դոլարների փոխհատուցում պահանջելու ժամանակ այս նոր իրավական հիմքով ընկերության դիրքերն անհամեմատ ավելի ուժեղ են դառնում։ 

Վերոնշյալ ֆորսմաժորային հիմքերից մեկով, ամենայն հավանականությամբ՝ հենց քաղաքացիական անհնազանդությամբ (բողոքի ակցիաներ իրականացնողների նախաձեռնած միջոցառումները՝ ճանապարհների փակում և այլն), «Լիդիանը» կդիմի իր իրավունքի երկարաձգման համար՝ առանց նոր ՇՄԱԳ-ի։ 

Ընդ որում՝ «Լիդիանի» համար սա կենսական նշանակություն ունեցող հարց է, քանի որ շինարարական ժամկետները սպառված ընդերքօգտագործման իրավունքի դեպքում դժվար է պատկերացնել որևէ նոր ներդրողների կամ բանկերի կողմից ներդրման հնարավորություն այդ նախագծում։ 

Կան քննարկման ենթակա իրավական և այլ վտանգներ` բավարարման և մերժման դեպքերում, որոնց ուսումնասիրությունը չի իրականացվել օրենքն ընդունելիս, սակայն պետք է գնահատվի՝ նախքան նման դիմումի առկայության դեպքում որոշում ընդունելը։  

Եթե լիազոր մարմինը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բավարարում է այդ հիմքով ներկայացված դիմումը, ապա արդյոք պետությունը այդկերպ չի՞ հաստատում ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համատեքստում բազմիցս հնչեցրած ընկերության այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է անկարգությունների իրականացման դեպքում ցուցաբերած անգործության (օրինակ՝ ՀՀ ոստիկանության կողմից) հետևանքով ներդրումների կորստի և բաց թողնված օգուտի համար։ 

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցման՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պատասխանը ենթադրում է, որ վերլուծություն չի իրականացվել, ինչն ինքնին խիստ մտահոգիչ է: 

Լիազոր մարմնից, արդարադատության նախարարությունից և հնարավորության դեպքում նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչից անհրաժեշտ է պահանջել հստակ վերլուծություն այս հարցի վերաբերյալ և հստակ երաշխիքներ` պետական շահը վտանգելու ռիսկի բացակայության մասով։ 

Պետք է իրավական տեսանկյունից գնահատել լիազոր մարմնի՝ ՏԿԵՆ-ի կողմից ընկերության դիմումի մերժման դեպքում (օրինակ՝ ընկերության բերված փաստարկներով  հիմքերը չեն համարվել անհնազանդություն, կամ չեն ընդունվել ընկերության աշխատանքների դադարեցման վրա դրանց ուղղակի ազդեցության հիմնավորումները) «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներպետական դատարանում որոշումը բողոքարկելու հավանականությունը և այդ բողոքարկման փաստի օգտագործումը միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Ցանկացած որոշման ընդունման դեպքում ՏԿԵ նախարարը պետք է հիմնավորապես գնահատի առնվազն երեք հանգամանք՝

  • արդյոք ներկայացվող դեպքերը ֆորսմաժորային որևէ սահմանման մե՞ջ են, թե՞ ոչ, ընկերության կողմից ի՞նչ ապացուցողական հիմքեր են բերվել, որոնք հիմնարար և ընդունելի են պետության համար այն դեպքում, երբ որոշակի հանգամանքներ են բերվում, պետք է ապացուցվի նաև, որ դրանք ուղղակիորեն ազդել են ընկերության չաշխատելու վրա (օրենքի համաձայն՝ դիմումը մերժվում է սահմանված հանգամանքների և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում), օրինակ՝ նախարարը պետք է գնահատի՝ արդյոք մի քանի անձանց կողմից հանք մտնող ճանապարհներին հսկողություն իրականացնելը աշխատելու ոչ մի ճանապարհ չէ՞ր թողնում ընկերությանը և այլն.
  • իրավական որոշակիության առումով օրենքը նույնպես խնդրահարույց է, մասնավորապես, թվարկվում են անհաղթահարելի ուժի հանգամանքներ, ապա նշվում, «…և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն օրենսգրքով և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները»: «Ոչ պատշաճ» արտահայտությունը ոչ միայն լայն հայեցողական դաշտ է ստեղծում լիազոր մարմնի կողմից որոշում ընդունելու համար, այլև վեճերի պարարտ հող հանդիսանում կողմերի դժգոհության դեպքում։ 

Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ լիազոր մարմինը տեղում ստուգումներ կազմակերպելու իրավասություն չունի որոշում ընդունելու ընթացքում, իսկ տեսչական մարմինը, ինչպես գիտենք, ստուգում չի իրականացրել նույնիսկ ԷԼԱՐԴ-ի զեկույցից հետո։ 

Այս փուլում նման խնդիր ունենալ երկրում և չանել համապատասխան հստակ գնահատական՝ չափազանց վտանգավոր է երկրի շահերի պաշտպանության տեսանկյունից:

Հաջորդ առանցքային հարցն իհարկե վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով բնապահպանական ռիսկերի առկայությանը։ 

Կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ հանքի շահագործումը կարգելվի, եթե պարզվի, որ այն էական վնաս է հասցնում մարդկանց և բնությանը: 

Հարկ ենք համարում հիշեցնել այս ուղղությամբ իրականացված քայլերի հաջորդականությունը, և թե որտեղ դրանք ընդհատվեցին։ 

Այսպես, Կառավարությունը որոշեց վարձել ԷԼԱՐԴ ընկերությանը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաթղթերի ուսումնասիրության և ռիսկերի վերհանման նպատակով։ Աշխատանքի արդյունքներն արդեն Կառավարությունը քննարկեց հրապարակային կերպով, ինչն էլ սակայն խորացրեց մասնագիտական հանրույթի մտահոգությունները, և բողոքի ակցիաները նոր թափ ստացան՝ անգամ անտեսելով ՀՀ վարչապետի հակառակ հորդորները։ 

Արդյունքում՝ անհրաժեշտ էր պարզաբանել, թե ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրությամբ տրված գնահատականները կարո՞ղ են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար, թե՞ ոչ։ 

Վարչապետի այս հանձնարարականի հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը ուսումնասիրեց ԷԼԱՐԴ-ի զեկույցը և 2019 թ. սեպտեմբերին ձևակերպեց 13 հարցադրում, որոնք պարզաբանման կարիք ունեն։ 

Սակայն մինչ օրս ընկերության ներկայացրած պարզաբանումները չեն հրապարակվել, հայտնի չէ դրանց հիմնավոր կամ անհիմն լինելը, շրջակա միջավայրի նախարարությունը չի ներկայացրել իր դիրքորոշումը՝ համապատասխան վերլուծությամբ և հիմնավորումներով։ 

«Մեդիալաբի» հարցումներին նախարար Սիմիդյանը ևս որևէ սպառիչ պատասխան չի տվել: 

https://lh5.googleusercontent.com/YYKNv4MSwq-r-h_04CWrxoEsPr_SYBYSXCUut_GZtsAKWA7nQhMBCHJMetBfFH2wv_JnT2HjYxZCyMHQylt8rqtlO6uIhjSEUFmYqy2HvHVDhNTUHqeLfNEtep_1omCVoTx6RL43
https://lh3.googleusercontent.com/jaN-ps8AIrDsRFowRzbfwpHsFZoDDU-HxPYPIiqNfTunZdzJN97n7wS4Hbnzk7kBO497g0uTosvR05J07V5DeS2OOoDS8rIqJf3HevgKdbQFxeWabssITPIxcmLBV5k4lPDUBe3Q

Ուստի, շրջակա միջավարի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ վարչապետին և հանրությանը պետք է ներկայացնի այն հարցի պատասխանը, թե՝

  • արդյոք վերոնշյալ հարցադրումներից յուրաքանչյուրի մասով շրջակա միջավայրի նախարարությունը գնահատե՞լ է ընկերությունից ստացված պատասխանները և ձևավորել դիրքորոշում, թե որոնք են ընդունելի կամ ոչ, որ հարցադրումներն են դեռևս մնում բաց և ռիսկային։ Այս առումով նախարարությունը պետք է առանձնացնի նաև այն պատասխաննեերը, որոնք հակասում են մեր օրենսդրությանը կամ լրացուցիչ միջոցառումների դեպքում պահանջում են նոր ՇՄԱԳ և նախագծային փոփոխություն։ 

«Կանաչ» պատգամավորների կողմից «կանաչ» լույսը

Ընդերքի օրենսգրքի փոփոխությունները, որոնք կանաչ լույս են վառում «Լիդիանի» ընդերքօգտագործման  իրավունքի ժամկետների բացթողման՝ առանց ՇՄԱԳ-ի լուծման համար, զարմանալի են, որ ներկայացվել են այս գործադիրի օրոք, սակայն առավել տարակուսելի է, երբ դրանից ոչ միայն ձեռնպահ են մնում, այլև կողմ քվեարկում այն «կանաչ» պատգամավորները, որոնք մի քանի տարի առաջ հակասական կամ նույնիսկ կտրուկ հայտարարություններով էին հանդես գալիս շահագործման դեմ՝ անգամ հանդիսանալով իշխող քաղաքական թիմի անդամներ։ Հավաստիանալու համար կարող եք ծանոթանալ անհատական քվեարկության արդյունքներին:

Դեռևս մարտի 1-ին «Մեդիալաբը» գրավոր հարցմամբ դիմել է Ազգային ժողովի պատգամավորներ Արեն Մկրտչյանին, Արման Եղոյանին, Լիլիթ Ստեփանյանին, Հայկ Կոնջորյանին, Մարիա Կարապետյանին, Մերի Գալստյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Սարգիս Խանդանյանին և Լենա Նազարյանին՝ հասկանալու նրանց դիրքորոշումը «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Չնայած բազմաթիվ հիշեցումներին և զանգերին՝ նշված պատգամավորներից և ոչ ոք հարցմանը չի պատասխանել: 

Ստացվում է, որ ապագա օրենքի կերտող և գործող օրենքի երաշխավորները, որոնք անընդունելի էին համարում «որևէ մեկի հագով կարված» օրենքները հանքարդյունաբերության ոլորտում, կարծում են, որ նոր ՇՄԱԳ, միևնույն է, անհրաժեշտ է, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումներ, որը, ի դեպ, հանձնարարվել է տեսչական մարմնին, սակայն չի իրականացվել, լուռ, առանց հարցադրումների և ռիսկերի գնահատման կողմ են քվեարկում նման խնդրահարույց օրենքի ընդունմանը։ 

Մարի Ներսեսյան

MediaLab.am