Միլիոնավոր դոլարների չգնահատված ռիսկով օրենքը՝ ռումբ Հայաստանի հարկատուների համար. Մաս 1

Հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թերևս ամենախնդրահարույցներից մեկն է, որը կարող է դանդաղ գործողության ռումբ դառնալ ՀՀ բյուջեի և հարկատուների համար: Հուլիսի 21-ին լրանում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետը, երբ ընկերությունները կարող են դիմել հետադարձ ուժ ունեցող նոր դրույթով և արդեն առանց նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրավունք երկարաձգել։

Նման «հանքամետ» օրենք անգամ նախկին վարչակազմերի օրոք դժվար է գտնել, որն իր հերթին Հայաստանի ներկա և ապագա սերունդների համար առնվազն Ամուլսարի հանքի դեպքով կարող է վերածվել բառի բուն իմաստով ամենաթանկ նախագծի՝ միլիոնավոր դոլարներ արժենալով ՀՀ հարկատուների համար: Դրան զուգահեռ Հայաստանի պետական մարմինների համար հանրային շահը պաշտպանելու առումով ստեղծելով պարտվողի դերում հայտնվելու մշտական ռիսկ։ 

Այժմ հերթականությամբ։

«Լիդիանը»՝ օրենքի հիմնական շահառու

(Տես այստեղ, կետ 23)

Սա հիմնավորելուց հետո նոր կանդրադառնանք պետության համար առաջացած ռիսկերին։

Կարճվեց Ամուլսարին վերաբերող քրեական վարույթը։ Բայց հանքի շահագործման հարցում դեռևս կան խնդիրներ, մասնավորապես, իրավունքով սահմանված ժամկետներն արդեն իսկ խախտված են։ Ընկերության շինարարական աշխատանքների փուլը սահմանված էր մինչև 2021 թ. հունիսի 1-ը, որից հետո պետք է սկսվեր հանքաքարի արդյունահանման փուլը։ Այս իրավիճակում, օրենքի համաձայն, ընկերությունը պետք է դիմեր նախագծի փոփոխության (Հոդված 57) կամ երկարաձգման (Հոդված 55) համար, ինչն էլ իր հերթին պահանջում է նոր ՇՄԱԳ։ 

Ամենայն հավանականությամբ, ընկերության համար զանգվածային բողոքներից և ԷԼԱՐԴ-ի կողմից բարձրացված հարցերից հետո նոր ՇՄԱԳ հաջողությամբ անցնելը լրջագույն աշխատանք է պահանջելու։

Չէր բացառվում նաև, որ լիազոր մարմինը կամ հանրությունը պահանջեին նոր նախագծում ներառել ԷԼԱՐԴ-ի զեկույցով առաջարկվող՝ հնարավոր ռիսկերի կառավարման մեխանիզմները (ինչը լրացուցիչ ծախսեր կենթադրեր), այլ ոչ թե դրանց շուրջ խոստումներ տալ, կամ ընկերությունն առնվազն պարտավոր կլիներ հիմնավորել դրանց անհրաժեշտության իսպառ բացակայության մասին։ Պարզ է, որ ընկերության համար նոր ՇՄԱԳ փորձաքննություն անցնելը, մեղմ ասած, ծայրահեղ ոչ ցանկալի տարբերակ էր։ 

Հիշեցնենք, որ օրենսգրքով հանքարդյունահանման իրավունքը կազմված է միաժամանակ չորս փաստաթղթից՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիր, լեռնահատկացման ակտ և համապատասխան փորձաքննություններ  անցած նախագիծ: Ուստի, լիարժեք իրավունքի համար անհրաժեշտ է ՇՄԱԳ փորձաքննության ԵՆԹԱՐԿՎԱԾ նախագիծ, առանց որի ընկերություններին արգելվում է հանքարդյունաբերությամբ զբաղվել (գործող Ընդերքի մասին օրենսգիրք, հոդված 50, մաս 2)։ 

Սա նշանակում է, «Լիդիանը» ցանկացած նոր նախագծով (երկարաձգված ժամկետներով) աշխատելու իրավունք ունենալու համար կրկին պետք է ՇՄԱԳ անցներ։ Ընդ որում՝ սա էական հանգամանք է ոչ միայն պետական մարմինների կամ ընկերության, այլև «Լիդիանի» ցանկացած նոր պոտենցիալ ներդրողի կամ վարկատուի համար։

Ավելին, իրավաբանական համայնքի համար դեռ քննարկման հարց է՝ արդյոք իրավունքի ժամկետները առանց փաստացի փորձաքննության, օրենքի ուժով երկարաձգելը ինքնին չի՞ հակասում գործող օրենսգրքի վերոնշյալ դրույթին, որ առանց փորձաքննության ենթարկված նախագծի ընդերքօգտագործումն արգելվում է (Ընդերքի մասին օրենսգրքի երկու հոդվածների հնարավոր հակասություն՝ հոդված 50, մաս 2, հոդված 55.1, մաս 5)։ 

Ընկերությունը սակայն ժամկետի ավարտից հետո արդեն մեկ տարի է՝ համապատասխան հոդվածներով երկարաձգման համար չի դիմել, փոխարենը այդ ընթացքում Կառավարությունը լուծում է այս խնդիրը՝ օրենք փոխելով։ 

Մասնավորապես, հնարավորություն է տրվում որոշ հանգամանքների դեպքում ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել՝ արդեն առանց նոր ՇՄԱԳ անցնելու։ Ավելին, սրանով հակասություն կա նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և Ընդերքի մասին օրենսգրքի մեջ, քանի որ առաջին օրենքը հստակ պահանջում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ առանց բացառությունների։ 

«Լիդիանի» շահառու լինելը հատկապես ընդգծվում է հետևյալ հանգամանքներով՝ 

  • ներկայացված օրենքի նախագիծը ոչ միայն հետադարձ ուժ տալու հնարավորություն է ստեղծում, այլև դա անում է շատ կասկածելի ժամկետի համար՝ 4 տարի՝ «եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում»։ Ինչո՞ւ ոչ 2, եթե խոսքն առավելապես պատերազմական շրջանին էր վերաբերում, ինչո՞ւ ոչ 5 կամ 10: «Լիդիանի» նկատմամբ քաղաքացիական անհնազանդության ակցիաները սկսվել են ուղիղ 4 տարի առաջ։ Ընդ որում՝ հանրային քննարկման դրված օրենքի նախագծային տարբերակում նման ժամկետ սահմանված չի եղել.
  • ավելին, եթե հանրային քննարկման դրված տարբերակում թվարկված հանգամանքները կրկնում էին օրենսգրքում առկա 30-րդ հոդվածի նույն հանգամանքները, ապա գործադիրի հավանությանն արժանացած և այսօր ընդունված տարբերակում ավելացվել է քաղաքացիական անհնազանդությունը՝ որպես անհաղթահարելի ուժ։ Ժողովրդավար կառավարությունն այս քայլով փաստացիորեն և իրավական առումով քաղաքացիական անհնազանդությունը հավասարեցնում է պատերազմին, բնական աղետին, ահաբեկչությանը։

Աղետալին այն է, որ Կառավարությունը սույն օրենքում տվել է նաև քաղաքացիական անհնազանդության սահմանումը, մասնավորապես «…քաղաքացիական անհնազանդություն՝ հասարակության կողմից հավաքների կազմակերպման միջոցով իրականացվող բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են իշխանության կամ կառավարության վարած քաղաքականության կամ ծրագրի դեմ»

Ուշագրավ է, որ սահմանման մեջ չկա որևէ հակաօրինական գործունեության ակնարկ, ավելին, շեշտվում է, որ խոսքը հանրության կողմից հավաքների կազմակերպման մասին է, ինչը համարվում է սահմանադրական իրավունք։ 

Այնինչ անհնազանդություն տերմինը մեր օրենսդրությամբ հիմնականում օգտագործվում է իրավախախտ գործունեության կոնտեքստում և ենթադրում է համապատասխան մարմինների գործողություն, օրինակ՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողները իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարած անձանց ձերբակալելու, ոստիկանության զորքերի զինծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ»: 

Տարբեր դատական վճիռներում խոսվում է զանգվածային անհնազանդության (ոչ՝ քաղաքացիական) և բռնության դրդելու համատեղ խնդրի մասին կամ իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու անհնազանդության մասին։ 

Այս դեպքում հարց է առաջանում. եթե խոսքը օրինական պահանջների մասին է, ապա պետությունն ինչո՞ւ է թույլ տվել այսքան տարի այդ պահանջը անհնազանդությամբ չկատարվի։ Միգուցե ցուցարարների սահմանադրական իրավունքը չխախտելո՞ւ համար։ 

Եվ Սահմանադրության մասին։ Հավանաբար, անգամ տոտալիտար երկրներում դժվար է գտնել օրենքի ուղղակիորեն ձևակերպված դրույթ, երբ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ կամ կառավարության վարած քաղաքականության դեմ հավաքները ներկայացվեն որպես ֆորսմաժորային քաղաքացիական անհնազանդություն։ Այլ հարց է, որ ակցիաներն ուղղված էին առաջին հերթին ընկերության դեմ, սակայն իրավական առումով հետաքրքիր է նաև՝ ինչ ասել է իշխանություն։ Կուսակցակա՞ն իշխանություն։ 

Սահմանադրության երկրորդ հոդվածը միակ հոդվածն է, որում «իշխանություն» բառն օգտագործվում է առանձին, այն էլ՝ որ այն բացառապես պատկանում է ԺՈՂՈՎՐԴԻՆ. «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: 

Մյուս բոլոր հոդվածներում հստակորեն նշվում են օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն կամ գործադիր իշխանություն։ 

Ստացվում է, Ընդերքի մասին օրենսգրքով այս վարչակազմը սահմանել է կառավարությունը (գործադիր իշխանություն) և դրանից առանձին, անհասկանալի (ոչ դատական, ոչ օրենսդիր) «իշխանություն» նոր տերմինը։ 

Եթե խոսքը ՀՀ իշխանության մասին է, ապա առնվազն կառավարությունը չպետք է առանձնացվեր այդ տերմինից, իսկ եթե խոսքը հանրային իշխանության մասին է, ապա ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ՝

«Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Ուստի, սույն օրենքը որպես նախադեպ իրավաբանական հանրույթի կողմից խորապես ուսումնասիրման կարիք ունի՝ վտանգավոր նախադեպ չդառնալու համար։ 

  • Նախագիծը ներկայացնող նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը իր հարցազրույցներից մեկում հերքել էր, թե այս փոփոխությունները հատուկ «Լիդիան Արմենիա»-ի համար են արվում. 

«Կառավարությունը չի կարող միայն մեկ կազմակերպության համար ինչ-որ օրենսդրական փոփոխության գնալ»: Փոխնախարարի խոսքով՝ այսպիսի իրավակարգավորման անհրաժեշտությունը նաև 44-օրյա պատերազմն է ցույց տվել, երբ բազմաթիվ հանքարդյունաբերող ընկերությունների տեխնիկան պետությունն էր օգտագործում, ինչի պատճառով այդ կազմակերպությունները չէին գործում, սակայն վերջիններին փոխհատուցում տալու որևէ մեխանիզմ չկար:

Պարզ հակադարձում. «Ռազմական դրության մասին» օրենքով կարգավորվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման հետ կապված հարաբերությունները, անգամ այդ նպատակով գոյություն ունի առանձին հոդված, որում ոչ միայն նշվում է գույքի վերադարձի, վերադարձն անհնարին լինելու դեպքում՝ փոխհատուցման, այլև բաց թողնված օգուտի փոխհատուցման մասին։ Ուստի մեր օրենսդրությամբ օրինական հիմքերով լուծված է վերոնշյալ խնդիրը:

  • Ընդերքի մասին օրենսգրքի վերջին փոփոխություններին վերադառնալով, նշենք նաև, որ Հովհաննես Հարությունյանը հիմնավորել է, որ «նշյալ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրի 2.8-րդ կետի և 2021 թ. նոյեմբերի 18-ի ՀՀ Կառավարության N 1902-Լ որոշման «ՏԿԵ նախարարություն» բաժնի 21.1-րդ կետի պահանջից: 

Օրենքի նախագծում չկա որևէ դրույթ, որով որևէ կերպ սահմանափակվում է հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը կամ Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունքը»:
Այս առումով ավելացնենք, որ նախագիծն ավելի վաղ է շրջանառվել, քան նշված հիմքի ընդունման ամսաթիվը՝ 2021 թ. նոյեմբերի 18-ը, ուստի մեկը մյուսից իրավաբանորեն բխելու ժամանակագրությունը խախտված է։ 

Բացի այդ, ինչն առավել կարևոր է, վկայակոչված կետը չի սահմանում ՇՄԱԳ գործընթացից հրաժարում, ինչը առաջարկվել է արդեն օրենքի նախագծում և որն էլ հիմնական խնդիրն է։ Իսկ ՇՄԱԳ չանցկացնելը փոփոխված նախագծի դեպքում, ինչը նախկինում պահանջվում էր, զրկում է հանրությանը դրա վերաբերյալ հանրային լսումների մասնակցելու իրավունքից։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության նիստում նման կարևորագույն հարցը ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում։ Ստացվում է՝ կա՛մ հանրային ուշադրություն չգրավելու համար միտումնավոր է նման որոշում կայացվել, կա՛մ երկրի վարչապետին, որը հանրության հետ Ամուլսարի և, ընդհանրապես, ընդերքօգտագործման վերաբերյալ ուղիղ եթերով միշտ մանրամասն զրուցում էր կարևոր հարցերի շուրջ, իսկապես չի զեկուցվել։ Ծածկադմփոցը միանշանակ է, սակայն վարչապետից, թե հանրությունից՝ դեռ պարզ չէ։

Այս կետը ամփոփենք Ամուլսարի թեմայով մի առիթով իշխանական թիմի կանաչ պատգամավորներից մեկի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի խոսքով. «Մենք այսօր ժառանգել ենք տարիներ շարունակ ոլորտը կարգավորող և որոշումներ կայացնող ինստիտուտների թույլ և չկայացած մի համակարգ, թերի և չգիտես ում «հագով կարված» ընդերքի օրենսդրություն, բազմաթիվ ընդերքօգտագործման թույլտվություններ, որոնց շրջանակներում գործող հանքերի կողմից հասցված և հասցվող վնասի իրական ծավալների մասին ճշգրիտ պատկերացում չունենք»: 

Պարադոքսալ է, երբ նման կարծիք արտահայտող անձը, ունենալով որոշում ընդունելու բոլոր հնարավորությունները, անձամբ կողմ է քվեարկում որևէ մեկի «հագով կարված» ամենամեծ կասկածները արտահայտող օրենքին։ 

Շարունակությունն՝ այստեղ

Մարի Ներսեսյան

MediaLab.am