Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն պատասխանել է Ռոսսելխոզնադզորի հրապարակմանը

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Հայտարարության մեջ նշվում է․ «Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։

Հրապարակման մեջ նշված մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում կաթնամթերքի արտադրության մեջ դրա օգտագործման և Ռուսաստանի Դաշնություն արտահանման շղթային։ Նշենք, որ Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։ 

Առաջացած խնդիրը քննարկվում է ռուսական կողմի հետ, արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կարող է դիտարկել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Ռոսսելխոզնադզորում» նշել են, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ն ընկած ժամանակամիջոցում քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողներից կաթնամթերքի հետագա մատակարարումների հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի Հայաստանի Հանրապետության կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների սահմանափակումներ մտցնելու հարցը», – հայտնել են գերատեսչությունում։

«Հայտնաբերված խախտումների բնույթը նաև վկայում է Պետական ​​անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչի պատճառով առաջանում են Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներկրման վտանգներ», – ասված է հաղորդագրության մեջ։

Այս կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ տեսչական ստուգման ենթարկված երկու ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով։

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին: