Հուլիսի 28-ի գիշերը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը, ըստ պաշտոնական տվյալների, խոցվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի կողմից։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ժամը 20:30-ից մինչև առավոտյան 06:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 390 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից», – գրել է Սոբյանինը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ Չեխով քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է Զեմսկայա փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։ Վնասվել են շենքի ճակատային հատվածը և երկու բնակարան, սակայն տուժածներ չկան։
Բացի այդ, Վաուլովո գյուղի «Դուբրավա» այգեգործական համայնքում հրդեհվել է մասնավոր տունը, իսկ Դուբնա գյուղի «Ռոմաշկինո» այգեգործական համայնքում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են ամառանոց։ Երկու դեպքերում էլ զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
Գիշերը Մոսկվայի մարզում հայտարարվել էր նաև անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ։ Մոսկվայի ժամանակով ժամը 06:41-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ տագնապը դադարեցվել է։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանափակումներ էին մտցվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովոյում, Ժուկովսկիում և Դոմոդեդովոյում։ Ավելի ուշ Ժուկովսկի օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու իրականացումը՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ։
Մոսկվայի մարզից բացի, հուլիսի 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի տեղեկացմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը Տագանրոգի ծոցի ջրային տարածքում ոչնչացրել են մի քանի անօդաչու թռչող սարք։
Միաժամանակ Լենինգրադի մարզում նույնպես հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ, ինչի հետևանքով Պուլկովոյի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել էր իր աշխատանքը։ Ավելի ուշ այն վերսկսել է չվերթների ընդունումն ու իրականացումը՝ նախնական համաձայնեցմամբ։



















