Աբովյանի հողամասերի օտարման քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ Ծառուկյանի փեսային. Համայնքին վնասը 454 մլն դրամ է

Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումներին վերաբերող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 3 անձի, տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի դեկտեմբերի 28-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում, կառուցվել է պահակատուն, որոնք ևս գրանցվել են որպես Աբովյան համայնքի սեփականություն:

2014-ին, սակայն, Աբովյանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մ․Հ-ն, պայմանագրային հիմունքներով իրենց հետ համագործակցող՝ չափագրմամբ և հաշվառմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցներին ներկայացնելով հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, հորդորել է առանց ուսումնասիրություններ ու ստուգումներ կատարելու, տրամադրել եզրակացություն՝ հիշյալ 5,9 հա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու և գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունենալու վերաբերյալ։ Ապա այն ստանալով՝ ներկայացրել է Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում և վերագրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը՝ որպես «գյուղատնտեսական նշանակության»: 2014 թվականի սեպտեմբերի 29-ին հողամասը կադաստրային 420 հազար 500 դրամ արժեքով, Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան անձանց միջոցով կազմակերպված ձևական աճուրդի միջոցով օտարվել է մի քաղաքացու՝ որպես շինություններով չծանրաբեռնված հողատարածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հողամասը փաստացի տնօրինել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ․ Գ․-ն, իսկ գործարքներին ակտիվ մասնակցություն է ունեցել վերջինիս օգնական Մ․Հ․-ն:

Նկատնեք, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Դատախազությունը հայտնում է, որ բացի այդ, պարզվել է, որ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ն 2014 թվականի ապրիլին, առանց իրավական հիմքի, ստորաբաժանման աշխատակցին հանձնարարել է Աբովյան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 10,05 հա «բնակավայրերի նպատակային նշանակության» բնակելի կառուցապատման՝ խորհրդային տարիներից բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կատարված անավարտ շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը փոխել «գյուղատնտեսականի»։

Դրա հիման վրա նույն թվականի մայիսի 14-ին, հաշվի առնելով արդեն կադաստրային քարտեզում անհիմն կատարված փոփոխությունը՝ նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության:

Ապա Աբովյան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ․ Գ․-ի առաջարկը, որոշում է կայացրել նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին` աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքով մեկ հեկտարի համար 29 միլիոն 400 հազար դրամի փոխարեն հաշվարկելով 67 հազար 500 դրամով:

Այնուհետև, Աբովյանի քաղաքապետ Կ․Գ․-ն, հանդիսանալով համայնքային հողերի աճուրդների կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ընդամենը 712 հազար 400 դրամով օտարել է ՍՊԸ-ին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գնորդ ընկերությունը փաստացի պատկանել է Կ․Գ․-ին, 2015-ի մարտի 17-ին նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցվել են Կ․Գ․-ի հետ փոխկապակցված անձ Վ․Հ․-ի կնոջ անվամբ: Ընդ որում, 5.9 հա հողամասի մի մասը ևս փոխանցվել է Վ․ Հ․-ի որդուն:

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնական լիազորություներն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությոնները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված 10.05 հա հողամասը գտնվում է ոչ թե տվյալ համայնքի համար սահմանված տարածագնահատման 8-րդ, այլ՝ 7-րդ գոտում, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հողամասերի օտարման նպատակով 1 հա հողամասի կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 29 միլիոն 400 հազար դրամ, այլ՝ 45 միլիոն 240 հազար դրամ: Այսինքն, ենթադրյալ հանցագործությամբ համայնքին պատճառվել է ոչ թե 294 միլիոն 757 հազար 600, այլ 453 միլիոն 949 հազար 600 դրամի վնաս:

Հունիսի 25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ-ին առաջադրված մեղադրանքը, վերոնշյալի հետ կապված, փոփոխվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Աբովյան համայնքի նախկին լիազորված անձ Մ․Հ-ին:

Հանցագործությամբ պատճառված 453 միլիոն 949 հազար 600 դրամ վնասից մեղադրյալներ Դ․Գ․-ի և Կ․Գ․-ի կողմից ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին է փոխանցվել 390 միլիոն 757 հազար 600 դրամ: Նախաքննության ընթացքում վերը նշված հողատարածքների վրա դրվել է արգելանք՝ դրանց հնարավոր օտարումը բացառելու նպատակով։

Դատախազությունը հայտնում է, որ պատշաճ դատախազական հոկողության պայմաններում քրեական գործով նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ 5.9 հա հողամասի օտարման օրինականությունը պարզելու, 10.05 հա հողամասի օտարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների հանգամանքները, դրանց կատարմանը մասնակցություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ