Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Հեղինակ MediaLab

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառվարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: