«Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ ծրագրերը քննարկվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի միջև:

Հանդիպման ընթացքում Նախագահին ներկայացվել են Արցախում և Սյունիքի մարզում Հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ներկայումս ընթացող աշխատանքների ծավալի և տեմպի վերաբերյալ`խրախուսելով ավելի մեծ ջանքեր գործադրել հայրենիքի շենացման գործում: 

Հիմնադրամն Արցախում արդեն իսկ իրականացնում է շուրջ 30 մլրդ․ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք մասնավորապես ուղղված են տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը: Ստորև ներկայացված կենսական ծրագրերն ուղղված են պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը․

  • Ավելի քան 1000 բնակարանի և տան կառուցում Ստեփանակերտում և հարակից համայնքներում՝ Շուշիից, Հադրութից և այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքի համար, 
  • Համայնքային և համապետական նշանակության 50կմ ճանապարհների վերակառուցում, 
  • Իվանյան և Չլդրան համայքների դպրոցների հիմնանորոգում, 
  • Չլդրան և Հաթերք համայնքների ջրամատակարարման ցանցի կառուցում, 
  • Արցախի պետական համալսարանի վերանորոգման և կառուցման աշխատանքներ, 
  • Արցախի 10 դպրոցներում երկարօրյա կրթության համար նախատեսված դասասենյակների վերանորոգում և խոհանոցների կառուցում: 

Արցախի և Հայաստանի համար այս կարևոր և վճռական փուլում «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իր աշխարհասփյուռ նվիրատուների և գործընկերների միջոցով, շարունակում է աջակցել Արցախին՝ լուծելու երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և դուրս գալ հետպատերազմյան իրավիճակից: 

Նախագահը Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է նաև սեպտեմբերից Սյունիքի մարզում մեկնարկող ընդհանուր շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրերին վերաբերող հարցեր: 

Հանրապետության նախագահի՝ ապրիլ ամսին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո, նախագահի հանձնարարությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել էին մարզ, հանդիպումներ ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների հետ: Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում կազմվել է Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրների ծրագիր՝ համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծման նպատակով: 

Սույն ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և կիրականացվի փուլերով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Հանրապետության​ նախագահի աշխատակազմի համատեղ ուժերով և մասամբ նաև՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական աջակցությամբ: 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։