ՀԱՊԿ-ը Փաշինյանի դիմումն ընդունել է ի գիտություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունն ընդունվել է ի գիտություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ համապատասխան աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել է նա:

Զայնետդինովը հիշեցրել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպմանը կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել՝  առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև պետական սահմանների տվյալ հատվածում իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա: