Քաղաքական փոփոխություններից հետո Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը շեշտակի նվազել է․ միգրացիոն ծառայության պետ

Քաղաքական փոփոխություններից հետո  Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը շեշտակի նվազել է․ միգրացիոն ծառայության պետ
Քաղաքական փոփոխություններից հետո Եվրոպայում Հայաստանից ապաստան հայցողների թիվը շեշտակի նվազել է․ միգրացիոն ծառայության պետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

– Պարո՛ն Ղազարյան, Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան հայցողներն ի՞նչ պատճառաբանություններ են հիմնականում ներկայացնում: Հայտնի է, որ եվրոպական մի շարք երկրներ Հայաստանը դասում են անվտանգ երկրների շարքը, այսինքն՝ քաղաքական հիմնավորմամբ ապասատան ստանալու շանսերը քչանում են: 

– Հիմնականում մենք կարող ենք պատկերացում կազմել առողջապահական դեպքերի հետ կապված: Դրա մասին վկայում են տվյալները, որոնք հիմնականում ստացվում են այն աջակցության ծրագրերից, որոնց դիմում են ռեադմիսիայի ենթարկված մեր քաղաքացիները: Այսինքն՝ նրանք, ովքեր վերադարձվում են ռեադմիսիայի շրջանակներում, տարբեր հասարակական կազմակեպություններ կան, որոնք օժանդակում են այդ անձանց: Վերջերս մենք միացել ենք Եվրոպական վերադարձի և վերաինտեգրման ցանցին:

Մենք ունենք նաև վերադարձողների աջակցության մեկ պատուհան ծառայությունը, որը տվյալ քաղաքացիներին ուղղորդում է, թե որ ծրագիրն ավելի հարմար կլինի իրենց դեպքի համար: Եվ այդ քաղաքացիների պատմությունները հաշվի առնելով՝ մենք նկատում ենք, որ մեծ են առողջապահական խնդիրների հետ կապված հարցերը:

Դրա մասին է վկայում նաև այն վիճակագրությունը, որը ունենք՝ կապված ռեադմիսիայի հետ: Հարկադիր վերադարձը մեծ մասամբ գալիս է Գերմանիայից, և մենք գիտենք, որ Գերմանիայում առողջապահական ծառայությունները տրամադրվում են շատ ավելի որակով ու մատչելի: Շատ են քաղցկեղի, երիկամային հիվանդությունների հետ կապված դեպքերը: Դրա մասին է վկայում նաև այն, որ տվյալ անձանց Գերմանիայում չի տրվում փախստականի կարգավիճակ, որովհետև չկան քաղաքական և այլ տիպի հետապնդման պատճառներ, որոնք նախատեսված են 1951 թվականի Ժնևի կոնվենցիայով, այլ հաճախ նրանց տրվում է հումանիտար պաշտպանության կարգավիճակ, այն է՝ հենց այդ բժշկական և առողջապահական խնդիրների հիմքով:

– Հարկադիր վերադարձող անձանցից տեղեկություններ էին ստացվում, որ անգամ քաղցկեղով հիվանդ մարդկանց են Գերմանիայից հետ վերադարձնում: Այսօր հե՞շտ է հիվանդության բուժման համար այդ կարգավիճակը ստանալը:

– Ընդհանուր առմամբ եվրոպական երկրները խստացրել են միգրացիոն քաղաքականությունը: Եվ դա իրականում մեզանով պայմանավորված չէ, այլ պայմանավորված է այն միգրացիոն մարտահրավերներով, որոնք Եվրոպան ունի ընդհանուր առմամբ: Կան նաև ձեր նշած դեպքերը, բայց Հայաստանի և Եվրամիության միջև կնքված ռեադմիսիոն համաձայնագրում նշված է, որ եվրոպական կողմը նախապես պարտավորվում է տեղեկացնել, եթե կան նմանատիպ առողջապահական խնդիրներ: Եվ նման տեղեկացումների որոշակի դեպքեր ունեցել ենք: Ասեմ նաև, որ մենք ներկայումս ևս աշխատում ենք այդ ուղղությամբ, դեռևս շատ փակագծեր չեմ ցանկանում բացել: Երբ կլինեն կոնկրետ ծրագրեր ու արդյունքներ, այդ մասով հանրությանն անպայման կտեղեկացնենք:

– Վերջին ամիսներին ի՞նչ միտումներ են արձանագրվում, ԵՄ անդամ երկրներից վերադարձվողների թիվը մեծացե՞լ է:

– Ես կներկայացնեմ 2018 թվականի վիճակագրությունը, որն արդեն ամփոփվել է: Մենք նախորդ տարի 8 եվրոպական երկրից ենք ստացել ռեադմիսիոն հայցեր, ընդհանուր առմամբ 989 ռեադմիսիոն հայց՝ 1995 անձի վերաբերյալ: Եվ մենք այդ թվից հաստատել ենք 1670-ի քաղաքացիությունը, այսինքն՝ մենք ասել ենք՝ այո՛, տվյալ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Բայց դա իրական վերադարձի ցուցանիշը չէ: Իրական վերադարձի ցուցանիշը դեռ ամփոփված չէ, մենք 2017 թվականի տվյալներն ունենք՝ մոտ 1470 մարդու մասին է խոսքը:

– Իսկ 2018 թվականին մոտ քանի՞ տոկոսով կարող էր ավելանալ այդ մարդկանց թիվը:

– Եթե մենք զուտ հայցերի թվով ենք նայում, ապա կարող ենք ասել, որ ավելացել է այդ թիվը: 2017 թվականին մենք ստացել էինք 869 հայց՝ 1743 անձի վերաբերյալ և հաստատել էինք 1361-ի քաղաքացիությունը: Իսկ 2018-ին, արդեն նշեցի, 1670-ի քաղաքացիությունն ենք հաստատել: Հաստատված քաղաքացիության թվով առաջին տեղում Գերմանիան է, հաջորդում են Ավստրիան, Ֆրանսիան, Նիդերլանդները: Այսինքն՝ հենց այս երկրներն են խստացված միգրացիոն քաղաքացիություն վարում:
Ի դեպ, այսօր նաև Եվրոպական վիճակագրական ծառայությունը (Եվրոստատ) 2018 թվականի տվյալներն է հրապարակել: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Եվրամիության անդամ 28 երկրներում Հայաստանից ապաստանի հայցերի քանակը նվազել է: Եվ նվազումը եղել է շեշտակի: 2017 թվականին ԵՄ անդամ 28 երկրներում և եվրոպական ազատ առևտրի չորս երկրներում միասին Հայաստանից 6875 հայց է եղել, իսկ 2018 թվականին այդ թիվը իջել է 4815-ի:

– Ինչո՞վ եք բացատրում այս նվազումը:

– Երկու բացատրություն ունենք դրան: Առաջինը հենց եվրոպական երկրներում միգրացիոն քաղաքականության խստացումն է, իսկ երկրորդ պատճառը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են: Այն վանող գործոնը, որը քաղաքական գործոնն էր, ինչի հետևանքով մարդիկ հեռանում էին Հայաստանից, ըստ էության չեզոքացվել է:

– Այդուհանդերձ, ինչ տեղեկություններ ունեք՝ ԵՄ երկրներում հանձնվող հայաստանցիները հիմնականում ի՛նչ մեթոդներ են հիմա գործի դնում: Օրինակ՝ կրոնական և ԼԳԲՏ հարցերը որքանո՞վ են շոշափվում:

– Ես կասեմ հետևյալը: Քանի որ դրանք պատճառներ են, որոնք ապաստան հայցելիս անձը տրամադրում է այն երկրի միգրացիոն մարմիններին, ովքեր ընդունում են ապաստանի հայցը, և այդ ինֆորմացիան համարվում է կոնֆիդենցիալ, հետևաբար, այդ ինֆորմացիան մեծ հաշվով չի հրապարակվում:

Լուսանկարը` Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am