Հայկական համադպրոցական գիտության փառատոն. եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում  (հասցե՝ ք. Երևան, Տերյան 105), մեկնարկը՝ ժամը 10:00-ից:

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ սովորողների  շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտություններ:

Համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտները գիտական ղեկավարների աջակցությամբ իրականացրել են անհատական կամ խմբային (մինչև 3 աշակերտ) գիտահետազոտական նախագծեր, որոնք կներկայացվեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Միջոցառմանը մասնակցելու են Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 20 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտներ` ներկայացնելով 44 գիտահետազոտական նախագիծ:

Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Այդ փուլը հաղթահարած մասնակիցները կպարգևատրվեն վկայագրերով և մրցանակներով,  ինչպես նաև առավելագույն միավոր ստացած նախագիծը սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած  ժամանակահատվածում կներկայացվի (առցանց եղանակով) ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի կունենան հայ գիտնականների դասախոսություններ` հետևյալ թեմաներով.

  • «Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ),
  • «Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան):

Կկայանա նաև գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:

Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։