Համազգայինի դերասանները համավարակի օրերին հեռախոսով ֆիլմաշար են նկարահանել. Ազատ, անգործ չմնալ և ստեղծել հետաքրքրություն մարդկանց համար

Կորոնավիրուսի համաճարակը, դրանով պայմանավորված պարտադրված հանգիստը չեն խոչընդոտել, որ Համազգային թատրոնի դերասանները իրավիճակին համահունչ նոր նախագծով հանդես գան:

Տանը փակված լինելով, պարապուրդի մեջ՝ նրանք ոչ միայն չեն ընկճվել և դադարել ստեղծագործել, այլև նոր հմտություններ ձեռք բերելով՝ իրենց իսկ հեռախոսով, իրենց իսկ տնից նկարահանումներ են կատարել: Եվ արդյունքը 7-մասանոց ֆիլմաշարն է՝ Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի հիման վրա:

Ֆիլմաշարի հեղինակ, Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ նախագծի նպատակն էր ազատ չմնալ, անգործ չմնալ և ստեղծել հետաքրքրություն մարդկանց համար, որ տանը մնան և հետաքրքիր ժամանց անցկացնեն:

https://www.facebook.com/Sos.Theatre.Armenia/videos/724489415048866/

«Բնականաբար, պետք է արժեքավոր մի բան անել, դիմեցի գրական գործերին: Ընթերցում էի Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպը, համընկնումները շատ էին: Որ գիրքը ձեռքս առա, սկզբից չկարդացի, այլ գրքի կեսերից, պատմում էր սուրբ հոգի բաժանելու տեսարանի մասին, թե ինչպես են մարդիկ սուրբ հոգին առնում ու նստում տունը, սկսում չաշխատել, էդտեղ էլ զուգահեռներ անցկացրեցի, էդ պահին շատ փակ վիճակ էր, մարդիկ չէին աշխատում»,- ասում է Գևորգյանը:

Նշում է, որ հիմնական նյութը կազմվել է գրքի սկզբի վրա, ըստ Գևորգյանի, ֆիլմաշարը առիթ է ստեղծում, որ վիդեոները նայելուց հետո շատերի մեջ ցանկություն առաջանա ընթերցել գիրքը, բայց տեսաշարքն ինքնին ավարտուն, առանձին ստեղծագործություն է:

Թեև իրավիճակը անսովոր է եղել դերասանական թիմի համար, ձևաչափը՝ նույնպես, հաջողելու վախ և թերահավատություն ևս եղել են, սակայն դերասանների խումբը համարձակությամբ և ոգևորությամբ է կատարել աշխատանքը:

«Հավատը սկզբից շատ չի եղել, ում պատմում էի, որ պետք է ձեզ հեռախոսով նկարեք, կամ ում այս նախագծի մասին պատմում էի, ենթադրում էին, որ պետք է կիսապրոֆեսիոնալ բան լինի, բայց քանի որ վիդեոյի հետ աշխատելու փորձառություն ունեի, գովազդների նկարահանման և տարբեր նկարահանումների փորձ ունեմ, նաև իրենց ուղղորդում էի, թե ինչպես պետք է նկարվի, ինչպիսի միջավայր ընտրել: Հեռախոսով և ինքնուրույն են արված նկարահանումները, բայց բոլորի մոտ կադրը էսթետիկա ունի, շատերը, գուցե կիսահավատալով, բայց պատրաստակամ արեցին»,- ասում է Վարշամ Գևորգյանը:

Ֆիլմում նկարահանված դերասանուհի Նարինե Գրիգորյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ ոչինչ, այդ թվում՝ համավարակը, չի կարող խանգարել մարդուն, երբ նա ուզում է ստեղծագործել. «Այս ընթացքում մենք նաև օպերատոր դարձանք։ 

Ես հաճախ եմ եղել տեսախցիկից այն կողմ, բայց որ տեսախցիկը իմ ձեռքին լինի, այնքան նրբություններ իմացա հենց ստեղծման տեսանկյունից, կադր բռնելու, իմ դեմքը կադրում տեսնելու տեսանկյունից։ Երբ ես ու Սերգեյն էինք կադրում, մեր Եվան էր (աղջիկը) նկարում (ժպտում է)»։ 

Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վեպի հիման վրա պատրաստված ֆիլմաշարի առաջին մասը կցուցադրվի հուլիսի 10-ին՝ ժամը 20:00-ին, թատրոնի Ֆեյսբուքի էջում:

Վարշամ Գևորգյանը հատկապես համավարակի շրջանում ընդգծում է արվեստի կարևորությունը՝ մարդկանց սփոփելու, հուսադրելու առումով:

«Չպետք է հանգիստ նստել, հիմա գործելու ժամանակն է: Մենք պետք է թատրոնի գործունեությունը ակտիվ պահենք որևէ ձևով, սա այդ ձևերի փնտրտուքներից էր, թե ինչպես պետք է ակտիվ պահել: Գուցե ավելի նոր մտահղացումներ ծնվեն, բայց անպայման պետք է կապ պահել հանդիսատեսի հետ և օգնել մարդկանց՝ անցնելու այս դժվարին վիճակների միջով»,- նշում է դերասանը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am