Պատերազմի հետքը. մահ, վշտի անատոմիա և հրաժեշտ, երբ «պետք է պատրաստ լինել, սովորել ու ապրել ցավի հետ»

Պատերազմն առաջին հերթին ասոցացվում է մահվան հետ: 44-օրյա պատերազմը հազարավոր զոհեր բերեց, ու մահվան լուրը շատերի համար դարձավ կյանքի մի մաս, բայց, որ ամենավատն է, երբեմն թվում է, թե այլևս հնարավոր չէ շարունակել կյանքը ամենամտերիմ մարդու մահից հետո, մինչդեռ մարդու հոգեկան աշխարհի նման ռեակցիաները նորմալ երևույթ են, ասում է հոգեբան, հոգեթերապևտ Իզաբելլա Ղազարյանը՝ պետք է պատրաստ լինել, սովորել ու ապրել ցավի հետ։ 

«Պատրաստ լինել՝ չի նշանակում հանգիստ ու անտարբեր լինել ոչ սովորական իրավիճակներում, օրինակ՝ մահվան լուրը լսել ու ասել՝ հա, դե լավ։ Թեպետ նման արձագանքն էլ է համարվում պաշտպանական ռեակցիա, արգելափակվում, խլացվում են որոշակի ցավոտ էմոցիաներ։ Եթե մենք որպես անձ կայացած ենք, սթրեսակայուն, ապա ոչ նորմալ իրավիճակին մեր նորմալ արձագանքը մեզ, մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը կպահի հավասարակշռության մեջ»,- ասում է հոգեբանը։

Եթե ոչ նորմալ, օրինակ՝ պատերազմական իրավիճակում մարդն ահասարսուռ զգացողություններ է ունենում, ապա դա լրիվ նորմալ է։ Պետք է թույլ տալ զգալ այդ սարսափը։ Սթրեսի հայտնի երեք ռեակցիա կա՝ վազել, խփել և սառել։ Խնդիրը հենց այն է, որ հնարավոր է հոգեկանի մի մասը սառած մնա ու հետագայում արտահայտվի տագնապային վիճակի, անքնության և այլ ձևերով։ 

«Ժողովուրդն ասում է՝ տաք է, դեռ չի զգում։ Մեր ամբողջ ուժերը մոբիլիզացված են, չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, բայց կարող ես ինքդ քեզ հաշվետու լինել՝ ես հիմա սառել եմ, շոկի մեջ եմ։ Կարելի է մարմնի մոնիթորինգ անել՝ ձեռքերս սառչում են, սիրտս դողում է, և սա օգնում է, որ հետ գաս»,- ասում է հոգեբանը։

Կորուստը և վիշտը սպեցիֆիկ հոգեվիճակ են համարվում, որն ունի իր ընթացակարգը, տարբեր տևողությամբ իրար փոխարինող հոգեվիճակներ, որ մարդը պետք է անցնի: Այստեղ նորմալ կամ աննորմալ արձագանքը չափվում է ժամանակով, այլ ոչ թե ախտանշաններով։ Մարդը կարող է թարմ վշտի մեջ լինել ու շատ վատ լինել, կարող է անքնություն ունենալ, մահացածն աչքին երևա, ձայներ լսի, նրա հոտը զգա, ինչը վշտի պարագայում հոգեկանի նորմալ արձագանք է համարվում, բայց եթե այս վիճակը պահպանվում է երկար ժամանակ, սա արդեն կարող է խնդրի մասին վկայել։ Ո՞րն է համարվում երկար ժամանակ։ Մասնագետը նշում է, որ սովորաբար 1 տարին համարվում է նորմալ, դրանից հետո արդեն պետք է անհանգստանալ։

«Չինացիներն ասում են՝ չորս եղանակ պետք է փոխես, առանց այդ մարդու ապրես։ Մինչ այդ ինչ կատարվում է, լրիվ նորմալ է, իսկ եթե 1,5 տարի հետո շարունակվում է, կամ սկսվում է ախորժակի, քաշի կորուստ, հոգեսոմատիկ ախտանշաններ՝ գլխացավ, փսխում, խուճապային գրոհներ, խոր դեպրեսիվ վիճակ, կյանքի իմաստի կորուստ, ինքնասպանության մտքեր, մեկուսացում, շատերը թույլ չեն տալիս մահացածի սենյակի իրերին դիպչել, ընտանիքի անդամներին մազերը ներկել, միջոցառման գնալ և այլն, այս դեպքում արդեն կարող ենք խոսել վշտի պաթոլոգացման մասին: Սա կոչվում է բարդացված վիշտ, ու այստեղ միայն հոգեբույժի խորհրդատվություն, դեղորայքային բուժում են պետք, թեպետ հիմնական լուծում չկա, ու մարդը տարիներով դա տանում է իր հետ»,- նշում է Իզաբելլա Ղազարյանը։

Ըստ հոգեբանի՝ վշտի ապրման պրոցեսը մահացածին հրաժեշտ տալու պրոցեսն է, որը տևական և փուլային է։ Հրաժեշտ են տալիս մարդուն այս կյանքում ու տեղավորում նրան մեր ներսում որպես լավ հիշողություն, որպես մեր ուժ և այլն։ Սա ծանր պրոցես է։ Մարդը ցավի միջով է անցնում, ու ցավի դրսևորումներից մեկն էլ մեղքի զգացումն է։ Նորմալ է համարվում, երբ մարդը մեղքի զգացում է ունենում, իրեն մեղավոր զգում, որ չի կարողացել փրկել, օգնել, մտածում է՝ կարող էր ինչ-որ գործողություններ անել, ու իրավիճակն այլ ելք ունենար և այլն։ Մեղքի զգացումից չպետք է վախենալ, դա կապ ունի մեր խղճի հետ, ծանր, բայց մարդկային զգացողություն է, ասում է հոգեբանը։

«Այս դեպքում ևս, եթե, օրինակ, արդեն 3-4 տարի է անցել, ու մարդու հոգեվիճակում ոչ մի դրական դինամիկա չկա, նշանակում է ունենք վիճակի բարդացում։ Ցավը չի պակասում, եթե սիրած մարդուն կորցնում ես, սա նորմալ ռեակցիա է, և կյանքը սկսում է ձևավորվել ցավի շուրջ»,- նշում է նա։

Իզաբելլա Ղազարյանը նաև նշում է, որ կան իրավիճակներ, երբ մարդու վիշտը մեղմելու համար պետք է ճիշտ բառեր ընտրել ու գործողություններ անել, այլապես բառերն ու արված արտահայտությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։ Որպես օրինակ հոգեբանը նշում է հաճախ հանդիպող այնպիսի արտահայտություններ, որ արվում են և սխալ են՝ «Դե լավ, հերիք ա, էլ մի՛ լացի», «Էդքան շատ գերեզման մի գնա», «Ինքը հիմա ավելի լավ տեղում ա», «Իրան տարան, որովհետև հրեշտակ էր» և այլն։ Սրա փոխարեն երբեմն պետք է պարզապես լռել կամ բռնել հարազատի ձեռքը, կողքին լինել ու թույլ տալ վիշտն ապրել։ Կարելի է նաև առաջարկել խոսել, գնալ քայլելու, բայց բոլոր առաջարկներն էլ պետք է լինեն առանց կպչուն ձևերի։ 

Ցավի դրսևորումներից մեկն էլ չարությունն է, ագրեսիան։ Բայց սա, ըստ հոգեբանի, էներգիա է, ինչը լավ նշան է։ Եթե մարդ չարացած է, ավելի շատ է կապվում կյանքի հետ, քան եթե սառած է ու դեպրեսիվ տխրության մեջ։ Ագրեսիան մարդուն ապրեցնում է, պարզապես դիմացինը, սա իմանալով, պետք է կարողանա ավելի ներողամիտ գտնվել կամ պարզապես սահմաններ դնել ու չներխուժել նրա կյանք։ Եթե հնարավորություն կա, ապա պետք է նաև թույլ տալ, որ մարդը խոսի, արտահայտվի, դուրս գա ափերից ու իր համար ապահով միջավայր ստեղծի։ Նման իրավիճակներում լավագույն տարբերակը կարող է հոգեբանի սենյակը լինել, որտեղ անձը կկարողանա խոսել, լիցքաթափվել։ 

«Այդ էներգիայի տակ թաքնված ցավ ու անզորություն կան։ Իսկ եթե մարդ ինքն է զգում իր մեջ առաջացած չարությունն ու էներգիան, դա ավելի լավ նշան է, որ դիմում է ինչ-որ մեկին ագրեսիան դուրս հանելու համար»,- ասում է Իզաբելլա Վարդանյանը։

Մարդու մեծագույն ռեսուրսը իր ես-ն է, մարդն անսպառ ռեսուրս ունի։ Ծանր իրավիճակներում ես-ի մեծ մասը քանդվում է, բայց եթե առանցքը պահպանվում է, ասենք՝ աշխատանքի, թոռների, ամուսնության, նոր երեխա ունենալու տեսքով, ապա լավ է։ Սա պետք է լինի գիտակցված, ոչ թե արվի ցավը փակելու համար, այլ հասկանալով, որ սկսում է կյանքն ապրել , որ ցավը միշտ իր հետ է լինելու։

«Այստեղ ցավն է նաև մեծ ռեսուրս դառնում, որովհետև նրա դեմ այլևս չենք պայքարում, այլ սկսում ենք ընդունել, ու դա դառնում է մեր կյանքի մի մասը, եթե ունենք առողջ շրջապատ, մասնագիտական օգնություն։ Կարևորը ներսի ես-ն է, թե հիմա ինչը կդարձնեմ ինձ համար ռեսուրս։ Պետք է հիշենք, որ ցավը ցավ է ու չպետք վերածել ծաղիկի, ուղղակի ցավի շուրջը կարող են սիմվոլիկ ձևով ծաղիկներ լինել»,- նշում է հոգեբանը։ 

Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Փոդքասթը վարում է Լիաննա Խաչատրյանը

MediaLab.am