Հրաժարականից հետո որպես վարչապետի ժպ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրական արգելք չկա. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ որևիցե սահմանադրական արգելք չկա, որ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո նույն անձը շարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե հրաժարականից հետո վարչապետը չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար:

«Սահմանափակում, արգելք չկա: Շատ երկրներում, երբ վարչապետը, կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացնում, երկրի ինքնիշխանը ՝ կլինի դա միապետը կամ նախագահը, հանձնարարում է վարչապետին և նախարարներին կատարել պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Սա ձևավորված պրակտիկա է՝ բավականին շատ երկրներում առկա: Եվ ես խոչընդոտ չեմ տեսնում: Համենայնդեպս սահմանադրական որևիցե արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում, չկա»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ պետք է հաշվի առնել նաև այն կարևոր հանգամանքը, որ այս գործընթացը, վարչապետի հրաժարականը ոչ թե սոսկ սովորական հրաժարական է, այլ հրաժարական, որն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվի: Պատգամավորը նշեց, որ իշխանության վակումից խուսափելու համար գործադիրն իհարկե պետք է շարունակի իր գործունեությունը: Նա նկատեց, որ գուցե Հայաստանում սահմանադրական սովորույթների բացակայության խնդիր կա: «Օրինակ` Բրիտանիայում, երբ քաղաքական ուժերը գալիս են հայտարարի, որ անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ, վարչապետը ներկայացնում է հրաժարական միապետին, և միապետը հանձնարարում է նույն անձին և կառավարության անդամներին կատարել այդ գործառույթները»,-ասաց պատգամավորը:

Վարդանյանի խոսքով՝ արգելք չկա, վարչապետը նաև կարող է հանձնարարել, որ ժպ-ի գործառույթն իրականացնի մեկ այլ սուբյեկտ: «Սահմանադրական մարմինների միջև սահմանադրական վեճ այս պահի դրությամբ չկա, գործընթացը նորմալ հունով ընթանում է»,-ասաց պատգամավորը:

Սակայն նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում համատեղելիության խնդիր կարող է առաջանալ, պետք է այնպես անել, որ պետական ռեսուրսը չծախսվի նաև քարոզարշավի ժամանակ: