«Հիվանդության տարածվածությունը ահռելի է»․ շտապօգնության բժիշկը հորդորում է մարդկանց հնարավորինս զգույշ լինել

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ Դավիթ Գալստյանը, որ աշխատանքի ընթացքում հաճախ է կորոնավիրուսով վարարակիրների հետ շփվում, հորդորում է մարդկանց հնարավորինս զգուշություն ցուցաբերել, որպեսզի համակարգը կարողանա բուժօգնություն ցուցաբերել: 

«Անկախ ամեն ինչից, բոլորի տուն մտնելու է, բայց կարևոր է, որ դանդաղեցվի պրոցեսը, առողջապահության համակարգը հասցնի։ Ես կուզենամ՝ բոլորը ընկալեն, որ հենց հիմա առողջապահության համակարգը լուրջ պրոբլեմի առաջ է կանգնած։
Հերթի մեջ երկու հիվանդ ունենք, որ հենց տեղ բացվի՝ տեղափոխենք, պայքարում ենք, զանգում ենք տեղի համար՝ ազատվի տանենք, մահացություն չլինի»,- ասում է նա։

Բժիշկն ինքն էլ աշխատանքի ընթացքում անմասն չի մնացել կորոնավիրուսով վարակվելուց, թուլություն և ջերմություն զգալուց հետո՝ մարտի 23-ին, թեստավորվել է և ստացել դրական պատասխան։

Այդ ընթացքում թեպետ բարդություններ չեն դրսևորվել, սակայն այն համընկել է նաև դստեր ծնվելու օրվա հետ, և շուրջ 20 օր՝ չի կարողացել տեսնել կնոջն ու երեխային։

Ասում է, որ հիվանդանալով՝ նախ ավելի լավ սկսեց հասկանալ հենց վարակված պացիենտներին, նրանց կարիքները և նաև կյանքի հանդեպ այլ վերաբերմունք դրսևորելու հնարավորություն տվեց։

«Ինչքան շատ ենք զբաղված լինում, այնքան զբաղվածությունը թույլ չի տալիս գնահատել այն, ինչ ունենք։ Սովորական ազատությունը, օրինակ՝ անցնել ծառի տակով, ամեն անգամ ցավով էի նայում, որ տեսնում էի՝ մարդիկ են դրսում, հետո նայում էի՝ որտեղ էի ես, հատկապես որ, անորոշ է իրավիճակը։ Սկսում ես գնահատել այն, ինչին ժամանակին ուշադրություն չես դարձրել»,- նշում է նա։

Ասում է, որ ընտանիքը ևս շատ հուզված սպասում էր վերադարձին, և այդ օրերին հույս և թևեր էին տալիս բարեմաղթանքներն ու Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրված դրական խոսքերը։

Բժիշկը նշում է, որ աշխատանքի ընթացքում, եթե սկզբում կարծում էր, որ հիվանդությունը լուրջ չէ, ինքն էլ թեթև էր վերաբերվում, ժամանակի ընթացքում հասկացել է, որ այն բավական ագրեսիվ դրսևորում է ունենում։

«Մարդիկ գալիս են, ռենտգեն են անում, նորմալ է, երկու օր հետո КТ են անում՝ երկկողմանի թոքաբորբ։ Շատ արագ է դրսևորվում»,- ընդգծում է նա։

Բժիշկն ասում է, որ այժմ մեծ բեռ է դրված տեղամասային բժիշկների վրա, բայց դա չի արդարացնում, քանի որ համակարգը պատրաստ չէ, բժիշկները պատրաստված չեն, ինչն էլ խնդիրներ է ստեղծում առողջապահության համակարգում։

«Տեղամասային բժիշկները մեծ պատասխանատվություն են կրում, իրենք ժամանակին ոչինչ չեն արել, բացարձակ մեծամասնությունը։ Հիմա լուրջ պատասխանատվություն են դրել, դրանով զբաղվում է միայն շտապօգնությունը։ Իրենց զանգում են, ասում են՝ զանգեք շտապօգնություն, մենք էլ այլ բան չենք կարող առաջարկել, տեղ էլ չկա, ամբողջը կարգավորվում է 8603 համարով։ 

Կարծում եմ՝ տարածվածությունը ահռելի է, եթե ուղղակի վերծանում անեն ամբողջ Հայաստանի շտապօգնության կանչերը, թե որ կանչերն են գերակա, կտեսնեն, որ 80 տոկոսը ջերմությունով է։ Հրաման կա՝ քանի որ զբաղվում են միայն ծանր հիվանդներով՝ շնչարգելություն, ցածր սատուրացիա, բարձր ջերմություն, միայն նրանց մասին տվյալներն են փոխանցվում, թեթև տանողներինը չգիտեն»։

Այդուհանդերձ, խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, այլ հետևել կանոններին, որպեսզի ծանր հիվանդները հիվանդանոցում բուժվելու հնարավորություն ունենան․ 

«Եթե չկա տեղ, դու տանն ես, ու ոչ ոք չի զբաղվում, ռիսկը, որ կբերի ծայրահեղ աստիճանի ու մահվան, բնականաբար մեծ է։ Պետք է պահպանել հիգիենայի կանոնները, մարդաշատ վայրերում երկար չլինել, բարեկամներին չտեսնել»,- նշում է բժիշկը։

Ասում է, որ այս ընթացքում նաև առավել ակնառու խնդիրներ են տեսել առողջապահության համակարգում, և երիտասարդ բժիշկներով գաղափար են հղացել՝ առաջարկությունների փաթեթ մշակել և ուղղել վարչապետին։

«Այժմ համակարգն է թելադրում, թե բժիշկն ինչպես աշխատի, և հասարակությունն ինչպես ստանա բուժսպասարկում: Մենք այն կարծիքին ենք, որ կապը պետք է հակառակը լինի, հասարակությունը իր առաջարկները, բողոքները, դիմումները ներկայացնի, բժիշկները առաջարկներ ներկայացնեն, որ հիվանդի հետ աշխատանքը հեշտ լինի, և լիարժեք մատուցվի բժշկական ծառայությունը»,- «Մեդիալաբին» ասում է բժիշկ Դավիթ Գալստյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am