«Այս փոփոխություններով իզուր տեղը նորից ցնցում ենք դպրոցները․ ցանկացած փոփոխություն պետք է համատեքստի մեջ լինի»․ Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախապատրաստվում, ճիշտ է՝ դեռ վաղ է ամբողջությամբ գնահատել կատարվելիք փոփոխությունները, բայց որքանո՞վ արդյունավետ կլինեն դրանք:

– Եթե այդ փոփոխությունները դիտարկենք օդի մեջ մեկուսացված կաղապար, իհարկե լավ է, բայց մեր ամբողջ խնդիրն այն է, որ ցանկացած փոփոխություն պետք է համատեքստի մեջ լինի։

Ժամանակին, երբ ասում էին, եկեք այնպես անենք, որ դպրոցի տնօրենին ընտրի ծնողը, ուսուցիչը, համայնքի ներկայացուցիչը, դա էլ էր շատ գեղեցիկ գաղափար, բայց բոլորս տեսանք՝ ինչ եղավ վերջում, հիմա նույնը սա է։ Ես չեմ համարում, որ այս պահին ամենակարևոր հարցն այն է, որ մենք դպրոցում պետք է երկու տնօրեն ունենանք և պետք է առանձնացնենք նրանց, մեկը լինի ուսումնական տնօրեն, մյուսը՝ վարչատնտեսական։

Եթե իրավիճակի համատեքստում դիտարկենք՝ սա բավական խնդիրներ է ստեղծելու, կոնֆլիկտներ են լինելու։ Ես, օրինակ՝ պատկերացնում եմ՝ այդ վարչատնտեսական տնօրենը, որը, ինչպես պարզ դարձավ, կարող է լինել մի քանի դպրոցի տնօրեն, ենթադրում եմ՝ փոքր դպրոցները միավորվելու են ու ունենալու են մեկ վարչատնտեսական տնօրեն:

Այս իմաստով, կարծում եմ՝ իզուր տեղը նորից ցնցում ենք դպրոցները, և այս նախաձեռնությամբ մի կողմից խստացվում են դպրոցի ուսումնական տնօրենին ներկայացվող պահանջները, մյուս կողմից՝ իր լիազորությունները նվազում են։ Օրինակ՝ պահանջվում է, որ ինքը ներկայացնի դպրոցի զարգացման ծրագիր, բայց պարզվում է, որ այդ ծրագրի ֆինանսական հատվածը իր ձեռքին չէ, այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում այդ ծրագիրը՝ առանց ֆինանսատնտեսական գործոնների։

Ամենամեծ մտահոգությունը սա է․ լինելու են կոնֆլիկտներ, խնդիրներ, ենթադրում եմ՝ այսկերպ նախարարությունը ցանկանում է վերահսկել դպրոցները, որովհետև վարչատնտեսական գործերով այդ տնօրենն ուղիղ նշանակվելու է իր կողմից։

Պատկերացնում եմ՝ այդ տնօրենները, որոնք տնօրինելու են վարչատնտեսական ռեսուրսը, ինչ իշխանություն են ունենալու։ Իսկ ուսումնական գծով տնօրենին խորհուրդը կարող է անվստահություն հայտնել, շատ խիստ պայմաններ են դրվում, իհարկե, դա լավ է, բայց հիմա հարց եմ ուզում տալ՝ երբ մենք որակ ենք ուզում, իսկ ո՞նց ենք աջակցում, որ այդ որակն ապահովվի։

Մարդուց ինչ-որ բան պահանջելուց առաջ պետք է ինչ-որ բան տաս նրան, մենք նախատեսո՞ւմ ենք տնօրենների աշխատավարձը բարձրացնել, ֆինանսական ռեսուրսներն ավելացնել, թե՞ միայն պահանջում ենք որակ։

– Գործադիրի ղեկավարն ասաց, թե այս փոփոխության նպատակը ուսումնական գծով տնօրենների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է, բայց հիմա դպրոցներում այդ տեխնիկական հարցերով ուսմասվարնե՞րը չեն զբաղվում։

– Չէ՛, շատ քիչ դպրոցներ ունեն ուսմասվար՝ վարչատնտեսական փոխտնօրեն, միայն մեծ դպրոցը կարող է ունենալ: Այո՛, տնօրենները հաճախ են ասում, որ վարչական բեռը շատ է և այլն, բայց դրա լուծման տարբերակն այն է, որ փոխտնօրենի հաստիքն ուժեղացվի, ոչ թե այս կերպ փորձեն հարցը կարգավորել։

Հիշո՞ւմ եք, որ նախարարությունները միացնում էին, տեսակետ կար, թե ինչպե՞ս մեկ մարդը կարող է ղեկավարել հինգ ոլորտ՝ կրթություն, մշակույթ, գիտություն, սպորտ, երիտասարդություն։ Այն ժամանակ ասում էին՝ կարող է, որովհետև մենք կուժեղացնենք փոխնախարարների ինստիտուտը: Հիմա նույն տրամաբանությամբ թող առաջնորդվեն՝ ուժեղացնեն վարչատնտեսական գծով տնօրենի դերը, ու դպրոցներին հնարավորություն տան ունենալ այդպիսի փոխտնօրեններ։

– Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն, փոփոխությունների այս մասը, գոնե ըստ ձեզ, խնդիրները լուծելու փոխարեն նոր խնդիրնե՞ր կառաջացնի։

– Այո՛, հաստատ կոնֆլիկտներ են լինելու, ու հիմա էլ նախարարությունը պետք է փորձի ամբողջ օրը դրանք կարգավորել։

– Ուսուցիչների կամավոր ատեստավորումը ևս այդ փոփոխությունների մաս է կազմում, կարծում եք՝ նախարարությունը հաշվի կառնի՞ արդեն եղած դժգոհությունները ու համապատասխան փոփոխություններով կկազմակերպի՞ ատեստավորման գործընթացը։

– Նախարարությունը, կարծես թե, փորձում է բևեռացնել ուսուցիչներին, այսինքն՝ ասել, ովքեր գերազանցիկ են, կստանան բարձր աշխատավարձ, ովքեր չեն մասնակցի այդ գործընթացին, կստանան ցածր աշխատավարձ: Բայց, գիտեք՝ միշտ կան աշխատանքներ, որոնք չես կարող չափել։

Ենթադրենք՝ դպրոցում ունենք ուսուցիչ, որը շատ լավ կարողանում է կոնֆլիկտներ լուծել, կանխարգելել, այդ ուսուցչին չե՞նք ուզում խրախուսել։

Կարող է ունենանք ուսուցիչ, որն այդ ատեստավորումը գերազանց արդյունքներով հաղթահարել է, բայց աշակերտների հետ լեզու չի գտնում, բայց մենք առաջին ուսուցչին բանի տեղ չենք դնում, հետո բողոքելու ենք, թե ինչու է այսքան սպանություն, ինքնասպանություն լինում։

Դրա փոխարեն ուզում ենք խրախուսել միայն առարկան իմացող ուսուցչի՞ն, որը գուցե նորմալ չի էլ պարապում: Իհարկե սա բոլորին չի վերաբերում։

Ես դեմ եմ, երբ կատեգորիկ ասում են՝ դպրոցում կան լավեր և վատեր, ու պետք է լավերին խրախուսել, իսկ վատերին ի՞նչ ենք անում, իրենք մնում են, չէ՞, այդ համակարգում: Ի վերջո, մենք տարբերակ էլ չունենք այդ մարդկանց գործից հանելու, որովհետև փոխարինողներն ովքե՞ր են լինելու: Կան մասնագիտություններ, որոնց մասնագետներ մենք չունենք, ու շատ դժվար է փոխարինող գտնել: Այսինքն՝ սա մի տեսակ նեոլիբերալ քաղաքականություն է, որը մարդկանց ասում է՝ դե հիմա մրցեք իրար հետ, ով հաղթեց՝ իրեն փող եմ տալու, բայց այդ չհաղթողներն ի՞նչ են լինելու, արդյոք ճի՞շտ է այդքան բևեռացում մտցնել։

Սրանք հատվածական փոփոխություններ են, որոնք չեն կարող արդյունավետություն տալ ամբողջ համակարգին, դեռ մի բան էլ կարող են վնասել ու նոր խնդիրներ առաջացնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am