«Սևանա լճի մակարդակն ինչքան արագ բարձրանա, այնքան լավ, թե մեկի պանդոկը կմնա ջրի տակ էական չէ». Սեյրան Մինասյան

«Սևանա լճի մակարդակն ինչքան արագ բարձրանա, այնքան լավ, թե մեկի պանդոկը կմնա ջրի տակ էական չէ». Սեյրան Մինասյան
«Սևանա լճի մակարդակն ինչքան արագ բարձրանա, այնքան լավ, թե մեկի պանդոկը կմնա ջրի տակ էական չէ». Սեյրան Մինասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փորձագետ, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը։

– Պարո՛ն Մինասյան, Կառավարության նիստում արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարեց, որ այս տարի ջրառից առաջ Սևանի մակարդակը այս պահի համեմատ կբարձրանա 45 սմ-ով։ Որքանո՞վ է դա իրատեսական։

– Եթե Արփա-Սևան թունելը նախկինի նման 240-250 մլն խմ ջուր բերեց, ապա հնարավոր է։ Բացի այդ, այս տարի բավական ձյուն կա Սևանի ավազանում նստած, որը ևս նպաստելու է մակարդակի բարձրացմանը, ուստի հնարավոր է, որ այդքան բարձրանա։ Եղել են տարիներ, որ այդքան բարձրացել է։ Մի քիչ մաքսիմալիստական է ձգտումը, բայց հնարավոր է։ Եթե այդ թիվն ասել են, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը գնահատել է։ Դա սկզբունքորեն անհնար թիվ չէ։

– Իսկ ի՞նչ հարակից երևույթներ կարող է բերել Սևանի մակարդակի այդքան բարձրացումը շրջակա բնակավայրերի, նաև բնության համար։

– Սևանա լճի մակարդակն ինչքան արագ բարձրանա, այնքան լավ։ Թե էնտեղ մեկի պանդոկը կմնա ջրի տակ, թե չի մնա՝ արդեն էական չէ։ Սևանա լիճը ռազմավարական նշանակություն ունի, և պետք է հնարավորինս արագ բարձրացնել ջրի մակարդակը, մանավանդ կառավարության հաստատած գրաֆիկից հետ է մնացել։ Սևանա լիճը այս մակարդակից մոտավորապես 3,5 մետր պետք է ավելի բարձր լինի 2032 թվականին։ Այսինքն՝ այդքան շատ ժամանակ չունենք, մակարդակը պետք է 12 տարում 3,5 մետրով բարձրանա, իսկ դա նշանակում է, որ տարեկան միջինը պետք է բարձրանա 30 սմ-ով։ Հիմա գրաֆիկից հետ է ընկել։

– Գրաֆիկից հետ մնալու պատճառը ամեն տարի, այդ թվում՝ 2018-ին իրականացվող ջրա՞ռն է, որը մեծ աղմուկ հանեց։

– Այո՛, շատ են ջուր բաց թողել Սևանից, և, ըստ էության, այդ բաց թողնողները պատասխան չեն տվել իրենց արածների համար։

– Կարծում եք՝ դրա համար պետք է պատասխանատվություն կրողնե՞ր լինեն։

– Իհարկե պետք է լինեն։ Եթե կառավարությունը մտնում է խորհրդարան, ասում է՝ մենք գնահատել ենք, որ Սևանա լճից հավելյալ ջրառի դեպքում 8 սմ բարձր կլինի նախորդ տարվա ցուցանիշից, հետո պարզվում է, որ 4 սմ ցածր է, այսինքն՝ 12 սմ սխալվե՞լ են։ 12 սմ-ն 140-150 մլն խմ ջուր է, այդքան սխալվե՞լ են, էդ ի՞նչ մասնագետներ են։

Իսկ Սևանի հանձնաժողովի նախագահը զբաղված է պարզապես լեգիտիմացնելով ջրապահանջարկի որոշումները, ոչ մի պատասխանատվություն չի կրում իր որոշումների համար։ Ես Ազգային ժողովում քննարկման ժամանակ հասցրի հարց ուղղել, թե ո՞վ է պատասխան տալու, եթե հայտարարել եք, որ 8 սմ ավելի է լինելու, 4 սմ ցածր է եղել։

Ասեց՝ բոլորն էլ գիտեին, որ մինուս է գնալու, ոչ մեկն էլ պատասխան չի տալու։ Հասկանո՞ւմ եք, դա ի՛նչ է նշանակում։ Դա եղել է նախկին իշխանությունների ժամանակ։

– Կառավարության նիստում բերված 45 սմ թվի մեջ չափազանցություն չկա՞, հաշվի առնելով, որ թե՛ 2017-ին, թե՛ 2018-ին նախատեսվածից բավական չափով հավելյալ ջրառ է իրականացվել Սևանից։

– Եթե տարին ձնառատ է, ձյան ծածկույթը գնահատել են, Արփա-Սևան թունելի շինարարությունն էլ այս տարի ավարտվել է և այս տարի լիարժեք կարող է աշխատել, այդ նիշին հասնել հնարավոր է։

– Իսկ ընդհանրապես, Սևանի նկատմամբ պետության մոտեցումը ինչպե՞ս եք գնահատում։ Նոր իշխանությունները նախորդի համեմատ ա՞յլ մոտեցում են որդեգրել։

– Դա չեմ կարող ասել, որովհետև դեռ ոչինչ չի եղել, որ երևա։ Ընդհանրապես, մենք շատ վատ ենք վերաբերվում Սևանին։ Ոչ մի նվաճող Սևանի հանդեպ այդպես չի վերաբերվել, ինչպես մենք ենք վերաբերվում։ Ջրպետկոմը Սևանը դարձրել է իր համար ջրի բաք, երբ ուզում, որքան ուզում՝ բաց է թողնում։

– Այսինքն՝ Սևանի նկատմամբ վերաբերմունքն ու մոտեցումը պետք է փոխվե՞ն։

– Սևանա լիճը պետք է բարձրացնել հնարավորինս արագ և հնարավորինս բարձր։ Այդ 1903,5 մետրն էլ իրականում պետք է լինի 1903,7, որովհետև այդ 20 սմ-ն արհեստական են իջեցրել։ Վերահաշվարկ են արել Բալթիկ ծովի նիշի հետ կապված, բայց դա չէ սահմանը։ Սևանա լիճը պետք է բարձրացնել այնքան, որքան հնարավոր է։ Ընդ որում, եթե պետք է, թող դա 50-100 տարում տեղի ունենա, դա պետք է ազգային ծրագիր լինի։ Եթե անհրաժեշտ է, պետք է շրջակա բնակավայրերը հանել ու լիճը բարձրացնել։
Սևանա լիճը եղել է 58,5 մլրդ խմ, իսկ հիմա 38 մլրդ խմ է։ Իսկ 58 միլիարդը նշանակում է, որ անհրաժեշտ, կրիտիկական պահին լճում կարող է լինել 40-45 հազար տոննա ձուկ։

Պատերազմի ժամանակ Սևանում կար 25 հազար տոննա ձուկ։ Այդ ձուկը պահեց մեր բանակը 1992-1994 թվականներին։ Բացի այդ, երբ Հայաստանը շրջափակման մեջ էր, Սևանի ջուրն էին բաց թողնում, որ հոսանք ունենայինք, գոնե պաշտպանական արտադրանք տվող գործարաններն ու շտաբներն աշխատեին։ Բա մենք չունենա՞նք մեր ռազմավարական պաշարը։ Սպառողի հոգեբանությամբ ուղղակի վատնում են, ու ոչ մեկը դրա համար պատասխան չի տվել։

Մանե Հարությունյան

MediaLab.am